Էջ:Muratsan, vol. 1.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերնարը,— ես, մի գին ասացի, վերջացրի. Կամենո՛ւմ եք, տվեք` չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ չունիմ։

— Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք,— վստահությամբ հարցրավ Սալոմեն։

— Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչո՞ւ համար իզուր տեղը ժամանակ եք վատնում։ Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը։

Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար, Սալոմեն մնացել էր շվարած։

— Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ,— գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության։ Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ։

— Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան,— հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին։

— Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու,— հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ։

Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց։

— Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը։ — Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի֊մի հատ։

Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները։ Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում։

— Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, — կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ։

— Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես,— ավելացնում էր