Էջ:Muratsan, vol. 6.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բա էն արարած աշխարհի տեր թագավորը մեր Չըբըխլուին հվանել ա, էդ դու ո՞նց չես հվանում։

— Ո՞ր թագավորը,— հարցրեց Պետրոսը։

— Հանգուցյալ Նիկոլայ Պավլիչը, բա մանում չե՞ս։

— Ո՞նց է հավանել, չեմ իմանում։

— Ընենց ա հվանել, որ եկել ա մի գիշեր ըստեղ կացել։

— Այդ ես չգիտեմ։

— Բա խի չես գիտում, հուսում որ առնըմ եք, ըսենց բաներ կարթըմ չե՞ք։

— Այդ մեկը չեմ կարդացել։

— Դե հեն ա, ասա, մենծ բաները թողնում եք, պուճուր բաները կարդըմ լի՞,— նկատեց քահանան, իբր թե կամենալով ստացած վիրավորանքի փոխարենը հատուցանել։

— Դա մեծ բան չէ, մի հասարակ տեղեկություն է,— նկատեց երիտասարդը։

— Բա որ մենծ բան չի, խի՞ հրեն Սևանա սուրբ Աստվածածնի եղցու գավթումը գրած կպցրած ա թե՝ «37 թվին, հոկտեմբերի 6-ին, չորեքշաբթի օրը մեծազոր կայսր Նիկոլայ Պավլիչը եկել ա մեր Չըբըխլումը մին գիշեր կացել»։

— Կարող է պատահել։

— Ո՞նց թե կարող ա պտահել, քե ասըմ եմ պտահել ա, բա հայեվար չեմ ասը՞մ։

— Հավատում եմ, էլի։

— Բա որ հվատում ես, խի՞ մեր գեղին հավան չես կենում։

Կամսարյանն այս անգամ չկարողացավ ծիծաղը զսպել և վեր կենալով տեղից, ասաց.

— Դե որ այդպես լավ գեղ ունեք, տարեք ինձ ցույց տվեք։

— Լավ, գնանք,— ասաց տեր-Վանին և վեր կացավ տեղից։ Տանուտերը նույնպես ընկերացավ նրանց։