Այս անմխիթար սգվոր օրերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս անմխիթար սգվոր օրերին

Հակոբ Հակոբյան


Այս անմխիթար սգվոր օրերին


Այս անմխիթար սգվոր օրերին,
Դու ի՛նչ երգեցիր, պոետ, քո ազգին,
Մահից խուսաբած անթիվ որբերին,
Որքա՛ն զոհեցիր, հա՛րուստ, քո ոսկին։

Այս անմխիթար, սգվոր օրերին,
Հոգևո՛ր հայրեր, ո՞ւմ սփոփեցիք,
Կամ քանի՞ անգամ գաղթականներին
Դուք հաց տվեցիք ― պատսպարեցիք։

Գարուններ անցան ու վերադարձան,
Ծիծառը եկավ նորոգեց իր բույն,
Բոլոր էակներ մուրազին հասան,
Կյանքի կարոտեց համայն բնություն։

Երգիչը միայն կախեց կրծքին քար,
Լռության մատնեց բողոքող քնար․
Հարուստը փակեց սնդուկի բերան,
Որ էլ չըլսե թշվառի շիվան․
Հոգևոր հայրն էլ փակված խուցի մեջ,
Ապիկար ու ծույլ նիրհում է անվերջ․․․


1891