Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունն սկզբնավորվել է XIX դ. (Կ. Իղրոմենի, Ն. Մարտինի)։ Ա–ի XX դ. կերպարվեստագետներից են՝ գեղանկարիչներ Ս. Ձեգան, Ա. Ռոտան, Վ. Միոն, Ն. Զայմին, Ս. Կացելին, քանդակագործներ Օ. Պասկալին, Յա. Պաչոն, Բ. Հոշին, Ա. Մանոն և ուրիշներ։

XIV. Երաժշտությունը

Ա–ի ժողովրդական երաժշտությանը բնորոշ է տեղական ոճերի բազմազանությունը։ Պրոֆեսիոնալ երաժշտական մշակայթը սկսել է զարգանալ 1944-ից։ Ալբանական առաջին օպերան («Մրիկա», բեմ. 1954) գրել է Պ. Յակովան, իսկ առաջին բալետը («Հալիլ և Հայրիա», բեմ. 1963)՝ Տ. Դային։ Ժամանակակից երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Ք. Կոնոն, Դ. Լեկին, Կ. Տրակոն, Զ. Զադեին, , դիրիժոր Մ. Կրանայան։ Տիրանայում գործում են՝ ֆիլհարմոնիա (1950), օպերայի և բալետի թատրոն (1956), սիմֆոնիկ և փողային նվագախմբեր, երգչախմբեր, անսամբլներ են։

XV. Թատրոնը

Ա–ում թատերասերների տված առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1874-ին։ Ալբանական դրամատուրգիայի հիմնադիրն է Ս. Ֆրաշերին («Հավատարմության երդում», 1880)։ Թուրքական լծի դեմ ուղղված հայրենասիրական պիեսներ են գրել նաև Ա. Չայուպին, Ֆ. Պոստոլին և ուրիշներ։ Ալբանական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը կազմավորվել է 1944-ին, Տիրանայում (այժմ՝ Ժողովրդական թատրոն)։ Պրոֆեսիոնալ թատրոններ են բացվել նաև Շկոդեր (1949), Կորչա (1950), Դուրես (1953) քաղաքներում։ Բեմադրվում են ալբան դրամատուրգների (Ս. Պիտարկա, Բ. Լևոնյա, Ֆ. Պաչրամի, Ի. Ուրուչի և ուրիշներ) գործերը, համաշխարհային դասական և ժամանակակից պիեսներ։

XVI. Կինոն

Փաստագրական կինոժապավեններ նկարահանվել են 1946-ից։ «Նոր Ալբանիա» կինոստուդիան կառուցվել է Տիրանայում, 1952-ին։ Սովետական կինոգործիչների հետ համատեղ նկարահանվել է «Ալբանիայի մեծ զորավար Սկանդերբեգը» (1954, ռեժ. Ս. Ի. Յուտկևիչ, գլխավոր դերերից մեկում՝ Վ. Փափազյան) նկարը։

Պատկերազարդումը տես աղ. VI, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Арш Г. Л., Севкевич И. Г., Смирнова Н. Д., Краткая история Албании, М., 1965; Повесть о Скаидербеге, М.–Л., 1957; Галкин И. С., Дипломатия европейских держав в связи с освободительным движением народов Евро-пейской Турции в 1905-12 гг., М., 1960; Сенкевич И. Г., Албания в период Восточного кризиса, М., 1965; Материалы научной сессии Отделения исторических наук АН СССР, посвящённой десятилетию освобождения Албании, в кн.: «Доклады н сообщения Ин-та истории», в. 5, М., 1955; Валев Э. Б., Албания, М. , 1960; Экономика стран социализма, 1967, М., 1968; Прокофьева М., Художники Албании, «Искусство., 1959, № 4, с. 27-33; Пузанова В., Дамо Д., Некоторые памятники монументальной живописи 13-14 вв. в Албании, «Studia Albanica», 1965, № 2; Коно К., Музыкальная жизнь народной Албании, «Советская музыка», 1952, № 5.

ԱԼԲԱՆԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԱԿ), մինչև 1948՝ Ալբանիայի կոմունիստական կուսակցություն (ԱԿԿ)։ Հիմնադրվել է 1941-ի նոյեմբ. 8-ին, Տիրանալում, ֆաշիստական օկուպացիայի պայմաններում։ ԱԿԿ մշակեց օկուպանտների և նրանց գործակիցների դեմ պայքարելու և ազգային ազատագրության ու ժողովրդա–դեմոկրատական իշխանություն հաստատելու ծրագիր։ 1942-ի սեպտեմբերին ԱԿԿ ղեկավարությամբ ստեղծվեց ազգային–ազատագրության (1945-ից՝ դեմոկրատական) ճակատ, իսկ 1943-ի հուլիսին՝ ազգային–ազատագրական բանակ։ Ազգային ազատագրական պայքարի ընթացքում ԱԿԿ գլխավորությամբ լուծվում էին ժողովրդա–դեմոկրատական հեղափոխության խնդիրները։ Երկրի ազատագրումից հետո (1944-ի նոյեմբ. 29) ԱԿԿ սոցիալիզմի կառուցումը հռչակեց որպես ալբանական հեղափոխության նպատակ։

ԱԱԿ պատվիրակությունը մասնակցել է Սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների (Մոսկվա, 1957) և Կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների (Մոսկվա, 1960) խորհրդակցություններին, ստորագրել նրանց ընդունած փաստաթղթերը։ Սակայն ԱԱԿ ղեկավարները, հեռանալով այդ փաստաթղթերի դրույթներից, սկսեցին պաշտպանել Չինաստանի կոմկուսի ղեկավարության դիրքորոշումը ու թշնամաբար վերաբերվել ՍՄԿԿ–ին ու մարքսիստական–լենինյան մյուս կուսակցություններին։ Նրանց գործողությունները ուղղված են սոցիալիստական երկրների համագործակցության և միջազգային կոմունիստական շարժման պառակտմանը։ 1941-ից ԱԱԿ ԿԿ առաջին քարտուղարն է Էնվեր Խոջան։ 1966-ի նոյեմբերին կուսակցությունն իր շարքերում ուներ 66327 անդամ և անդամության թեկնածու։ ԱԱԿ տպագիր օրգաններն են «Զերի ի պոպուլիտ» («Zëri i popullit») օրաթերթը և «Ռուգա է պարտիսե» («Rruga e partisë») հանդեսը։


ԱԼԲԱՏՐՈՍՆԵՐ, Diomedeinae, մրրկահավերի կարգի օվկիանոսային թռչունների ենթաընտանիք։ Առավել հաճախ հանդիպում են Հորն հրվանդանի մոտակա փոթորկալից ջրերում և հեռավոր հարավի այլ մասերում, որտեղ նրանք հեշտությամբ ճախրում են մոլեգնող մրրկի ժամանակ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 8 կգ, թևերի բացվածքը՝ 3,5 մ։ Կտուցը՝ մեծ, եզրերից սեղմված, կարթաձև, թևերը՝ երկար, նեղ։ Գույնը՝ սպիտակ, ծխագույն։ ՍՍՀՄ–ում (Խաղաղ օվկիանոս, Բերինգի ծով) հանդիպում է 3 տեսակ։ Ա–ի Diomedea exulans տեսակը բոլոր ճախրող թռչուններից ամենամեծն է։


ԱԼԲԵԴՈ (լատ. albedo - սպիտակություն, <albus - սպիտակ), մարմնի մակերևույթին ընկնող ճառագայթային էներգիայի անդրադարձման ունակությունը բնորոշող մեծություն, որը որոշվում է մարմնի մակերևույթից անդրադարձած և նրա վրա ընկնող ճառագայթային էներգիաների քանակների հարաբերությամբ (արտահայտվում է նաև տոկոսներրվ)։ Բացարձակ սև մարմնի Ա. 0 է, Երկրինը՝ մոտ 0,4, թարմ ձյանը՝ 0,9։ Մեծ կիրառություն ունի օդերևութաբանության, աստղաֆիզիկայի և տեխնիկայի մեջ։ Միջուկային ֆիզիկայում Ա. միջավայրում բազմակի ցրման հետևանքով նեյտրոնների անդրադարձման հավանականությունն է (β) և կիրառվում է նեյտրոնների դիֆուզիայի տեսությունում։


ԱԼԲԵՆԻՍ (Albéniz) Իսաակ Մանուել Ֆրանսիսկո (1860–1909), իսպանացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Իսպանական նոր երաժշտության հիմնադիր։ Ծնվել է մայիսի 29-ին, Քամպրոդոնում (Կատալոնիա)։ Ա. նոր ժամանակի իսպան. կոմպոզիտորներից առաջինն էր, որն իր ստեղծագործության հիմքում դրեց իսպանական ժողովրդական երաժշտությունը։ Գրել է օպերաներ, երաժշտական կատակերգություններ, սարսուելաներ (իսպան. օպերայի հինավուրց ժանր), «Կատալոնիա» ռապսոդիան, երգեր և ռոմանսներ։ Առավել նշանավոր են դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում՝ «Իսպանական սյուիտ» (1886), «Իսպանիա» (1890), «Իսպանական երկու