տրոփել, այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին։ Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից։
Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին...
Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ։ Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կարելի էր եզրակացնել, որ մի ինչ֊որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա։
— Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող,— համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին,— ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ։
— Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ. բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ։ Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է։ Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս։ Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը։
Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց։ Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում։ Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:
— Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող,— վճռաբար խոսաց տիկին