Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շաքի)։ Համամ–Գրիգորի չորս որդիները, նրա թագավորության սահմաններում X դ․ սկզբին ստեղծեցին չորս նոր իշխանություններ՝ Վերին Խաչենում (Սողք, Ծար, Հաթերք), Ներքին Խաչենում (Գանձասարն իր շրջանակներով, Մեծ Առանքը՝ Խաչենագետի ու Կարկառի հովիտները և Հաբանդի մի մասը՝ այժմյան Մարտունու շրջան), Փառիսոսի թագավորությունը (Փառնես–Փառիսոս գավառով. Շամքորն իր շրջանակներով, Գարդմանքն ու Ձորագետի կողմերը) և Կամբեճան–Շաքիի թագավորությունը, որը X դ․ կեսին կտրվեց հայկական միջավայրից, որովհետև Համամի թոռ Իշխանիկն ու նրա մայր Դինարը (վրաց իշխանաց իշխան Գուրգենի քույրը) բնակչությանը քաղկեդոնականության դարձրին և կտրեցին հայոց եկեղեցուց ու պետությունից։

Փառիսոսի թագավորությունը գոյատևեց շուրջ 150 տարի և վերացավ Գանձակի Փադլունյան ամիրայության հարձակումների հետևանքով։

Այս ժամանակներից սկսած՝ «Արցախ» անունը կորցնում է իր նախկին վարչաքաղաքական նշանակությունը և գործածվում է որպես աշխարհագրական հասկացություն։ Եվ քանի որ նահանգի մեծ մասն ընդգրկված էր Խաչենի իշխանության մեջ, Ա–ին փոխարինում է «Խաչենը»։ Սրան էլ XV դ․ փոխարինում է «Ղարաբաղը»։ Արցաիփ նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ XII դ․ երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի ու Ծարա իշխանությունները։

Միջնադարյան Խաչենն ապրում է մշակութային եռանդուն կյանքով։ Կառուցվել են Գանձասարի, Ս․ Հակոբա, Խաթրավանքի, Դադի, Գետամիջի Ս․ Աստվածածին վանքերը, ծավալվել է հոգևոր ու մշակութային կյանքը և ստեղծվել են բազմաթիվ գրչագրեր։

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Իվանե աթաբակի նախաձեռնությամբ Հաթերքի իշխանությունը ևս միացվում է Վերին Խաչենին։ Իսկ Ներքին Խաչենը Հասան–Ջալալ Դոլայի (1214–1261) օրոք վարչա–քաղաքական ուժեղ միավորում էր դարձել։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387-ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։

Սակայն Խաչենի իշխանությունները դիմացան այս փորձություններին, ապա նաև Կարա–Կոյունլու և Ակ–Կոյունլու թափառական ցեղերի ծանր տիրապետությանն ու հարկապահանջությանը։ XVIդ․ վերջին և XVII-ի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները։ Վերին Խաչենի իշխանական տնից ճյուղավորվել էին Սոդքի, Գեղամա, Ծարա, Վարանդայի, Ներքին Խաչենի իշխանությունից՝ Խաչենի (Գանձասար), Ջրաբերդի, Գյուլիստանի մելիքությունները։ Իրենց մելիքությունն էին ստեղծել նաև Դիզակի հին տերերի ժառանգները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։

Ա–ի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813-ին, Գյուլիստանի պայմանագրով։ Ա–ի XVIII – XX դդ․ պատմությունը տես Խամսայի մելիքություններ, Ղարաբաղ, Ղարաբաղի ԻՄ հոդվածներում։

Գրկ․ Մովսես Կաղանկատվացի. Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Եսայի Հասան–Ջալալյան, Պատմութիւն կամ յիշատակ ինչ–ինչ անցից դիպելոց յաշխարին Աղուանից, Շուշի, 1830։ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Երեմյան Ս․, Հայաստանը ըստ « Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Ուլուբաբյան Բ․, Արցախը պատմական աղբյուրներում և պատմագիտական գրականության մեջ, Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկ, ինստիտուտի ասպ․–գիտ․ ժողովածու, Ե․, 1969։ Նույնի, Խաչենի իշխանական տոհմավանքերը, ԲԵՀ, 1972, № 2։

Բ. Ուլուբաբյան


ԱՐՑԵՈՒԼՈՎ Կոնստանտին Կոնստանտինովիչ [ծն․ 16 (29)․ 5․ 1891, Պետերբուրգ], ռուս օդանավորդ։ Հ․ Այվազովսկու թոռը։ 1911-ին ավարտել է Գատչինայի օդաչուական ուսումնարանը։ 1916-ի հոկտ․ 7-ին, աշխարհում առաջին անգամ, ինքնաթիռը կանխամտածված ենթարկել է շտոպորի (պտուտէջք), ապա դուրս բերել այդ վիճակից։ Ա․ փորձարկել է սովետական առաջին կործանիչ ինքնաթիռը, ստեղծել առաջին պլաներային խումբը, կատարել ավելի քան 240 մարտական թռիչք, մասնակցել 20 օդային ճակատամարտի։ 1916-ից եղել է Սևաստոպոլյան ռազմաավիացիոն դպրոցի կործանող–օդաչուների բաժանմունքի պետ, 1920-ից՝ Մոսկվայի ավիադպրոցի պետի տեղակալ։ 1929-ին Ա–ին շնորհվել է «Առաջին սավառնորդ–օդաչու» կոչումը։


ԱՐՑԻԽՈՎՍԿԻ Արտեմի Վլադիմիրովիչ [ծն․ 13(26)․ 12․ 1902, Պետերբուրգ], սովետական հնագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթանդամ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Պրոֆեսոր (1937), Մոսկվայի համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ (1939)։ Ա–ի աշխատությունները նվիրված են Նովգորոդի և Մոսկվայի հնությունների ուսումնասիրությանը։ Ավելի քան 30 տարի ղեկավարում է Նովգորոդի պեղումները։


ԱՐՑԻՄՈՎԻՉ Լև Անդրեևիչ [12 (25)․ 2․ 1909, Մոսկվա – 1․3․ 1973, Մոսկվա], սովետական ֆիզիկոս։ ԱՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ 1928-ին ավարտել է Բելոռուսական համալսարանը (Մինսկ)։ 1930–44-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկա–տեխնիկական ինստիտուտում, 1944-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ատոմային էներգիայի ինստ–ում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային։

Ա․ Ի․ Ալիխանովի և Ա․ Ի․ Ալիխանյանի հետ ապացուցել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն–պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ (1936)։ Ա․ կարևոր աշխատանքներ ունի նաև էլեկտրո– նային օպտիկայի բնագավառում։ Իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդը ՍՍՀՄ–ում առաջին անգամ մշակվել է Ա–ի ղեկավարությամբ։ Աշխատակիցների հետ Ա․ հայտնաբերել է իմպուլսային լիցքաթափման կոշտ ճառագայթումը, առաջինը ստացել ջերմամիջուկային ռեակցիան կայուն քվազիստացիոնար պլազմայում։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ (1953, 1971), լենինյան (1958) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս և երկու այլ շքանշաններով։ Ա․ ամերիկյան գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ էր (1966)։

Երկ․ Управляемые термоядерные реакции* 2 изд․, перераб․, М․, 1963; Элементарная фи* зика плазмы, 3 изд․, М․, 1969;

Գրկ․ Алиханов А․ И․, Лев Андре– евич Арцимович, «Успехи физических наук», т․ 67, в․ 2, 1969․


ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ՆՅՈՒԹԵՐ, լաքրիմատորներ (լատ․ lacrima – արցունք), քիմիական միացությունների խումբ, որոնց գոլորշիների անգամ չնչին քանակությունը (0,0002–0,0003 մգ/լ) առաջացնում է աչքի լորձաթաղանթի ուժեղ գրգռում և արցունքաբերություն։ Խիստ ազդում են նաև մաշկի և շնչառական օրգանների վրա։ Ա․ ն․ են հալոգենի ատոմ պարունակող օրգանական շատ միացություններ (a-հալոգենակետոնները՝ R– –СО–СН2Х, X-ը՝ հալոգենի ատոմ), քլորքացախաթթվի և բրոմքացախաթթվի էսթերները, քլորպիկրինը, բրոմբենզիլցիանիդը, քլորացետոֆենոնը, քլորացետոնը ևն։


ԱՐՑՈՒՆՔԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, արցունքի գերարտադրություն, որի հետևանքով արցունքը լրիվ չի անցնում արցունքատար ուղիներով, հավաքվում է ակնաճեղքի միջային անկյունում և կոպերի վրայով հոսում դուրս։ Պատճառներն են՝ աչքի թաղանթների և կոպերի բորբոքումները, արցունքատար ուղիների անցանելիության խանգարումները, աչքը գրգռող ֆիզիկական և քիմիական ագդակները, ինչպես նաև հուզմունքը (լաց, ծիծաղ)։

Ս․ Մաչայան


ԱՐՈՒԶ ԽԱԹՈՒՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարչուհի։ Հավանաբար ստեղծագործել է XVII դ․։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի No. 9230 ձեռագրում, որ 4 տարբեր Ավետարանների (XIV, XV, XVII դդ․) պատառիկներից է կազմված, պահպանվել են Ա․ Խ–ի նկարազարդած Ավետարանի ինը տերունական