Էջ:Muratsan, vol. 5.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՛ խոսիր այդ մասին, բեկ։ Եթե տասն անգամ ավելի երկարացնեիք իմ կյանքը, քան որքան վիճակված է ինձ ապրել և ընդ նմին շրջապատեիք ինձ այն արքայական բարիքներով, որ վայելում է Իրանի հզոր գահակալը, ես դարձյալ իմ հավատը չի պիտի ուրանամ, անարգանաց այդ աստիճանին ոտք չի պիտի դնեմ։

— Քեզ մնում է վերջապես մի երրորդ ճանապարհ...—այս ասելով Շահռոլխը մոտեցավ երեցին և կամացուկ ձայնով շշնջաց նրա ականջում—խելոք եղիր. մի՛ համառիր. տուր ինձ նրան, զոհիր նրան և դու կփրկվիս...։

— Հեռացիր, բեկ, դու քո թագավորի ամենաարժանավոր ծառան ես... ես ավելի սիրով իմ տանջանքները կտանեմ՝ քան քո պիղծ շունչը, որ մոտենում է ինձ...

— Գետին գլորեցեք և ջարդեցեք այդ անզգամի համառ ոսկորները. ով չէ ուզում մարդու պես ապրել, նա շան պես պիտի սատկի, գոչեց Շահռուխը կատաղությամբ և դահիճները գետին տարածելով թշվառ երեցին, սկսան գանակոծել նրան անգթաբար։

Չնայելով որ բանտը գտնվում էր ավանի մի հեռավոր անկյունում, այսուամենայնիվ, այդ օրն էլ ժողովված էր այդտեղ մեծ բազմություն, որ ներկա եղավ երեցի տանջանքներին, լսեց նրա արձակած աղիողորմ ձայները, սիրտ կտրատող մռնչյունը, հուզվեցավ, արտասվեց և սակայն յուր ցասումը արտահայտել չհամարձակեցավ, որովհետև տեսավ որ սուսերամերկ զինվորները փոքրիկ առթի են սպասում յուր վրա հարձակվելու։

Եվ երեցին գանակոծելուց դադարեցին այն ժամանակ, երբ խեղճի ձայնը բոլորովին կտրվեցավ։ Ապա նորեն շղթայի զարնվելով՝ կիսամեռ վիճակի մեջ բանտը տարին նրան։

Իսկ այնուհետև, գրեթե ամեն օր դուրս էին բերում նրան նույն հրապարակը և միևնույն ձևով ստիպում որ յուր գործակիցների անունները հայտնե, կամ քրիստոնեական հավատը ուրանա։ Երեցը, ինչպես միշտ, մնում էր անհողդողդ: Ուստի և նորեն գանակոծում ու նորեն բանտ էին տանում։ Նրա մարմինը թեպետ արդեն ծյուրվել, ուժազուրկ էր եղել և մի զորեղ հարվածից կարող էր անշնչանալ, բայց նրա