Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկանց և հրամայիր գանակոծել նրանց հրապարակով։ Թող այնուհետև հայերը մի մարդու փոխարեն` շատերի սուգը պահեն։

— Իսկ թե չխոստովանե, տեր իմ,— հարցրեց բեկը։

— Ձաղկել կտաս նրան ամեն օր, մինչև որ նա կստիպվի կամ ճշմարտությունը խոստովանել, կամ հավատն ուրանալ և կամ, վերջապես, հարվածների տակ կմեռնի։

Գողին մութ գիշեր էր հարկավոր և տրվեցավ: Հետևյալ առավոտ Շահռուխն շտապեց դեպի բանտ: Նա դուրս հանեց երեցին զնդանի հրապարակը, ուր պատրաստ կեցած էին ոչ միայն վարոցավոր դահիճներն, այլև մի վաշտ զորք, որ պաշտոն ուներ ամբոխի խառնակության առաջն առնելու, եթե այն տեղի ունենար։

— Եկա քեզ հայտնելու շահի բարի կամքը, ասաց Շահռուխը երեցին, երբ կանգնեցրին նրան յուր առաջ.— նա գթացավ քեզ վրա և կամենում է որ դու անպատճառ ազատվիս թե կապանքներից և թե զնդանից։

— Շնորհակալ եմ, թող աստված երկար կյանք պարգևե նրան, — պատասխանեց երեցը կիսաձայն։

— Բայց նա ցանկանում է որ կապանքներից ազատվելուցդ առաջ հայտնես նրան այն մարդկանց անունները, որոնք գործակից եղան քեզ աշակերտների գլուխները գերծելու գործում։

Երեցի գունատ շրթունքները շարժվեցան և նրա դալկահար դեմքի վրա խաղաց մի սառն ու արհամարհական ժպիտ։

— Այս անգամ, անշուշտ դու խելոք կլինիս և ուրիշների պատճառով չես մատնիլ քեզ նոր տանջանքների,— հարեց Շահռուխը։

— Հրամայիր, բեկ, որ նորեն տանջեն ինձ... ես իմ ասելիքը ասել եմ արդեն շահի առաջ։ Ես գործակիցներ չունիմ։ Մի՛ հուսաք բնավ թե մատնության գնով կհոժարիմ երբևիցե ազատել ինձ տանջանքներից։

— Եթե գործակիցներդ քո բարեկամներն են և դու խնայում ես նրանց, դու ազատության ուրիշ ճանապարհ ունիս. թողիր կրոնդ և դարձիր մեր հավատին։ Այդ քայլը կբախտավորեցնե քեզ։