Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, որոնք շարժում էին նրա հետաքրքրությունը։ Սակայն ոչ մի անգամ չէր պատահում, որ տերտերն ասեր, որ այդ բանի մասին տեղեկություն չունի ինքը։ Նա ամեն բան գիտեր, այսինքն հավատացած էր, որ գիտե։ Եթե օրինակ՝ Արությունը հարցնում էր երկնային մարմինների մասին, արեգակի, լուսնի, աստղերի, տեր հայրը պատասխանում էր, որովհետև Գրիգոր լուսավորիչը և Բարսեղ Կեսարացին մի հարց ու պատասխանով լուծել էին այդ խնդիրը։ Եթե խնդիրը վերաբերում էր այն կյանքին, այդ ավելի պարզ էր տերտերի համար, քան թե այս կյանքը. «արդարոց կյանք հավիտենական և մեղավորաց տանջանք հավիտենական»։ Այսպիսով ահա Արությունը տերտերի բոլոր փիլիսոփայությունը սովորեց և ինքն էլ դարձավ մի փոքրիկ փիլիսոփա, մեծ բաներ գիտցող, փոքրիկ բաներին անտեղյակ։ Հայոց պատմագիրներին ծանոթ չէր տեր հայրը, նա չէր տեսել և ոչ կարդացել Խորենացի, Եղիշե, Փարպեցի, Եզնիկ, Դավիթ և այլն, այդ պատճառով՝ ազգ, հայ, հայրենիք, Հայաստան բառերը Արությունի ականջին չդիպան ոչ մի օր։ Խոսք էր լինում միայն հայոց կրոնի մասին, և տերտերն ասում էր՝ «աշխարհիս երեսին միակ ճշմարիտ կրոնը հայոց կրոնն է, բայց հայերն իրանք անմիաբան ազգ են, դրա համար էլ կորցրել են իրանց թագավորությունը։ Հայոց թագավորները շատ գոռոզ են եղել, շատ ամբարտավան, ձիով են եղել գնալիս եկեղեցի։ Անի քաղաքացիք էնքան գոռոզացել են, որ ծաղրում են եղել բոլոր վարդապետներին։ Ասում են՝ եթե գալիս էր մի երկայնահասակ վարդապետ, նրա առջև դնում էին շատ ցածր գրքակալ, որ վարդապետը կռանա, և իրանք ծիծաղեն, իսկ եթե կարճահասակ էր լինում, բարձր գրքակալ էին դնում, որ վարդապետը վեր-վեր ձգվի։ Մեկ անգամ էլ ահա էդ վարդապետներից մինը անիծեց, ու քաղաքը քանդվեց իսկույն երկրաշարժով։ Հիմա էդ քաղաքը կա, բայց ոչ ոք չի կարող բնակիլ այնտեղ, որովհետև «անիծված է»։

— Ափսո՜ս,— ասում էր Արությունը, սաստիկ բարկանալով ամբարտավանություն անողների վերա և ընկնում էր մի խորին և անբացատրելի տխրության մեջ։