Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԹԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ–ում, կազմվել է 1937-ի սեպտեմբերի 28-ին։ Տարածությունը՝ 261,7 հզ․ կմ²։ Ա․ ե–ի մեջ է մտնում Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզը։ Բաժանվում է 63 շրջանի, ունի 9 քաղաք, 29 քաղաքատիպ ավան, կենտրոնը՝ Բառնաուլ։

Բնությունը։ Հս–արմ․ մասը հարթավայրային է (Կուլունդայի տափաստան), հվ–արլ–ում Ալթայի լեռնային համակարգն է Բելուխա գագաթով (4506 մ)։ Օգտակար հանածոներից են՝ երկաթը, գունավոր ու հազվագյուտ մետաղները, աղերը (լճերում)։ Կլիման ցամաքային է, հարթավայրային մասում հունվ․ միջին ջերմասսփճանը՝ -19°C, հուլիսինը՝ 18,9°C։ Տարեկան տեղումները՝ 300–600 մմ, լեռնալանջերին՝ 1000 մմ։ Գլխավոր գետը Օբն է՝ Չումիշ, Չարիշ և Ալեյ վտակներով։ Նշանավոր են Տելեցկոյե և Կուլունդայի լճերը։ Հարթավայրերում հիմնականում տարածված են սևահողերը, արմ․ մասում՝ շագանակագույն հողերը։ Տերիտորիայի մոտ 1/3 անտառածածկ է։ Բնորոշ ծառատեսակներն են՝ կաղամախին, եղևնին, մայրին։

Բնակչությունը։ Ա․ ե–ում բնակվում է 2638 հզ․ մարդ (1972), գլխավորապես` ռուսներ (85%), կան նաև ուկրաինացիներ, ալթայցիներ, բելոռուսներ և ուրիշներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 10,1 մարդ։ Քաղաքային բնակչությունը` 48%։ Գլխավոր քաղաքները Բառնաուլ, Բիյսկ, Ռուբցովսկ, Զմեինոգորսկ։

Տնտեսությունը։ Ա․ ե․ Սիբիրի գյուղատնտեսական ամենահզոր շրջանն է։ Ունի նաև բազմապիսի արդյունաբերություն (լեռնա–հանքային, մեքենաշինական, սննդի, տեքստիլ, անտառային և փայտամշակման)։ Մեքենաշինական ձեռնարկությունները տեղաբաշխված են Բառնաուլում, Բիյսկում, Ռուբցովսկում, ինչպես նաև Չեսնոկովկայում և Սլավգորոդում․ արտադրում են շարժիչներ, շոգեկաթսաներ, տրակտորներ, գյուղատնտեսական մեքենաներ, երկաթուղային վագոններ ևն։ Արդյունահանվում են գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Տեքստիլ արդյունաբերության ճյուղերից առանձնապես զարգացած է բամբակե գործվածքների և արհեստական թելերի արտադրությունը (գլխպվորապես՝ Բառնաուլում), Բիյսկում կա վուշագործվածքային ֆաբրիկա։ Մեծ նշանակություն ունի կաշվի, մորթեղենի–մուշտակեղենի արտադրությունը։ Սննդի արդյունաբերության մեջ աչքի է ընկնում յուղի (Արևմտյան Սիբիրի յուղի արտադրության 30%), պանրի և շաքարի արտադրությունը։ Վարելահողերը կազմում են 7,1 մլն․ հա։ Հիմնականում ցանում են ցորեն (4,3 մլն․ հա), կերային կուլտուրաներ (1,5 մլն․ հա), մշակում են նաև եգիպտացորեն և վարսակ, տեխնիկական կուլտուրաներից՝ շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կանեփ, վուշ։ Ունի 2060 հզ․ գլուխ խոշոր, 2770 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 727 հզ․ գլուխ խոզ (1967)։ Ստեղծվել են բծավոր եղջերուների և մարալների բուծման (պանտեր ստանալու համար) խոշոր տնտեսություններ։ Երկաթուղագծերի երկարությունը՝ 1710 կմ։ Գլխավոր մայրուղիներն են՝ Նովոսիբիրսկ–Բառնաուլ–Ռուբցովսկ–Սեմիպալատինսկ և Արտիշտա–Բառնաուլ–Կուլունդա–Պավլոդար։ Նավարկելի են Օբը և նրա մի քանի վտակները։ Ավտոմոբիլային ճանապարհներից կարևոր է Չուլայի տրակտը, որն սկսվում է Բրիյսկից և Լեռնային Ալթայով անցնում ՄԺՀ։

Ա․ե․-ում կան պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական (Բառնաուլում), մանկավարժական (Բառնաուլում, Բիյսկում, Գոռնո–Ալթայսկում) ինստ–ներ, մեքենաշինական ինստ–ի մասնաճյուղ (Ռուբցովսկում), 33 միջնակարգ մասնագի–տական ուսումնական հաստատություն։


ԱԼԹԱՅԻՏ, միներալ տելուրիդների խմբից, ( – 61,91% և – 38,09%)։ Համակարգը խորանարդային է։ Գույնը՝ սպիտակ, դեղնավուն երանգով, փայլը՝ մետաղային։ Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 8200 կգ/մ³։ Հանդիպում է բնածին տելուրի, ոսկու, արծաթի, գալենիտի, սֆալերիտի և պիրիտի հետ (Ալթայ, Կենտրոնական Ղազախստան ևն)։ ՀՍՍՀ–ում պատահում է Ղափանի, Զոդի, Մեղրաձորի հանքավայրերում։


ԱԼԹԱՅՑԻՆԵՐ (1922-ից մինչև 1948 անվանվել են նաև օյրոտներ), ազգություն, բնակվում են ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի Լեռնային Ալթայի Ինքնավար Հանրապետությունում։ Ընդհանուր թիվը՝ 56 հզ․ մարդ (1970) խոսում են ալթայերեն։ Անցյալում Ա․ ընդհանուր անունով անվանել են Լեռնային Ալթայի և մասամբ Կուզնեցկի Ալա–Թաուի թյուրքալեզու ցեղերին։ Նախքան Հոկտեմբերյան հեղափոխությունը Ա․ ընդհանուր ինքնանվանում չունեին և բաժանվում էին երկու խմբի՝ հյուսիսային և հարավային։ Հավատացյալ Ա․ քրիստոնյա ուղղափառներ են, մի մասը՝ մոնղոլական լամայականություն հետևորդներ։


ԱԼԹԸՆ (Althen) Ժան, հայ գյուղատնտես Ֆրանսիայում, տես Ալթունյան Հովհաննես։

ԱԼԹԸՆ–ԹԵՓԵ (թուրք, ոսկե բլուր), Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից 20 կմ արևելք, Կաբինից (Էրզրում) Սեբաստիա (Սվազ) տանող ճանապարհի մոտ գտնվող բլուր, որի վրա հայտնաբերվել է ուրարտական քաղաք–ամրոց։ Բարեբեր հովտում, արևմուտքը արևելքի հետ կապող ռազմուղու վրա կառուցված ամրոցը հիմնադրվել է Արգիշտի Բ–ի (մ․ թ․ ա․ 714–680) օրոք, որպես Ուրարտական պետության արևմտյան սահմանային մարզի կենտրոն։ Ա–թ․ սկսել են պեղել թուրքական պատմական ընկերությունը և հնությունների դեպարտամենտը 1959-ին (աշխատանքների ղեկավար՝ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թահսին Էոզգյուչ)։ Ամրոցը կառուցված է 60 մ բարձրության զառիթափ բլրի կատարին և շրջապատված արտաքին երկու պատերով, որոնցից յուրաքանչյուրի հաստությունը 12 մ է։ Դրանք շարված են 35–40 տ կշռող տաշված քարերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև տաճար, մթերանոցներ, դամբարաններ, բացօթյա սրբավայր և ընդունասրահ։ Տաճարը բաղկացած է երկու հատվածից։ Առաջինը ճեմասրահներով շրջապատված գավիթ է, որի մեջտեղում կառուցված է աշտարականման խուց՝ 13,8 մ հաստությամբ պատերով։ Խուցի ներսում կա արձանի քարե պատ–