Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եկեղեցի Հայերը Երուսաղեմում եկեղեցիներ ու վանքեր են հիմնել դեռևս IV դ.: Այս ժամանակաշրջանում (IV-V դդ.) Երուսաղեմում կառուցված հայկական եկեղեցիներն ու վանքերը թվարկել և նկարագրել են VII դ. պատմիչներ Մովսես Կաղանկատվացին և Անաստաս Վարդապետը: Վերջինս 70 վանք, եկեղեցի և մատուռ է հիշատակում Երուսաղեմում` նշելով, թե դա կատարում է Համազասպ Պահլավունի Կամսարական իշխանի խնդրանքով, որը ցանկացել է ունենալ հայ իշխանների հովանավորությամբ և հայ ուխտավորների նվիրատվություններով պահվող հայկական վանքերի ցուցակը:

Հայ համայնքը Երուսաղեմում ձևավորվել է առավելաբար իբրև հոգևոր համայնք: Հայ առաքելական եկեղեցին ինքն է նպաստել Երուսաղեմում հայ աշխարհիկ համայնքի կազմավորմանն ու բարգավաճմանը: Եկեղեցին կազմակերպում է հայ ուխտավորների այցելությունները Երուսաղեմի և շրջակայքի քրիստոնեական սրբավայրեր, տնօրինում հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների գործերը, տեր կանգնում Երուսաղեմում և նրա շրջակայքում գտնվող սրբավայրերում հայ առաքելականների ավանդական իրավունքներին: Ներկայումս Հայ առաքելական եկեղեցու վայելած իրավունքները հաստատվել են 1852-ին` Թուրքիայի սուլթան Աբդուլմեջիդի հրովարտակով, ու հետագայում հարգվել բրիտանական, հորդանանյան և իսրայելական իշխանությունների կողմից: Հակառակ դժվարությունների և անհավասար պայքարի, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կարողացել է պաշտպանել հայերի իրավունքները հույն և լատին եկեղեցիների և նրանց պաշտպան տերությունների ոտնձգություններից: Երուսաղեմի համաքրիստոնեական գլխավոր սրբատեղիների երեք ավագ պահապանները` հայ, հույն և լատին եկեղեցիները, պաշտոնապես ճանաչվել են Ս. Հարության տաճարի, Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարի, Գեթսեմանիի Ս. Աստվածածին եկեղեցու, Ձիթենյաց լեռան Համբարձման մատուռի իրավատերեր:

Երուսաղեմում բնակվում են նաև փոքրաթիվ հայ կաթոլիկներ և ավետարանականներ: Հայ կաթոլիկ առաջին հոգևորականը Երուսաղեմում հաստատվել է 1856-ին: 1881-ից նրանք ունեն իրենց եկեղեցին:

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք, ըստ ավանդության` հիմնել է քրիստոնեության տարածման առաջին դարերում: Գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան մասում` Սիոն լեռան բարձունքին, Գլխադիր կոչվող մատուռ-գերեզմանի տեղում, որտեղ թաղված է Հակոբոս Զեբեդյան առաքյալի գլուխը: Վանքը պատված է ամուր, բերդանման պարիսպներով, որոնց ներսում են Ս. Հակոբյանց մայր տաճարը` կից մատուռներով, եկեղեցիներով, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, հոգևորականների, աշխարհականների և ուխտավորների բնակության թաղերը: Սկսել է գործել V դ.: Հայ միջնադարյան ավանդության համաձայն` VII դ. արաբները (636-ին գրավել են Երուսաղեմը) միաբանության առաջնորդին տվել են Երուսաղեմի հունաց պատրիարքին հավասար իրավունքներ, հայոց սեփականություն ճանաչել վանքն իր կալվածքներով: 1187-ին Երուսաղեմը գրաված Եգիպտոսի սուլթան Սալահէդդինն իր հաջորդներին պատվիրել է, որ ոչ ոք հայերին չզրկի այս վանքից: XIII դ. Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Գ այցելել է Երուսաղեմ, նորոգել է վանքը (ինչպես նաև այլ հայկական եկեղեցիներ):

Վանքի ներսում են գտնվում երեք հիմնական եկեղեցիները` Ս. Հակոբյանց մայր տաճարը, Ս. Հրեշտակապետաց եկեղեցին և Ս. Թորոսի մատուռը (կառուցել է Կիլիկիայի հայոց Հեթում Բ թագավորը` Մառիի ճակատամարտում զոհված իր որդու` Թորոս իշխանի հիշատակին. այժմ հին հայերեն ձեռագրերի գանձատունն է):

Վանքի միաբանության գլխավոր առաքելության մասն է Սուրբ երկրի մեջ սրբատեղիների պահպանումը, նոր սերունդների հոգևոր և կրթական դաստիարակությունը, հայ ազգային ու մշակութային ժառանգության տարածումը: 1997-ին միաբանությունն ուներ 45 անդամ:

Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից: Հիմնադրվել է VII դ.: Աթոռանիստը` Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանութ-