Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պայքարելու և հակաօդային պաշտպանության համար։ Ժամանակակից էսկադրային ականակիրներն ունեն մինչև 4 հզ. տ ջրատարողություն։

ԱԿԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՑ, ականային դաշտերի, շերտերի, գոտիների, խմբերի և առանձին ականների տարբեր զուգակցություններ։ Ա. շ–ները լինում են հակահետևակային, հակատանկային ևն, որոնք տեղադրվում են ցամաքում, հակադեսանտային՝ ծովերի, լճերի և գետերի առափնյա շրջաններում, լուղարկվող՝ ծովերում, լճերում, գետերում, և ստորջրյա (խարսխային, հատակային և լողացող)։ Տես նաև Շրջափակոցներ (ռազմ.)։


ԱԿԱՆԱՆԵՏ, ողորկափող (չակոսված) հրանոթ, որից գագաթնահար հրաձգություն են կատարում ականներով։ Առաջին անգամ կիրառել են ռուսական զորքերը 1904–05-ի ռուս–ճապոնական պատերազմում։ Ի տարբերություն մյուս հրանոթների, Ա. ունի պարզ կառուցվածք, սպասարկման հեշտ ձև, փոքր կշիռ, մեծ մանևրայնություն, կարճ տարածությունների վրա հրաձգություն կատարելու հնարավորություն։ Ա. լինում է միափող և բազմափող (ռեակտիվ)։ Վերջինը հրաձգություն է կատարում ռեակտիվ արկերով (ականներով)։


ԱԿԱՆԹ (Acanthus), ականթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Տեսակները բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր։ Տերևները մեծ մասամբ կտրտված են փետրաձև, կազմում են վարդակ։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ կապ տավուն։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Աճում են հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տաք գոտիներում։ ՍՍՀՄ–ի հարավում Ա. հաճախ բազմացվում է դեկորատիվ նպատակներով։ A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում ևն։ Հայկական ճարտարապետության մեջ Ա. կոչվում է նաև արջամագիլ։


ԱԿԱՆՋ, մարդու և ողնաշարավոր կենդանիների լսողության և հավասարակշռության օրգան։ Կազմված է՝ արտաքին, միջին և ներքին Ա–ներից։ Արտաքին Ա. բաղկացած է ականջախեցուց, լսողական արտաքին անցուղուց և կատարում է ձայնային ալիքների խտացման ֆունկցիա։ Մարդու լսողական արտաքին անցուղին 2,5 սմ երկարությամբ աճառաոսկրային կույր խողովակ է, որի մաշկը հարուստ է ճարպ և ականջածծումբ արտադրող գեղձերով։ Անցուղու վերջում գտնվում է թմբկաթաղանթը, որն արտաքին Ա. բաժանում է միջին Ա–ից։ Միջին Ա. կազմված է թմբկախոռոչից, որը 1 սմ³ տարողությամբ նեղ տարածություն է, դեպի ետ հաղորդակցվում է քունքոսկրի պտկաձև ելուստի օդակիր խոռոչիկների, իսկ եվստախյան փողի միջոցով՝ քթաըմպանի հետ։ Թմբկախոռոչը լցված է օդով, նրա միջային պատի վրա կան ձվաձև և կլոր պատուհաններ։ Թմբկախոռոչի մեջ տեղակայված են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը։ Ներքին Ա. գտնվում է քունքոսկրի հաստության մեջ և կոչվում է նաև լաբիրինթոս։ Ոսկրային լաբիրինթոսի մեջ թաղանթային լաբիրինթոսն է նրանց միջև կա ճեղքանման տարածություն, որը լցված է արտաքին ավիշով, իսկ թաղանթային լաբիրինթոսը՝ ներքին ավիշով։ Ներքին Ա. բաղկացած է անդաստակից, խխունջից և կիսաշրջանաձև երեք խողովակներից։ Անդաստակում տեղակայված են գլխի և մարմնի դիրքի Փոփոխություններն ընկալող բջիջներ։ Կիսաշրջանաձև խողովակների մեջ գտնվող թելանման բջիջները (տես Հավասարակշռության օրգաններ) մարմնի շարժման ուղղությունը և արագությունը փոխվելիս՝ գրգռվում են։ Ա–ի լսողական մասը խխունջն է՝ կազմված ոսկրային և թաղանթային հատվածներից։ Վերջինիս ստորին պատը հիմնային թաղանթն է՝ տարբեր երկարության և հաստության 30.000 լարերով, որոնց վրա դասավորված են ձայնազգաց թելանման բջիջներ։ Ձայնի ալիքների ազդեցությամբ թմբկաթաղանթը տատանվում է, ապա ալիքն ականջի ոսկրիկների միջոցով հասնում է ձվաձև պատուհանը ծածկող ասպանդակի հիմնային թաղանթի լարերի թելանման բջիջներին, այնտեղից ձայնի գրգիռը լսողական նյարդաթելերով հաղորդվում է մեծ ուղեղի քունքային բիլթը՝ լսողական բարձր կենտրոնը։ Հ. Հակոբյան


ԱԿԱՆՋԱԲՈՐԲ, հիվանդություն։ Ականջի անատոմիական բաժանմանը համապատասխան լինում է արտաքին, միջին և ներքին Ա. (տես ԼաբիրինթաբորբԱրտաքին Ա. մեծ մասամբ մաշկային հիվանդություն է (էկզեմա, կարմիր քամի ևն)։ Յուրահատուկ ընթացք ունեն ականջախեցու բորբոքումները՝ պերիխոնդրիտները, որոնք հաճախ առաջացնում են թարախակույտեր և խեցու այլաձևություններ։ Միջին Ա. լինում է սուր և քրոնիկական։ Սուր բորբոքման պատճառը քթի և ըմպանի հիվանդություններն են։ Ախտանիշներն են՝ ականջի ուժեղ ցավեր, լսողության թուլացում, ջերմության բարձրացում, թմբկաթաղանթի կարմրություն, այտուց, հետագայում՝ թմբկաթաղանթի պատռում և լորձային, լորձարյունային կամ թարախային արտադրություն։ Ելքը, առողջացում՝ թմբկաթաղանթի սպիացումով։ Կարող է առաջացնել բարդություններ՝ մենինգիտ, պտկաձև ելուստի բորբոքում, լաբիրինթաբորբ։ Բուժումը դեղորայքային է, ձգձգման դեպքերում պահանջվում է թմբկաթաղանթի հատում։ Միջին ականջի քրոնիկական բորբոքման պատճառներն են՝ սուր Ա–ի ոչ լրիվ բուժումը, քթի և ըմպանի բորբոքումները, թմբկախորշի խոր քայքայումները։ Բորբոքումները լինում են բարորակ (մեզոտիմպանիտներ) և չարորակ (էպիտիմպանիտներ)։ Բարորակի դեպքում ախտահարվում է միայն լորձաթաղանթը, չարորակն առաջացնում է միջին ականջի ոսկրային պատի քայքայում (գրանուլացիանեբ, պոլիպներ և խոլեսթեատոմաներ)։ Լսողությունը թուլանում է։ Բարդությունները՝ մենինգիտ, ուղեղի թարախակույտ ևն։ Բարորակ բոր–