Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻԲՍԻ ԿԱՇԻՈՒՄ, տես Կանոնիկ բաշխում։

ԳԻԳԱՆՏԻԶՄ (<հուն․ γίγaς – հսկա), մարդու ոչ բնականոն բարձր հասակ, որը 190 սմ–ից բարձր լինելու դեպքում կարող է ախտաբանական բնույթ կրել։ 200 սմ–ից բարձր հասակ ունեցողներ սակավ են լինում։ Գրականության մեջ նկարագրված ամենաբարձր մարդու հասակը եղել է 320 սմ։ Գ–ով տառապում են առավելապես տղամարդիկ։ Պատճառները պարզաբանված չեն, սակայն ենթադրում են, որ այն կապված է հիպոֆիզի առաջային բքթի (որն աճման հորմոն է արտադրում) գերֆունկցիայի հետ։ Գ–ի ժամանակ օրգանիզմի աճումը գլխավորապես ընթանում է ծայրանդամների երկարելու հաշվին։ Այդպիսի հսկաները սովորաբար վատառողջ են փնում, ունենում են սեռական օրգանների թերզարգացում, սեռական թուլություն կամ անկարողություն։

Գիգանտի կմախքը (հասակը՝ 220 սմ) և 170 սմ հասակ ունեցող մարդու կմախքը

Լինում է ևաև մասնակի Գ․, որը բնորոշվում է մարմնի մի հատվածի (օրինակ՝ ծայրանդամների, տես Ակրոմեգալիա) կամ մարմնի մի կեսի մեծացումով։ Բուժումը․ ռենտգենա–հորմոնաբուժություն, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

ԳԻԴԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա ՍՍՀՄ ասիական մասի հյուսիս–արևելքում։ Տես Կոլիմայի լեռնաշղթա։

ԳԻԴՐԻՍ, Գիտրիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1915-ին բնակիչների մեծ մասը բնաջնջվեց, փրկվածները անցան Արևելյան Հայաստան։

ԳԻԶԱ, Էլ Գիզա, Գիզեխ, քաղաք Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Գտնվում է Կահիրե–Ասուան երկաթուղու վրա, Կահիրեի հվ–արմ․ արվարձանն Է։ 571,2 հզ․ բն․ (1966)։ Կա ծխախոտի արդյունաբերություն։ Առևտրական (հիմնականում հացահատիկ) և զբոսաշրջիկության կենտրոն Է։ Գ–ի մոտ, Լիբիական անապատում պահպանվել է Քեոփս, Քեփրեն և Միքերին փարավոնների բուրգ–դամբարանների համակառույցը (մ․ թ․ ա․ III հազարամյակի 1-ին կես)։ Քեփրենի բուրգի ստորին տաճարի մոտ գտնվում են ժայռակերտ, առյուծի մարմնով և փարավոնի գլխով «Մեծ սֆինքսը» (երկ․ 57 մ, բարձր․ 20 մ) և գերեզմանատունը։ Դամբարաններից գտնվել են պաշտամունքային առարկաներ, տնային կահկարասիի նմուշներ, աշխատանքի գործիքներ, զենքեր, տարբեր տեսակի խեցեղեն, քանդակներ, ինչպես նաև հանգուցյալների անդրշիրիմյան կյանքին վևրաբերող զարդանախշ խորաքանդակներ, նշանագրային արձանագրություններ։

ԳԻԶՈ (Guizot) Ֆրանսուա Պիեռ Գիյոմ (4․10․1787, Նիմ– 12․9․1874, Վալ–Ռիշ), ֆրանսիական պետական գործիչ, պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836)։ Եղել է ներքին գործերի (1830), ժող․ լուսավորության (1832–37), արտաքին գործերի (1840–48) մինիստր, 1847–48-ին՝ պրեմիեր–մինիստր։ 1840-ից փաստորեն ղեկավարևլ է Հոււիսյան միապետության քաղաքականությունը։ Գ–ի կարիերային վերջ դրեց 1848-ի հեղափոխությունը։ Գ․, Օ․ Թիերիի և Ֆ․ Մինիեի հետ միասին ստեղծեց մի տեսություն, ըստ որի դասակարգային պայքարը ընդունվում էր որպես պատմության զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Սակայն նա հեռու էր դասակարգային պայքարի դերի գիտական ըմբռնումից։ Նրա դասակարգային տարբերության Էությունը հանգեցնում էր սոսկ գույքային հարաբերությունների՝ չանդրադառնալով սեփականության ծագման բուն պատճառներին։ Հակամարտ դասակարգերի հարաբերությունների հիմքում Գ․ չէր ուզում տեսնել մարդու շահագործումը, ժխտում էր բուրժ․ պետության դասակարգային բնույթը, թշնամաբար վևրաբերվում ժող․ զանգվածների պայքարին։ 1848-ի հեղափոխությունից հետո հրաժարվեց դասակարգային պայքարի տեսությունից։

ԳԻԼԱՆԵՆՑ Պետրոս դի Սարգիս (հայկ․ աղբյուրներում՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենց, ռուս, աղբյուրներում՝ Պյոտր Գիլանսկի, Պետրոս Կալանիցկի, Պյոտր սևրգեև, ծն․ թ․ անհտ․, Նոր Ջուղա – 1724), XVIII դարի 20-ական թվականների հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպիչներից։ Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրանոցում։ Գ․ լավ տիրապետել է մայրենի լեզվին, իմացել է արլ․ և եվրոպական մի քանի լեզուներ։ Վաղ հասակից ներգրավվել է հոր առևտրական գործունեության մեջ, ճանապարհորդել Մերձավոր և Միջին Արևելքում, Ռուսաստանում և Եվրոպայում։ Առևտրական գործերից առավել հետաքրքրվել է ազգային հարցերով։ 1716-ին արդեն անձնակաև ծանոթություն է ունեցել Ամստերդամում գործող նշանավոր տպագրիչ Ղուկաս Վանանդեցու հետ, աջակցել նրան՝ հայերեն գրքերի լույսընծայման գործում։ Գ–ի ջանքերով ու միջոցներով, Պետրոս I-ի՝ պարսկական արշավանքի նախօրյակին, Աստրախանում կազմակերպվել է հայկ․ առաջին հեծյալ ջոկատը, ձիեր, զենք, ռազմամթերք, հանդերձանք ու սնունդ հայթայթելու համար նա տրամադրել է նյութական միջոցներ։ 1722-ի հուլիսին Աստրախանից դեպի Կասպիականի ափերն արշավող ռուս, զորքերի թվում էր նաև հայկ․ հեծյալ ջոկատը՝ Գ–ի հրամանատարությամբ։ Օգոստ․ 23-ին, ռուս, առաջապահ զորամասերի հետ, այդ ջոկատը մտել է Դերբենդ։ Ռուս, զորքերին անջատ–անջատ համագործակցող հայկ․ երեք ջոկատների հրամանատարներ Գ–ի, Այվազ Աբրահամովի և Աղազար դի Խաչիկ Ախիջանենցի միջև 1723-ին Ռեշտ քաղաքի մոտ համաձայնություն է կայացվել ուժերը միավորելու մասին, և այդպիսով ձևավորվել է Հայկական Էսկադրոնը։ Այն մինչև իր կյանքի վերջը գլխավորել է Գ․՝ հաջողությամբ կատարելով ռուս. հրամանատարության մարտական առաջադրանքները։ Արքունիքին ուղարկած իր զեկուցագրերից մեկում գեներալ Վ․ Յա․ Լևաշովը գրել է, որ «Հայ Պյոտր Սերգեևը հավատարիմ ու ջանասեր ծառայությամբ, ունեցած հեծյալներով (որոնց պահում է իր միջոցներով) ինձ մեծ օգնություն է ցույց տալիս», և նրան ներկայացրել է պարգևատրման։

Գ․ թողել է Նոր Ջուղայի բարբառով գրված զեկուցագրերի մի ժողովածու՝ կազմված 133 միավորից, որի մի մասը ուղղված է ռուս, հրամանատարությանը, իսկ մյուսը՝ Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Այդ գրությունների մեջ բացի հակառակորդի զինված ուժերի, կոմունիկացիաների վերաբերյալ ուշագրավ տվյալներից, արժեքավոր նյութեր կան Անդրկովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների ռազմաքաղ․ իրավիճակի, բնակչության կենցաղի, բարքերի մասին