Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ա կնիկ, կերակուրն էսօր աղի է...

Սակայն այդ չէր մտքինը։ Այդ ավելորդ խոսք էր, հենց այնպես։

Մռայլվում էր Իվան բեյի դեմքը, ասես թունդ հարբելուց հեաո քնել էր խոր, ինչպես առաջ, և զարթնել թթված դեմքով։

Առաջ վա՜յ եթե մեկն այդ ժամանակ նրան խնդիրք աներ։ Քիթ ու մռութը կծռմռեր, կխոսեր կոշտ ու բարձրաձայն, իսկ դիմացինը՝ մի գյուղացի անօգ, գլխաբաց, գդակը թևի տակ, կկռանար, գլուխ կտար ձեռքերը կրծքին, ինչպես պառավ կանայք են կանգնում գյուղի եկեղեցու սևացած խաչքարի առաջ։

Մռայլվում էր դեմքը և էլի հին հարցն էր տալիս իրեն, ծանոթ հարցը, որ կրծում էր նրա ուղեղը, ինչպես որդն է կրծում տերևը կաղամբի։

Ինչպես եղավ, որ աշխարհը այսպես փոխվեց, ո՞ւր գնացին երջանիկ օրերը երբեմնի, երբ սանգուղում զրնգում էր ոսկին, ամեն օր գառ ու յուղ էր ընծա ստանում գյուղերից, քայլերը հաստատ էին, կեցվածքը հպարտ։

Ի՞նչպես եղավ... Հարցնում էր, ճգնում շաղկապել երբեմնին՝ գառ ու յուղով, այսօրվա ոսկրոտ մսի հետ, բայց թելը կտրվում էր, ծայրերը ձեռքից բաց ընկնում։

Եվ Իվան բեյին այնպես էր թվում, թե երբեմնին է երազ, բայց միտն էր բերում արխիվում տեսած թուղթը դեղնած, մգլոտած ու հաշիվ չէր կարողանում տալ ինքն իրեն, թե ինչու առաջ, այն լի օրերին իր մտքով երբեք չէր անցնում այսօրվա օրը։

Մի կասկած օձի պես աննկատ սողում էր, սրտի մեջ կծիկ դառնում, մի ծանր կասկած, թե խանգարված է միտքը իր, մաշվել է մեքենան, շարժումները անկանոն են, ընդհատ։ Խառնվել է գլխում հին ու նորը, միտքը սառել է ձյունի տակ մնացած դդումի պես, էլ երբեք չպիտի իմանա, թե ինչ է բերում օրը վաղվա։

Սոսկում էր Իվան բեյը իր մտքից ահավոր, կծկվում էր, կուչ գալիս ինչպես հավը հավաքից հեաո, առնում էր ուսին հնամաշ վերարկուն, գլուխը կախում էր կրծքին, աչքերը կիսախուփ անում և ակնապիշ նալում մի կետի։

Այդ օրերին նա հնամաշ ժուռնալին էլ չէր նայում։

* * *

− Մամա՛, ավթանաբիլ...

Եվ փոքրիկ ու փայլուն ավտոն, փափուկ անիվների վրա վի արև առավոտ սահեց քաղաքի փողոցով, կանչեց զիլ և կանչեց անսովոր։ Ծառի