Էջ:Muratsan, vol. 6.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր աստվա՜ծ. մի՞թե ճշմարիտ էր. աչքերիս չէի ուզում հավատալ... Այդտեղ, այդ երկրորդ երեսում տպված էր, բայց ոչ, լույս էր տեսած, կամ ավելի ճիշտ ասած հրատարակված էր իմ թղթակցությունը․․․։ Առաջին անգամ, որ աչքս ընկավ ՀԱԿՕ-ի վրա, քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեի... ուրեմն դա երազ չէր և ոչ էլ ցնորք։ Այո' դա իմ թղթակցությունն էր տպված հայոց ազգի պարծանք «Հնձվորում»։ Եվ ես սկսա կարդալ։ Բայց, ո՛վ զարմանք, ուրախությունն այնքան էր շշմեցրել ինձ, որ ամենից կարևորը, իմ ներկան ու ապագան փառավորողը դեռ չէի տեսել։ Իմ հոդվածի սկզբում, «Նամակ խմբագրության» վերնագրի տակ, փակագծի մեջ նոտր գրերով տպված էր «Հատուկ թղթակցից»... Հասկանո՞ւմ եք, հատուկ թղթակցից, ուրեմն ես, Հովսեփ Ավետիսյան Օհանյանցս, կամ ըստ անվանակոչության Հ ա կ օ-ս, «Հնձվորի» «հատուկ», կամ որ նույնն է ասել «պաշտոնական» թղթակիցն էի։ Եվ այս պատվաբեր կոչումը ոչ մի մահկանացու չէր կարող այլևս խլել ինձանից, որովհետև դա արդեն հաստատված, սրբագործված էր տպագրված տառերով ճշմարտության պաշտպան և ընդհանուր աշխարհին հայտնի «Հնձվոր» լրագրում... Ընդհանուր աշխարհին հայտնի եմ ասում, որովհետև նրա ճակատին պարզ գրած էր թե «արտասահմանից մեզ դիմում են հետևյալ հասցեով Tiflis, Rédaction «Hindzvor». կնշանակե արտասահմանում նա հայտնի էր ամենքին։ Այդպիսով, ուրեմն, ես էլ դառնում էի աշխարհահռչակ, իմ անունն էլ այնուհետև պիտի կարդացվեր ոչ միայն Կովկասում ու Ռուսաստանում, ,այլև Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում...

Վերջապես այդպիսի հուզումների և հոգեկան ամենաքաղցր գրգիռների ազդեցության տակ ես կարդացի իմ թղթակցությունը մի քանի անգամ, հիացա, հափշտակվեցի և ապա «Հնձվորը» սրտագին համբուրելով դուրս եկա տանից։

Հասած լինելով արդեն այսպիսի բարձր աստիճանի, ես, իհարկե, պիտի աշխատեի այնուհետև հեռու պահել ինձ հասարակ ամբոխից և գտնվել մշտապես որոշ բարձրության վրա: