Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛։ Խո անհանգիստ չէի անի քունդ, մանավանդ որ տեսնում էի՝ ուշ ես պառկել քնելու, որովհետև եթե վաղ պառկած լինեիր, ինչքան էլ արբած լինեիր, դարձյալ ժամանակ կգտնեիր հանվելու և դուռը փակելու։ Բայց այդ չէ, Արսեն․ ահա ինձ ինչ է հետաքրքրում։ Այս ի՞նչ է։

Նա վերցրեց սեղանի վրայից մի թուղթ և ցույց տվեց Զազունյանին։

Զազունյանը նայեց և ցնցվեց․ կնոջ նամակն էր, որ թողել էր սեղանի վրա և որի գոյությունը բոլորովին մոռացել էր։

— Ի՞նչ է, — հարցրեց նա իր կողմից, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։

— Այս նամակը։ Ներիր, որ հետաքրքրությունս չկարողացա զսպել և կարդացի։ Ո՞ւմն է գրած։

— Ինձ։

— Ո՞վ է գրել։

— Կինս։

— Դու կի՞ն ունես։

— Ունեի։

Զաքարը զարմանքից ապուշ կտրած՝ նայեց Զազունյանի աչքերին։

— Հետո, այստեղ մի անուն կա,— ասաց նա, նայելով նամակին։ Անուշ... ո՞վ է։

— Աղջիկս։

— Ուրեմն դու համ կին ես ունեցել, համ աղջիկ։

— Այո։

Զաքարը նամակը դրեց սեղանի վրա և ձեռքերը զարկեց իրար։

— Ահա թե ում համար է ասված՝ մարդը գիշերից էլ մութ է,— ասաց նա։— Երբեք մտքովս էլ չեմ անցկացրել, թե դու կարող ես ամուսնացած լինել և զավակ ունենալ։ Իսկ դու ինչո՞ւ էիր այդ բանն ինձնից ծածկում։ Դու մի ամբողջ ռոման, մի ամբողջ պատմություն ես ունեցել և ինձ ոչ մի խոսք չես ասել։ Այդ ներելի՞ է քեզ, մեր բարեկամությանը, մեր եղբայրությանը։ Ապա ի՞նչպես չնեղանամ քեզնից, ի՞նչպես չնեղանամ։ Է՜հ․․․

Նա ձեռքը թափահարեց և նստեց սեղանի մոտ։