Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջև է ընթացել «Հազարան բըլբուլի»՝ մեզ հասած ավարտուն և սևագիր հատվածների վրա կատարված հիմնական աշխատանքը։

Ի մի բերելով վերը շարադրված նկատառումները, Թումանյանի պոեմների ժամանակագրության պատկերը կարելի է ներկայացնել այսպես (խմբագրության կողմից դրվող թվականները վերցված են սուրանկյուն փակագծերի մեջ).

Մարոն-1887

Լոռեցի Սաքոն-<1889-1902>

Ալեք-1889

Մեհրի-1890

Մերժած օրենք-1890

Հառաչանք (հատվածներ)-<1890-ական թվականներ>

Անուշ-<1901-1902>

Դեպի Անհունը-1894-<1903>

Պոետն ու Մուսան-<1900-1901>

Հին կռիվը-<1902-1906>

Սասունցի Դավիթը-1902

Սասունցի Դավիթը, 2-րդ մասի սկիզբը-<1904>

Թմկաբերդի առումը-<1902-1904>

Հազարան բըլբուլը (հատվածներ)-<1898-1914>

Այս ժամանակագրական դասավորությամբ էլ Թումանյանի ինքնուրույն պոեմները տեղ են գտել սույն հրատարակության 3-րդ և 4-րդ հատորներում։


3

Բացի թվարկված պոեմների հիմնական բնագրերից, ներկա հրատարակության մեջ ավելի լրիվ և ամբողջական ձևով, քան նախկինում, հրապարակվում են այդ երկերի բոլոր պահպանված տարբերակները, վաղ շրջանի խմբագրությունները, սևագիր և անավարտ հատվածները։ Մեզ հասել են այդ նյութերի մի մասը միայն, շատերը ոչնչացվել են հեղինակի կողմից կամ կորել են անբարենպաստ հանգամանքներում։ Այնուամենայնիվ, ծավալի առումով պահպանված տարբերակները (ամբողջական կամ հատվածային) չեն զիջում, հաճախ նույնիսկ գերազանցում են հիմնական բնագրերի բաժնին, իսկ նրանց պատրաստումը եղել է պոեմների հրատարակության ամենաաշխատատար մասը։ Դրանք էական հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն գիտական առումով, այլև ընթերցող լայն շրջանների համար։ Ոչ մի ուրիշ տեղ այնպես շոշափելի և ակնառու չի երևում Թումանյանի կատարած ստեղծագործական աշխատանքի ծավալն ու բնույթը, նրա գրական զարգացման ուղին, ինչպես պոեմների մտահղացման, գրության և մշակման հետ կապված նյութերի մեջ։ Հատկապես կարևոր են որոշ պոեմների («Անուշի», «Լոռեցի Սաքոյի», «Պոետն ու Մուսայի» և այլն) նախնական ամբողջական տարբերակները, որոնք շատ կողմերով ինքնուրույն ստեղծագործության արժեք