Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մական շրջանները և զինված ուժերի հրամանատարությունն իրականացրին զինվորական հեղաշրջում՝ տապալելով ժողովրդական միասնության կառավարությունը։ Պրեզիդենտական պալատը զավթած խռովարարները սպանեցին Ա–ին։ Հ. Հակոբյան

Նկարում` Հ. Ա. Ալիև։

ԱԼԻԵՎ Հեյդար Ալի Ռզա օղլի (ծն. 1923), սովետական կուսակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է մայիսի 10-ին, Նախիջևան քաղաքում։ Ավարտել է Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1957)։ 1941–1949-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում և Նախիջ. ԻՍՍՀ Մինիստրների սովետում։ 1950–64-ին պատասխանատու պաշտոններ է վարել Ադրբ. ՍՍՀ պետական անվտանգության մարմիններում։ 1964–67-ին եղել է Ադրբ. ՍՍՀ Սինիստրների սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, 1967-ից՝ նախագահ։ 1969-ի հուլիսին ընտրվել է Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ և առաջին քարտուղար։ ՍՄԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամ։ ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։


ԱԼԻԵՎ Միրզա Աղա Ալի օղլի (1883–1954), ադրբեջանցի սովետ. դերասան, ՍՍՀՄ ժող. արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է Գովսան գյուղում (Բաքվի մոտ)։ Բեմական գործունեությունն սկսել է 1906-ին, Բաքվում։ Աշխատել է «Նիջաթ» թատերական խմբում, որտեղ 1907–08-ին խաղացել է՝ որպես ռեժիսոր հրավիրված Հ. Աբելյանի ընկերակցությամբ։ 1910–1918-ին հյուրախաղերով այցելել է Թիֆլիս, Աստրախան, Նախիջևան, Իրան։ 1920-ից խաղացել է Մ. Ազիզբեկովի անվ. թատրոնում (Բաքու)։ Լավագույն դերերից են՝ Հաջի Կարա (Ախունդովի «Հաջի Կարա»), Սուլթանբեկ (Ու. Հաջիբեկովի «Արշին մալ ալան»), Օդդամդի (Ջաբարլիի «Հրո հարսնացուն»), Մեշադի Ղուլամ Հուսեյն (Իբրահիմովի «Մուհաբբաթ»), Նաջաֆբեկ (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը»), Օսիպ (Գոգոլի «Ռևիզոր») ևն։ Նկարահանվել է կինոյում։ Ա–ի ռեալիստական դերակատարումներն աչքի են ընկել նուրբ հումորով, կենցաղային հյութեղ գունավորումով։ ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1943, 1948)։ Մահացել է հոկտ. 25-ին, Բաքվում։


ԱԼԻԶԱՐԻՆ, 1,2– դիօքսիանտրաքինոն, , օրգ. միացություն, բնական ներկանյութ։ Իբրև այդպիսին օգտագործվել է դեռևս հին դարերում, (նաև՝ Հայաստանում)։ Առաջին ներկանյութն է, որ սինթեզվել է արհեստական ճանապարհով (Կ. Գրեբե և Կ. Լիբերման, 1869)։ Նարնջագույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 290° C, եռմանը՝ 430° C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ քացախաթթվում, բենզոլում և ալկալիների լուծույթներում։ Ա–ի խիտ լուծույթը կարմիր է, նոսրը՝ կապտամանուշակագույն։ Արդյունաբերության մեջ ստանում են անտրաքինոնսուլֆաթթուն օքսիդիչի առկայությամբ, կծու կալիումի հետ հալելով։ Ա. պարունակում են տորոնի արմատները (4,4–6,8% անտրաքինոնային գլյուկոզիդներ)։ Տորոնի մշակումը Եվրոպայում սկսվել է XVIII դ. կեսերին, երբ Հ. Ալթունյանը (Ալթըն Ժան) նրա սերմերը Անատոլիայից տարել է Ֆրանսիա։ Ա. և այլ բազմաօքսիանտրաքինոններ հայտնի են ալիզարինային ներկանյութեր անունով։ Մի շարք մետաղների հետ Ա–ի միացությունները վառ գունավորված, կայուն, անլուծելի լաքեր են։ Տարածված է վառ կարմիր ալյումինական լաքը, որից պատրաստում են բարձրորակ և կայուն գեղարվեստական ներկեր։ Ալիզարինային ներկանյութերը, որոնք կայուն են օճառի, շփման, լույսի նկատմամբ, օգտագործում են բամբակը, վուշը, բուրդը, մետաքսը ներկելու համար։


ԱԼԻ–ԶԵՌՆԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մուշ քաղաքից մոտ 6–7 կմ արևելք, Արածանիի վտակ Մեղրագետի ձախ ափին, արգավանդ հարթավայրում։ XX դ. սկզբներին ուներ 80 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Ա–ի բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, մնացածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Նկարում` Ս. Յա. Ալիլուև


ԱԼԻԼՈՒԵՎ Սերգեյ Յակովլևիչ (1866–1945), հեղափոխական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1896-ից։ Ծնվել է սեպտեմբերի 25 (հոկտ. 7)–ին։ Մինչև 1907-ը ակտիվ հեղափոխական աշխատանք է տարել Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում։ 7 անգամ ձերբակալվել է, 2 անգամ աքսորվել։ 1907–18-ին աշխատել է Պետերբուրգում։ Ա–ի բնակարանը 1912-1917-ին բոլշևիկների մշտական գաղտնատեղին էր։ Հուլիսյան օրերից (1917) հետո այդտեղ թաքնվել է Վ. Ի. Լենինը։ Ա. Հոկտեմբերյան հեղափոխության ակտիվ մասնակից էր։ Սովետական տարիներին ղեկավար աշխատանք է կատարել Մոսկվայում և Լենինգրադում։ Մահացել է հուլիսի 27-ին։


ԱԼԻԽԱՆՅԱՆ Արտեմ Իսահակի (ծն. 1908), հայ սովետական ֆիզիկոս։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1946), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1967)։ Ա. Ի. Ալիխանովի եղբայրը։ Ծնվել է հունիսի 11(24)–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943–73-ին՝ Երևանի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր։ Ա–ի առաջին աշխատանքները վերաբերում են բյուրեղների ֆիզիկային, ռենտգենյան ճառագայթների և էլեկտրոնների դիֆրակցիային։ 1931-ից զբաղվել է ռադիոակտիվության և ատոմի միջուկի հետազոտությամբ։ 1934-ին Ա. Ալիխանովի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն–պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ ապացուցել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոնպոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ։ Ա. հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ տարրը (սիլիցիում)։ Ա. Ալիխանովի հետ 1942-ին ստեղծել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, ուր հայտնաբերել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945) և տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ առաջանալու երևույթը (1950)։ Ա. մեծ ավանդ ունի նաև բարձր և գերբարձր էներգիաների մասնիկների իմպուլսների դետեկտման և չափման նոր մեթոդների ստեղծման ասպարեզում։ Նա Ա. Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։ 50–ական թվականների կեսերին Ա. իր աշխատակիցների հետ կատարել է տարրական մասնիկների տարբեր հատկությունների ուսումնասիրման աշխատանքներ, մասնավորապես պղպջակային խցիկում դիտվող տրոհման հետազոտումը հաստատեց այդ պրոցեսում զույգության օրենքի խախտումը, կատարվեց միջուկների վրա մյունների ցրման առավել ճշգրիտ հետազոտում։ Այդ աշխատանքներից ամենաարժեքավորը երկարակյաց չեզոք -մեզոնը երեք չեզոք պիոնների տրոհվելու փորձարարական հետազոտումն էր։ Նման տրոհումը անմիջականորեն հետևում է -ինվարիանտության պահպանումից, և դրա ստուգումը ֆունդամենտալ երևույթ էր։ Ա. ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր, մագնիսական մասսպեկտրոմետր, պղպջակային և կայծային խցիկներ ևն։ Ա–ի նախաձեռնությամբ է ստեղծվել Երևանի 6 Գէվ էներգիայով (1 Գէվ= 1 մլրդ. էվ) էլեկտրոնաօղակային արագացուցիչը։