Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

102 ԱԶԳ

միացյալ սրբատեղիներով։ Ա֊ի հասարակական միասնության արտահայտություն էր արյան վրեժի սովորույթը։ Ա. սովորաբար հաշվվում է յոթ սերունդ («պորտ»)՝ արական գծով։ Ա. հայերի մեջ պահպանվել է սոցիալ֊տնտեսական տարբեր հարաբերությունների համակարգում և նշանակալի դեր խաղացել նրանց կյանքում։

Ա֊ի մասին կողմնակի վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Թովմա Արծրունու և այլոց երկերում։

Գրկ. Карапетян Э. Т., Родственная группа «Азг» у армян, Е., 1966. Է. Կարապետյան

«ԱԶԳ», ազգային, գրական և քաղաքական շաբաթաթերթ, նաև եռօրյա և օրաթերթ։ Լույս է տեսել 1907–21-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Սկզբում (մինչև 1914) եղել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության բողոքող մասնաճյուղերի անպաշտոն օրգան, ապա հայ ռամկավար կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ։ Խմբագրել են Ս. Պարթևյանը, Ե. Ճյուհերյանը, Գ. Սարաֆյանը, Գ. Փափազյանը և Ա. Նազարեթյանը։ 1921-ի հոկտեմբերին «Ա.», միանալով «Պահակ»-ին, կարճ ժամանակ լույս է տեսել «Ազգ֊Պահակ» անունով: «Ա.» լայն տեղ է հատկացրել արևմտահայության վիճակի և ազատագրական պայքարի հարցերին։ Թերթը նորաստեղծ Սովետական Հայաստանը համարել է հայության խաղաղ հանգրվանը։


ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էթնոլոգիա (<հուն. έθνος — ազգ + լոգոս), տերմին, որով մի շարք գիտնականներ նշում էին ազգերի մշակույթի զարգացման ընդհանուր օրենքներն ուսումնասիրող գիտությունը, ի տարբերություն ազգագրության, որը, ըստ նրանց, միայն պետք է նկարագրի ազգերի կենցաղն ու սովորույթները։ Սովետական գիտությունը չի ընդունում նման բաժանումը, հետևաբար և՝ Ա. տերմինը (տես նաև Ազգագրություն


ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՕՐԵՆՔ, կապիտալիզմի տնտեսական օրենք, որը բնութագրում է կապիտալիստական հասարակարգի հիմնական արտադրողական ուժի՝ վարձու բանվորի դրությունը։ Արտադրության ընդլայնմանը զուգընթաց աճում է կապիտալի օրգանական կազմը, ընդսմին, հավելյալ արժեքի կուտակվող մասից հաստատուն կապիտալին հատկացվող բաժինը հարաբերականորեն մեծանում է, իսկ փոփոխական կապիտալինը՝ նվազում։ Կապիտալի օրգանական կազմի աճն առաջացնում է հարաբերական գերբնակչություն, քանի որ փոփոխական կապիտալի բացարձակ մեծացումը չի համապատասխանում աշխատունակ բնակչության աճին։ Արտադրության մեջ լայն չափերով է կիրառվում կանանց և երեխաների էժան աշխատուժը, արտադրությունից դուրս է մղվում մեծահասակ բանվոր տղամարդկանց մի մասը՝ ավելացնելով գործազուրկների թիվը։ Բուրժուական տնտեսագետները հարաբերական գերբնակչության առաջացումը բացատրում են բնական օրենքներով կամ մարդկանց հոգեբանությամբ։ Կապիտալիզմի ոչնչացմամբ վերանում է Ա. կ. օ.։


ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՕՐԵՆՔ, սոցիալիզմի տնտեսական օրենք, որի համաձայն ապահովվում է աշխատունակ բնակչության զբաղվածությունը և նպատակահարմար օգտագործումը հասարակական հանրօգուտ աշխատանքում, աշխատավորների կյանքի նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացումը, բնակչության աճը։ Սոցիալիզմի պայմաններում չի կարող լինել հարաբերական գերբնակչություն: ժողովրդական տնտեսության մշտական և պլանաչափ զարգացումն ապահովում է աշխատավորների քանակական աճի բարձր տեմպերը, բարձրացնում բնակչության հարաճուն պահանջմունքների բավարարման մակարդակը։ Գիտատեխնիկական առաջադիմությունը պայմաններ է ստեղծում աշխատանքային օրվա կրճատման, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի էական տարբերությունների վերացման և սոցիալ֊տնտեսական այլ հարցեր լուծելու համար։ Նյութական արտադրության ճյուղերում աշխատանքի արտադրողականության բարձրացումն առաջացնում է աշխատուժի բաշխման կառուցվածքային փոփոխություններ նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտների միջև և դրանց ներսում։ Արտադրողական ուժերի տեղաբաշխման սոցիալիստական սկզբունքներին համապատասխան, տարբեր շրջաններում ստեղծվում են նոր քաղաքներ և արդյունաբերական կենտրոններ, որոնք նպաստում են աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։


ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ամբողջ երկրագնդի կամ որևէ առանձին երկրի բնակչության հավաքականությունը, որի մեջ մտնում են բոլոր էթնիկական ու ռասայական խմբերը։ Սովորաբար կոչվում է նաև բնակչություն։ Երկրագնդի Ա. աննդհատ աճում է. 1000 թվականին ապրել է 288 մլն. մարդ, 1900-ին՝ 1617 մլն., իսկ 1973-ի սկզբին՝ շուրջ 3800 մլն.։ 1962–66-ի տվյալներով աշխարհում միջին հաշվով ծնվել է տարեկան 111 մլն., իսկ մահացել 52 մլն. մարդ, և, այդպիսով, Ա֊յան տարեկան աճը կազմել է 59 մլն. մարդ։ Մասնագետների հաշվարկումներով երկրագնդի Ա. 2000-ին կհասնի շուրջ 7 մլրդ. մարդու։ Ա֊յան թիվը, աճը և խտությունն ազդում են երկրի զարգացման վրա։ Սակայն դա զարգացման որոշիչ գործոն չէ, ինչպես կարծում են բուրժուական որոշ տեսությունների, մասնավորապես՝ մալթուսականության կողմնակիցները։ Մարքսիզմ֊լենինիզմը գտնում է, որ Ա. ոչ միայն ազդում է հասարակության զարգացման վրա, այլև ինքը կախված է հասարակարգի բնույթից։ «… արտադրության ամեն մի առանձին պատմական եղանակին իրականում հատուկ են բնակչության առանձին, պատմական բնույթ ունեցող օրենքներ։ Բնակչության վերացական օրենքը գոյություն ունի միայն բույսերի ու կենդանիների համար, քանի դեռ մարդը պատմականորեն չի ներխուժում այդ բնագավառը» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, էջ 662)։ Որքան զարգացած է հասարակությունը, այնքան շատ բնակչություն կարող է ապրել նույն տարածքի վրա։ 1971-ի սկզբին աշխարհի բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա կազմում էր 26,5 մարդ, ՍՍՀՄ֊ում՝ 10,9 մարդ, ՀՍՍՀ֊ում՝ 85,4 մարդ։ Ա֊յան թիվը, տեղաբաշխումը, սոցիալական, ազգային կազմի փոփոխություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է դեմոգրաֆիա։ Ա֊յան վերաբերյալ տվյալները ճշգրտվում են պարբերաբար անցկացվող մարդահամարներով։ ՍՍՀՄ-ում վերջին մարդահամարն անց է կացվել 1970-ին։ Ա֊յան տեղաբաշխման վրա զգալիորեն ազդում են սակավաբնակ երկրամասերի արդյունաբերական յուրացումը և պատերազմները։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին իրենց բնակավայրերից և տեղափոխվեցին այլ վայրեր։ Այսպես, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արևմտյան Հայաստանի հայ բնակչության մեծ մասը (ավելի քան 1,5 մլն. մարդ) ոչնչացվեց, իսկ մոտ 1 մլն. մարդ էլ բռնությամբ տեղահանվեց մայր հողից և սփռվեց աշխարհով մեկ։ Ամբողջ աշխարհում հայերի թիվը մոտ 5,7 մլն. է, որից 62,7% ապրում է ՍՍՀՄ֊ում, իսկ 37,3%՝ արտասահմանում։ ՀՍՍՀ֊ում ապրում է բոլոր հայերի 34,9%, իսկ ՍՍՀՄ֊ում բնակվող հայերի 55,7%: Հայերը Սովետական Հայաստանի բնակչության գրեթե ինը տասներորդ մասն են կազմում։ ՀՍՍՀ բնակչությունը 1913-ի համեմատությամբ 1971-ին աճել է 2,6 անգամ։ Սովետական Հայաստանի Ա. աճում է ոչ միայն բնական աճի, այլև աշխարհի տարբեր ծայրերից պարբերաբար ներգաղթող հայրենադարձների հաշվին։ Մ. Մելիքյան


ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ, ազգի կամ ազգության ստորաբաժանում, որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։ Ա. խ. առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրետանցիները՝ Ֆրանսիայում)։ Հնարավոր է Ա. խ֊ի ստորաբաժանում ավելի փոքր խմբերի։ Կարող են Ա. խ֊ի վերածվել տվյալ ազգի հետ ձուլված, բայց իրենց էթնիկական որոշ գծերը պահպանած ցեղեր կամ այլազգի բնակչության առանձին խմբեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով մայր ժողովրդից մեկուսացած որոշ հատվածներ։ Վերջիններս ձեռք են բերում լեզվական, սովորութային, կրոնական կամ զբաղմունքային նոր երանգներ ու առանձնահատկություններ։ Այդպիսի ուրույն Ա. խ֊եր են, օրինակ, տարբեր վայրերում հաստատված հայկական ֆռանգները, զոկերը, ռուսական կազակները, մալականները ևն։ Սակայն Ա. խ. էթնիկական կայուն ամբողջություն չէ։ Ազգերի համախմբման պրոցեսի խորացման հետ Ա. խ֊երը, աստիճանաբար կորցնելով իրենց առանձնահատկությունները, ձուլվում են մայր ժողովրդին։ Կյանքի առանձնահատուկ պայմաններում հայ ժողովրդի կազմում հարատևել