Կա մի գյուղ՝ քսան երդիկով, անունը Դրմբոն։ Առավոտ ծեգին քսան երդիկից ծուխ է բարձրանում, կրակը թանով ապուրն է տաքացնում։
Դրմբոնը ձորեր ունի դրնգան, սրածայր քերծեր, մի-մի շիշ փափախ, և ձորում դրնգան էշի զռռոցը զիլ արձագանք է տալիս՝ դմբ-դմբ դրնգան։ Եվ երբ ձորերում արձագանքը մի ապառաժից մյուսին է խփում, այծերը քարի ծերպին նոսր մացառի կանաչ տերևները չեն ուտում, խլշած նայում են ներքև, ձորի անդունդին և մկկում։
Կա մի գյուղ՝ Դրմբոն, ճանապարհից հեռու, առանց դպրոցի, Դրմբոնում մի տերտեր՝ տեր Մարուքը խնուսցի։ Երբ «փաշայի» գաղթականության ալիքը պղտոր, տարիներ առաջ լափին տվեց Դրմբոնի ձորերին և հեռացավ, պղտոր ալիքը դրնգան ձորերում թողեց մի տաշեղ՝ խնուսցի տեր Մարուքին։
Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ»։ Եվ այդ կտորը տեր Մարուքն էր, որ ընկավ Դրմբոնի պոչին։
Մի ամիս, երկու ամիս հիվանդանում է տեր Մարուքը, հետո տեղը լայնացնում, դառնում Դրմբոնի ծխատեր քահանա։ «Մենք քեզ հոտ, դու մեզ հովիվ», ասում են դրմբոնցիք։ Տեր Մարուքը երջանիկ օրերում է ապրում, խժռում, ինչպես թրթուրը կաղամբի համեղ տերևը,