Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Անվանի վիպագիր-արձակագիր լինելուց բացի, Աղայանը նաև բանաստեղծ է, գերազանցապես մանկական բանաստեղծ, թեև նրա բանաստեղծական երկերը հետաքրքրությամբ կարդացել ու կարդում են նաև հասակավորները:

Առաջին բանաստեղծությունից հետո Աղայանը մի ամբողջ քսանամյակ (1862—1881 թթ.) այլևս ոտանավորներ չգրեց, եթե չհաշվենք, «Արություն և Մանվել»-ում եղած չափածո կտորները: Այդ ժամանակամիջոցում նա հանդես է գալիս որպես արձակագիր, դրան զուգահեռ մեծ եռանդով զբաղվում մանկավարժական բազմակողմանի աշխատանքով ու հրապարակախոսությամբ: Եվ հենց մանկավարժական գործունեության ամենաբեղմնավոր տարիներին, մեծ մանկավարժը խորապես զգաց մանկական գրականության պակասը, հանգեց նոր մանկական գրականություն ստեղծելու անհրաժեշտությանը:

Աբովյանից սկսած մինչև Պատկանյանը ներառյալ, հայ մանկական գրականությունն ապրել է նախապատրաստական շրջան: Աղայանն է, որ լայնացնում ու խորացնում է հայ մանկական գրականության ճանապարհը դառնալով ամենախոշոր մանկական բանաստեղծը, որի ստեղծագործությամբ կրթվել ու դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ:

Աղայանի ինքնատիպությունը, որպես բանաստեղծի, այն է, որ նա հմտությամբ միացնում է՝ մանուկների համար անհրաժեշտ ու հետաքրքրական նյութի հաջող ընտրությունը, գրվածքի գեղարվեստական մշակման, արտահայտչական ձևերի մատչելիության ու գրավչության հետ:

Աղայան-մանկավարժի դաստիարակչական գաղափարներն ու սկզբունքները և Աղայան-բանաստեղծի ստեղծագործական մտահղացումները այստեղ հանդես են գալիս ներդաշնակ միասնությամբ: Նրա բանաստեղծություններն իրենց գրավիչ պատկերավորությամբ և հուզականությամբ՝ մանուկներին գեղարվեստական հաճույք պատճառելով, նրանց մեջ գործուն հետաքրքրություն են զարթեցնում կյանքի ու բնության նկատմամբ, միաժամանակ և իմացական, կրթսկան-դաստիարակչական նշանակություն ունեն:

1882 թվականին լույս տեսավ Աղայանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ հետևյալ բնորոշ վերնագրով. «Սրինգ-հովվական, երգեր, ոտանավորներ և առակներ, ընթերցասեր մանուկների համար՝ տանը և ուսումնարանումը»:

Խ. Աբովյանն ու Ռ. Պատկանյանն իրենց մանկական ստեղծագործությունների համար իբրև ընթերցողներ նկատի են ունեցել գերազանցապես դպրոցականներին: Իսկ Աղայանը նրանց հետ միասին նկատի է ունեցել նան նախադպրոցականներին:

Բնությունն իր ալլևայլ երևույթներով և բնության հետ սերտորեն կապված գյուղացիական կյանքը, գյուղի աշխատանքային առօրյան,— ահա Աղայանի մանկական բանաստեղծությունների հիմնական նյութը:

Աղայան-մանկավարժն այն ճիշտ հայացքն ուներ, ըստ որի հատկապես նախադպրոցական երեխաների համար խաղը ինքնաճանաչության, ինքնուրույն