Էջ:Muratsan, vol. 6.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց մինչ այդ դեռ հարկավոր էր իմանալ, թե ի՞նչ ընդունեւություն է գտել իմ հոդվածը քաղաքի մեջ, կամ ի՞նչ ազդեցություն է արել նա ընթերցող հասարակության վրա։

Այդ վայրկենին, որ ոտքս դրի քաղաքի հրապարակում, ինձ այնպես թվաց, թե բոլոր մարդիկ աչքերնին սևեռեցին ինձ վրա, իսկ շատերը նրանցից հարգանքով բարևեցին։ Ես, իհարկե, չնայեցի ոչ ոքին և առաջ էի դնում հաստատուն քայլերով ու «հատուկ թղթակցին» վայել լրջությամբ։

Օրը տոն լինելով` դպրանոցի վարժապետական խումբն ևս այդտեղ էր։ Ես, իհարկե, միայն դրանց կարող էի մոտենալ, իբրև փոքր ի շատե ինտելիգենտ մարդկանց։ Իմ ողջույնին ամենքը պատասխանեցին սիրով և քաղաքավարությամբ։ Իսկ իմ հարցին թե` ի՞նչ նոր լուր կա, Ճաճուռյանն ասաց.

— Լուր չէ, այլ մի ամբողջ պատմություն... «Հնձվորի» այստեղի թղթակիցը գլխի վրա է դրել ամբողջ քաղաքը։

— Ինչպե՞ս, ի՞նչ է գրել,— հարցրի ես կեղծ անգիտությամբ։

— Օ, պետք է կարդաք, բառերով պատմել անկարելի է։

— Այսուամենայնիվ։

— Ասում եմ անկարելի է, է՛լ թղթակից պտրողներ, էլ առաջնորդ, է՛լ քահանա, է՛լ կուսակցական անարդարություն և այլն, և այլն չէ մնացել, բոլորն հրապարակ են հանված:

— Եվ լավ է գրված։

— Փառավոր. «հատուկ թղթակցի» գործ է։

— Ուրախ եմ, որ հավանում եք,— ասացի ես ժպտալով, Ճաճուռյանն իսկույն բռնեց ձեռքս և քաշելով ինձ մի կողմ, հուզված ձայնով հարցրեց.

— Մի՞թե դուք եք գրողը։

Ես զարմացա նրա նուրբ հոգեբանական ընդունակության վրա։

— Ինչո՜ւ համար եք այդպես կարծում— հարցրի ժպտալով։

— Օ՜, մի ծածկեք, խնդրում եմ, հայտնեցեք ինձ ճշմարտությունը, ես գաղտնապահ կլինեմ այնպես, ինչպես գերեզմանի քարը՝, որ ոչ ոքի չի ասում, թե ո՞վ է յուր տակ պառկած։

— Ս՜ս․․․ կամաց խոսեցեք, ի սեր աստծո, — զգուշացրեցի ես։