Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պար», «Իբերիա» (1905–09) ևն։ Ա–ի ստեղծագործության վրա որոշակի ազդեցություն է գործել իմպրեսիոնիզմը։ Մահացել է մայիսի 18-ին, Քամբո-լե–Բենում (Ֆրանսիա)։

ԱԼԲԵՐԴ (Վերին Կզնուտ), կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջ – 1-ին հազարամյակի սկիզբ) Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում։ Ամրոցի հարավային մասում նկատվում են կիկլոպյան շարվածք հիշեցնող պարսպի հետքեր։ 1960-ի մասնակի պեղումների ժամանակ բացվել է արևելյան պարսպի մի հատվածը՝ անկյունաձև հզոր աշտարակով։ Կյանքն ամրոցում գոյատևել է մինչև IX դ.։ Այդ մասին հիշատակում է Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկը)։


ԱԼԲԵՐՏ (Albert, տեղացիներն անվանում են Մվուտան Նզիգե – Մորեխի լիճ), լիճ Արևելյան Աֆրիկայում, Զաիրի Հանրապետության և Ուգանդայի սահմանագլխին, Կենտրոնա–Աֆրիկյան իջվածքների գոտում, բարձր. 617 մ։ Մակերեսը 5,6 հզ. կմ² է, առավելագույն խորությունը՝ 58 մ։ Ա–ի մեջ են թափվում Վիկտորիա–Նեղոս և Սեմլիկի գետերը, սկիզբ է առնում Ալբերտ–Նեղոսը։


ԱԼԲԵՐՏ ՄԵԾ, Ալբերտ ֆոն Բոլշտեդտ (Albertus Magnus, Albert von Bollstädt) (մոտ 1193–1280), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Ա. Մ. արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ Մեզ հասել են նրա հետևյալ աշխատությունների հայերեն թարգմանությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրտ. 1715), «Դբախտ հոգւոյ» (հրտ. 1729), «Յաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռ. № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 4607), «Յաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռ. № 2)։

Երկ. Opera amnia, t. 1-38, P., 1890–99.

ԱԼԲԵՐՏԱ (Alberta), նահանգ Կանադայի հարավ–արևմուտքում։ Տարածությունը 661 հզ. կմ² է։ Բնակչությունը՝ 1,6 մլն. (1970), որից 70%՝ քաղաքային։ Վարչական կենտրոնն է Էդմոնթոնը։ Տերիտորիայի մեծ մասը սարահարթ է (բարձրությունը՝ 200–1000 մ)։ Հարավ–արևմտյան սահմանագծով ձգվում են ժայռոտ լեռները (Կոլումբիա լ., 3747 մ)։ Գյուղատնտեսական շրջան է։ Տալիս է հացահատիկի համականադական արտադրանքի 1/4, շաքարի ճակնդեղի՝ 2/5։ Զարգացած է կաթնամսատու անասնապահությունը։ Ա. արտադրում է երկրի նավթի և գազի մոտ 4/5։ Հարուստ է նաև քարածխով։ Կան նավթավերամշակման, նավթաքիմիական և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։ Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Էդմոնթոն, Քալգարի, Մեդիսին Հաթ քաղաքները։ Ա․ հատում են տրանսկանադական երկու երկաթուղիները։ Ա–ից սկզբնավորվում են տրանսկանադական նավթամուղներն ու գազամուղները։ ԱԼԲԵՐՏԻ (Alberti) Լեոն Բատիստա (1404–1472), իտալացի գիտնական, ճարտարապետ, գրող և երաժիշտ։ Վերածննդի դարաշրջանի մշակույթի ականավոր գործիչ։ Ծնվել է փետրվարի 18-ին, Ջենովայում։ Տեսական տրակտատներում («Արձանի մասին», 1435, «Գեղանկարչության մասին», 1435–36, «Ճարտարապետության մասին», մոտ 1452, հրտ. 1485) ընդհանրացրել է գիտության նվաճումներով հարստացած իր ժամանակի արվեստի փորձը։ Գրել է «Փառասերը» (1426) կատակերգությունը։ «Ընտանիքի մասին» (1437–41) քառահատււր աշխատության մեջ զարգացրել է օրինակելի ընտանիքի և ներդաշնակ մարդու վերաբերյալ իր գաղափարը։ Ա–ի նախագծերով կառուցված շինությունները՝ Ֆլորենցիայի Ռուչելլաիի պալատը (1446–51), Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցին (1447–68), Սանտուայի Սան Սեբաստիանո (1460) և Սանտ Անդրեա (1472–94) եկեղեցիները, կարևոր քայլ էն Վաղ Վերածննդի ճարտարապետության կողմից անտիկ ճարտարապետության յուրացման գործում։ Մահացել է ապրիլի 25-ին, Հռոմում։


ԱԼԲԵՐՏԻ (Alberti) Ռաֆայել (ծն. 1902), իսպանացի բանաստեղծ։ Կոմունիստ։ Ծնվել է դեկտեմբերի 16-ին, Իսպանիայի Քադիս գավառի Պուերտո դե Սանտա Մարիա գյուղում։ Իսպ. ժողովրդի ազգային–հեղափոխական պատերազմի տարիներին (1936–39) Ա. Իսպանիայի մտավորականության հակաֆաշիստական միության աչքի ընկնող գործիչներից էր։ Հեղափոխական տրամադրություններով են տոգորված նրա «Բանաստեղծը փողոցում» (1936) և «Բեկման պահին» (1937) բանաստեղծությունների ժողովածուները։ Հանրապետական Իսպանիայի պարտությունից հետո Ա, տեղափոխվել է Արգենտինա։ Ազատության և խաղաղության համար ժողովուրդների պայքարին են նվիրված նրա «Պարանա գետի բալլադներն ու երգերը» (1954), «Բեմական բանաստեղծություններ» (1962) գրքերը։ Ա. «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1964) դափնեկիր է։ Ապրում է Հռոմում։


ԱԼԲԻԳՈՅՑԻՆԵՐ (ֆրանս. Albigeois), աղանդավորներ Հարավային Ֆրանսիայում, XII–XIII դարերում։ Հարում էին կաթարների և վալդենսների հերձվածներին։ Ա–ի անվան առաջացումը վիճելի է։ Սովորաբար այն կապում են Ալբի (լատ. Albiga) քաղաքի անվան հետ, որտեղ, ըստ ենթադրության, սկիզբ է առել այդ շարժումը։ Որոշ պատմաբաններ բխեցնում են ալբանացիներ (Albanenses) բառից, քանի որ կաթարների հերձվածը տարածվել է Բալկանյան թերակղզուց։ Ենթադրվում է, որ Ա–ի վրա ներգործել է Թոնդրակեցիների աղանդը (տես Թոնդրակյան շարժում)։ Ա. աշխարհը, ներառյալ կաթոլիկ եկեղեցին, համարում էին սատանայի ստեղծածը, ժխտում էին կրոնական հիմնական դոգմաները, պահանջում վերացնել եկեղեցական հողատիրությունն ու տասանորդը։ Նրանց հիմնական զանգվածն արհեստավորներ և մասամբ գյուղացիներ էին։ Շարժմանը հարում էր նաև տեղական ազնվականության մի մասը՝ եկեղեցու հարստությանը տիրանալու ակնկալությամբ։ Ա–ին ջախջախեցին և գրեթե ոչնչացրին պապության նախաձեռնած խաչակրաց արշավանքների՝ Ալբիգոյական պատերազմների ժամանակ (1209–29)։ Ա. հերձվածը վերացավ XIV դարում։ Վ. Իսկանյան


ԱԼԲԻՆԻԶՄ (<լատ. Albus - սպիտակ), մարդկանց և կենդանիների մաշկի, մազերի, աչքի ծիածանաթաղանթի բնական գունավորման (պիգմենտացիայի) բացակայություն, իսկ բույսերի մոտ՝ ամբողջ բույսի կամ դրա առանձին մասերի կանաչ գունավորման խիստ սակավություն կամ բացակայություն։ Ա. ժառանգական հատկանիշ է, որը պայմանավորված է հոմոզիգոտ վիճակում (տես Հոմոզիգոտություն) գունանյութի (բույսերում՝ քլորոֆիլի, կենդանիների մոտ՝ մելանինի) սինթեզը մեկուսացնող ռեցիսիվ (ճնշվող) գենի առկայությամբ։ Եթե, օրինակ, խաչաձև են Ա–ի թաքնված գեն կրող երկու բույսեր, ապա սերնդում յուրաքանչյուր երեք կանաչ բույսին կընկնի մեկ քլորոֆիլազուրկ և, հետևաբար, ոչ կենսունակ բույս։ Բույսերի Ա–ի մյուս ձևը պայմանավորված է քլորոպլաստների ժառանգական փոփոխությամբ, այսինքն՝ կապված չէ կորիզում տեղակայված գեների փոփոխության հետ։ Մսւրդու և կենդանիների Ա–ի դրսևորման հաճախականությունը, այսինքն հոմոզիգոտ վիճակում Ա–ի գենի առկայությունը կազմում է 1 : 20 000։ Փորձագիտական նպատակների համար բուծում են ալբինոս ճագարների, առնետների և մկների մաքուր գծեր։


ԱԼԲԻՍՏԱՆ, Ալպուստան (թուրք. Էլբիստան, արաբ, Էպլեսթեյն, հուն. Պլաստա), քաղաք Հայկական Կիլիկիայի հյուսիս–արևելքում, Ջահան գետի ակունքի մոտ, Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտում։ 7477 բն. (1952)։ Սինչև 1915 Ա–ում բնակվում էր 12000 մարդ, որից 4000՝ հայեր, գործում էին Ս. Հակոբ և Ս. Գևորգ եկեղեցիները։ Արդի քաղաքը կառուցվել է 1544-ին, երկրաշարժից կործանված հին Ա–ի արևելյան կողմում։ Ա. Ջահան գավառի բերդաքաղաքն էր։ Հին Ա–ի տեղում գտնվել են խեթական, հռոմեական, բյուզանդական և այլ ժամանակաշրջանների հնություններ։

Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956;