Ձեր առաջին «որովհետևը» ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա։ Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթություն, և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոեմը — վիպերգություն, լեգենդը — ավանդավեպ։ Տեսնո՜ւմ եք, հայերենը կա, բայց... բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառեր են, բոլոր ազգերը գործ են ածում։ Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք։
Դե հիմի երեսներդ արեք դեպի Արևելք։
Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ։
Արդյոք էստեղ գլխի՞ եք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախուտ կռիվ եք սկսել։ Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե՛ Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների առաջ։ Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի։ Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս այստեղ ոչ շնորհք է հարկավոր, ոչ խելք, այլ հարկավոր է միայն բուն հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն» № 166, V սյունակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը, օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»...