ուսումնասիրություն Թիֆլիսի համքարությունների մասին։ Ա. հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է Սայաթ–Նովայի «Դավթար»–ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը։ «Դավթար»–ում նա գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր։ Վերծանել է հայերեն երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ։ Ա–ի՝ Սայաթ–Նովային նվիրված գիրքը («Գուսանք», հ. 1) լույս է տեսել Մոսկվայում, 1852-ին։ Երգերի հրատարակությանը Ա. կցել է առանձնակի ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին՝ փաստորեն հիմնադրելով հայ բարբառագիտությունը («Թիֆլիզու բարբառի մի քանի հատկություններու վրա»)։ Ա. քննաբար ներկայացրել է այդ բարբառի ձևաբանական համակարգը, օրինակներով ցույց տվել գոյականների, դերանունների հոլովման և բայերի խոնարհման բնորոշ առանձնահատկությունները։ Երգերին կցած առաջաբանում շոշափել է դրանց ուղղագրությանը, գրաբարի և որոշ հայ բարբառների ծագմանը վերաբերող հարցեր։ Գիտական որոշակի արժեք ունեն հատկապես Սայաթ–Նովայի երգերի ծանոթագրությունները, ուր Ա. բացատրել է փոխառյալ և անհասկանալի բառերը, բարբառային հատուկ քերականական ձևերն ու իրողությունները։ Ա–ի հավաքած հայ աշուղական երգերի 2-րդ հատորը («Գուսանք», հ. 2) լույս է տեսել 1903-ին, Թիֆլիսում, նրա դստեր՝ Մանե Ախվերդյանի հրատարակությամբ։ Ա. տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիլանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ։ Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է Երևանի գրականության և արվեստի թանգարանում։
Մահացել է նոյեմբ. 17-ին, Թիֆլիսում։
Երկ. Սայաթ–Նովա, Մ., 1852 («Գուսանք», հ. 1)։ Հայ աշուղներ, Թ., 1903 («Գուսանք», հ. 2)։ Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի, «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, № 2-3։ Тифлисские амкары, «Юридическое обозрение», 1882, № 78-83.
Գրկ. Ավետիսյան Ա., Գևորգ Ախվերդյան, Ե., 1963։
ԱԽՎԼԵԴԻԱՆԻ Գեորգի Սարիդանի (1887–1973), վրացի սովետ․ լեզվաբան։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ, (1939), ՎՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941)։ Ծնվել է ապրիլի 13-ին, Քութայիսին մերձ Գերչի գյուղում։ Թբիլիսիի համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն էր։ Ա. հայտնի էր հատկապես ընդհանուր ու փորձառական հնչյունաբանությանը նվիրված ուսումնասիրություններով («Ընդհանուր և վրացական հնչյունաբանության հարցերը», 1938, «Ընդհանուր հնչյունաբանության հիմունքներ», 1949, «Ընդհանուր հնչյունաբանության ներածություն», 1966 ևն), ուսումնական ձեռնարկներով և բառարաններով։ Մահացել է հուլիսի 7-ին, Թբիլիսիում։
ԱԽՏԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևելք։ 358 բն. (1970), ադրբեջանցիներ։ Մտնում է Կապույտի կաթնաանասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։
ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ, հիվանդագին վիճակում գտնվող մարդու և կենդանու օրգանների և հյուսվածքների բնականոն կառուցվածքի խանգարումներն ուսումնասիրող գիտություն։ Ախտաբանա–անատոմիական հետազոտությունները հնարավորություն են տալիս հաստատել հիվանդության էությունը և պարզաբանել ախտածնությունը։ Ա. ա–ի ընդհանուր բաժինն ուսումնասիրում է ախտաբանական ընդհանուր պրոցեսները (արյան շրջանառության խանգարումը, բորբոքում, այտուց ևն), իսկ մասնավորը՝ օրգանիզմի և առանձին օրգանների ու համակարգերի (սիրտ, անոթներ, նյարդային համակարգ ևն) ախտաբանական պրոցեսները։ Ա. ա–ի ուսումնասիրության հիմնական մեթոդներն են՝ դիահերձումը, դիակային հյուսվածքների և հիվանդի օրգաններից վերցրած հյուսվածքների (տես Բիոպսիա) մանրադիտակային հետազոտությունը։ Լայն կիրառություն են գտել նաև հյուսվածքների հիստոքիմիական և կենդանիների փորձառական հետազոտությունները։ Հայաստանում Ա. ա–ի զարգացման բնագավառում ավանդ ունեն Ե. Շեկ–Հովսեփյանը, Ա. Բեգլարյանը, Վ. Գաբրիելյանը։
Գրկ. տես Ախտաբանություն հոդվածի գրականությունը։
ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ, գիտություն մարդու և կենդանու օրգանիզմում ախտաբանական պրոցեսների ծագման և ընթացքի օրինաչափությունների մասին։ Ա. ֆ. ուսումնասիրում է հիվանդության պատճառագիտությունը, ախտածնությունը, տիպային ախտաբանական պրոցեսները (բորբոքում, տենդ, ուռուցքային աճ) և օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման ընդհանուր օրինաչափությունները։ Ա. ֆ–ի ընդհանուր բաժինն ուսումնասիրում է հիվանդությունների առաջացման պատճառները, զարգացման ընթացքը, ախտածին գործոնների ազդեցության մեխանիզմները, տարածման ուղիները, իսկ մասնավորը՝ օրգանիզմի առանձին օրգանների (սիրտ, լյարդ ևն) և համակարգերի (արյան շրջանառության, արյունաստեղծման, շնչառական ևն) գործունեության խանգարումները։
Գրկ. տես Ախտաբանության հոդվածի գրականությունը։
ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, պաթոլոգիա (<հուն. πάθος - ախտ, տառապանք + … լոգիա), գիտություն մարդու և կենդանու օրգանիզմում ընթացող հիվանդագին պրոցեսների մասին։ Ուսումնասիրման հիմնական մեթոդներն են՝ հիվանդության ընթացքի դիտումները մարդու կենդանության օրոք, որևէ հիվանդությունից մահացածի դիակի մորֆոլոգիական հետազոտությունը, ախտաբանական պրոցեսների փորձառական փոխանցումը կենդանիների վրա, փորձառական–ֆիզիոլոգիական, արյունաբանական, կենսաքիմիական և իմունոլոգիական մեթոդների օգտագործումը։ Ա. ընդգրկում է ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան։ Ընդհանուր Ա. ուսումնասիրում է ախտաբանական պրոցեսների օրինաչափությունը օրգանիզմներում (այժմ կազմում է ախտաբանական ֆիզիոլոգիայի մի մասը), պաթոլոգիամասնավոր Ա. տարբեր հիվանդությունների դեպքում ամբողջ օրգանիզմի, նրա օրգանների և համակարգերի գործունեության խանգարումները։ Կան նաև փորձառական Ա., որ հետազոտում է կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքները, կլինիկական Ա., որ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլ կլինիկա–լաբորատորային հետազոտություններ է կատարում հիվանդանոցային պայմաններում, համեմատական Ա., որ ուսումնասիրում է մարդու և կենդանու օրգանիզմում ընթացող ախտաբանական պրոցեսները՝ համեմատելով դրանք միմյանց հետ, աշխարհագրական Ա., որ ուսումնասիրում է մարդու և կենդանու օրգանիզմում ընթացող ախտաբանական պրոցեսները՝ կապված բնական պայմանների հետ (կլիմա, տեղանք, դիրք), և հնէաախտաբանություն, որ ուսումնասիրում է ախտաբանական պրոցեսների հետքերը բրածո կենդանիների մումիաների վրա։
Գրկ. Альперн Д. Е., Патологическая физиология, б изд., нам. и доп., М., 1965; Вопросы патологической физиологии. Сб. стат. под ред. А. Б. Алексаняна и С. А. Хачатряна, Е., 1966; Давыдовский И. В., Общая патология человека, М., 1961; Струков А. И., Патологическая анатомия, М., 1967.
ԱԽՏԱԽԱՆԱ, Ախտխանա, գյուղ Պարսկահայաստանում, Սալմաստի շրջանամ։ 1913-հն ուներ 50 տուն՝ 350 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա. այժմ էլ գոյություն ունի՝ մոտ 35 տուն հայ բնակիչներով։
ԱԽՏԱԾԻՆ ՄԱՆՐԷՆԵՐ, միկրոօրգանիզմների տեսակներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում հարմարվելով կենդանի օրգանիզմներին, մակաբուծում և առաջացնում են վարակիչ հիվանդություններ։ Մանրէների ախտածնությունը տեսակային հատկություն է. զանազան շտամների մոտ լինում է տարբեր աստիճանի և ցույց տալիս տվյալ շտամի վիրուլենտությունը։ Ա. մ–ին բնորոշ են՝ ագրեսիվությունը (ապրում, բազմանում են կենդանի օրգանիզմներում, առաջացնում պատիճ, արտադրում են ֆագոցիտոզի պրոցեսը թուլացնող ագրեսիններ), թունավորությունը (արտադրում են թունավոր նյութեր՝ էքսոտոքսին և էնդոտոքսին)։ Ա. մ–ի յուրաքանչյուր տեսակ առաջացնում է որոշակի վարակիչ հիվանդություն։
ԱԽՏԱԾՆՈՒԹՅՈՒՆ, պաթոգենեզ (<հուն. πάθος – ախտ, տառապանք + γένεσις – ծագում), բժշկագիտության բաժին։ Ուսումնասիրում է հիվանդությունների հիմքում ընկած ախտաբանական