Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրանցից ոչ մեկի անունը չի կապված երազների, բամբասանքների, այլատեսակ շաղակրատությունների, դատարկապորտ թափառումների և ժամանակի վատնման հետ, ինչպես այս փողոցն է, որի նկարագրությունը հիմա կանենք, ապա կպատմենք մի ուրախառիթ դեպք և նրա հետ կապված մի անանուն մարդու եղերական վախճանը։

2

Տները նշմարվում են առավոտի մշուշով, լապտերների լույսը աղոտանում է։ Չի շարժվում և ո՛չ մի տերև, ո՛չ մի ծառ։ Ամեն ինչ քնած է լուսաբացի խոր քնով։ Հոգնած ձիերը պառկում են տաք աղբի վրա և վզները երկարում։ Այդ նշան է, որ շուտով կբացվի առավոտը։ Հեռվի ճահճուտներից լսվում է գորտերի կռկռոցը, որ ավելի վեհաշուք է դարձնում լուսաբացի խորհրդավոր երկունքը։ Լուսինը ջրային շուշանի նման լույս տալիս տիեզերական օվկիանոսում։ Իսկ աստղերը սկսում են անէանալ, որովհետև վաղուց է ասված՝ «երևելն արեգական անէանան աստեղունք»։

Ահա ճահճուտներից բարձրանում է տաք գոլորշին, որ դողդողում է շատ բարձրերում։ Մի րոպե, և սառը հոսանքը ցած է իջնում։ Արդեն խշշում են բարդիների բարձր կատարները, իսկ ներքևի ճյուղերը, խավարի մեջ, դեռ անշարժ են։ Ապա լուսավորվում են վերևի ճյուղերը, տերևները դողում են և դողը կամաց-կամաց սահում է ցած։ Կարծես մի խավար քող ընկնում է ծառերից և նրանք հագնում են ծիրանի շապիկ։ Փողոցը դեռ նիրհում է։ Լուսադեմի զովից քաղցր նինջ է իջնում ժամապահ միլիցիոներների վրա, որոնց սև սիլուետներն ընդունում են զանազան դիրք։ Ահա մեկը հենվել է հեռագրասյունին և անշարժ է, ինչպես սյունը։ Մյուսը ծեր գրենադիրի նման կռթնել է հրացանին, երրորդն անշարժ նայում է առվի ջրին, որ նրա համար երգում է սեր և խնդություն։ Վաղ առավոտյան ո՞վ գիտե, որ Շուշանն է միտն ընկել։ Չորրորդն արձանի պես է, որպես ահեղ մոնումենտ՝ ճանապարհի մեջտեղը։ Մի խոսքով լուսաբացին փողոցը նման է զինվորական արձանների հաղթական ալլեյի։

Գետի երեսով արդեն փչում է սառը հոսանքը և խոնավանում է գետինը։ Փողոցի ծայրին երևում է անտիրական մի շուն, որ դունչը վեր ցցած քշում է ուղիղ ներքև։ Նրա քթովն է ընկել ինչ-որ քաղցը բույր, որ մեյդանի կողմից բերում է քամին։

Ահա լուսավորվեցին այս փողոցի ծառերը, որոնց գեղեցկությունը