Reignation

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Reignation

Վահան Տերյան


RESIGNATION


Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք։

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք…