Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են Ա., որը կարևոր է մարսողության համար։ Ոչնչացնում է նաև մի շարք վնասակար բակտերիաներ։ Գաստրիտային հիվանդությունների դեպքում Ա–ի քանակությունը (0,3%) ստամոքսում նվազում կամ աճում է (ցածր կամ բարձր թթվայնություն)։ Առաջին դեպքում հիվանդին նշանակում են Ա–ի նոսր լուծույթներ։ Ա. թունավոր է։ Թունավորման դեպքում անհրաժեշտ են ստամոքսի լվացում, չեզոքացնող (սոդա ևն) և պատող միջոցներ։ Կ. Օհանջանյան

ԱՂԱԹՈՆ (Աղաթոնյան) Գրիգոր (1825–1868), հայ հասարակական գործիչ։ Մ. Աղաթոնի եղբայրը։ Ծնվել է հուլիսի 4-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Ներսեսյան վարժարանում։ 1843-ին ընդունվել է Փարիզի Գրինյոնի երկրագործական բարձրագույն դպրոցը։ 1848-ին ստանձնել է Կ. Պոլսի Այ–մամայ թաղամասի երկրագործական վարժարանի տեսչի պաշտոնը, որտեղ 1849-ին ստեղծել է տեղի հայ ուսանողներից կազմված Երկրագործական ընկերությունը։ 1848-ից «Հայաստան» շաբաթաթերթում և այլ պարբերականներում հանդես է եկել երկրագործության և տնտեսագիտության վերաբերյալ հոդվածներով։ 1853-ին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859-ին՝ Տուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթ–անդամ։ Ա. Կ. Պոլսի Բարեգործական ընկերության հիմնադիրներից է և ատենապետը (1860-ին)։ Երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի փոստ–հեռագրական վարչությունը, իսկ 1867-ին նշանակվել է Թուրքիայի հասարակական շինությունների նախարար։ Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի խաչով (1867)։ Մահացել է ապրիլի 27-ին, Փարիզում։ Ա. հայացքներով ազգային–պահպանողական էր։ Գործուն մասնակցություն է ունեցել ազգային կյանքին, եղել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան ևն։ Թողել է Թուրքիայի տնտեսության վերաբերյալ աշխատություն (ձեռագիր)։

Գրկ. Տաղավարյան Ն., Գրիգոր Աղաթոն, Վնտ., 1900։ Զարդարյան Վ. Գ., Հիշատակարան, հ. 1, ԿՊ, 1910։ Հ. Ղազարյան


ԱՂԱԹՈՆ (Աղաթոնյան) Մկրտիչ (1818–1890), հայ հասարակական Ա քաղաքական գործիչ, Գ. Աղաթոնի եղբայրը։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Ներսեսյան վարժարանում։ 1840-ին մեկնել է Ֆլորենցիա (Իտալիա) և մի քանի տարի հետևել վաճառականական դասընթացների։ 1846-ին, Կ. Պոսլում Հ. Չամուռճյանի հետ խմբագրել է «Հայաստան» շաբաթաթերթը։ Եղել է Կ. Պոլսի Երկրագործական ընկերության անդամ (1849)։ Ա. մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը, Կ. Պոլսի Բարեգործական ընկերություն հայոց–ի հիմնադրմանը (1862-ին՝ նախագահ)։ 1861-ին ընտրվել է Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցի մասնաժողովի անդամ։ 1876–81-ին եղել է Վանի վիլայեթի փոխկառավարիչ։ Ա. մի շարք նախագծեր է կազմել Թուրքիայի տնտ. զարգացման վերաբերյալ, կազմակերպել է բաժնետիրական ընկերություններ։ Հայացքներով ազգային–պահպանողական էր։

Գրկ. Տաղավարյան Ն., Հիշատակարան, հ. 1, ԿՊ, 1910։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսակսւն և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Հ. Ղազարյան


ԱՂԱԼՅԱՆ Ֆրեյդուն Հակոբի (1876–1944), հայ ճարտարապետ։ Ծնվել է նոյեմբ. 20 (դեկտ. 1)–ին, Շուշիում։ 1903-ին ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստ–ի ճարտ. բաժինը։ 1903–21-ին Բաքվում նախագծել և կառուցել է երկաթուղու ուղեմատույց կամուրջները, գիմնազիան, ծննդատուն, Բանվորական տունը, գանձատունը, Արմավիրում՝ հայկական եկեղեցին, Կիսլովոդսկում՝ ամառանոցային շենքեր։ 1921-ին տեղափոխվել է Երևան։ 1930–37-ին եղել է Քանաքեռշինի ճարտ. բաժնի վարիչ։ Նրա նախագծերով կառուցվել են Քանաքեռի ՀԷԿ–ի վարչական և բնակելի շենքերը, Ջրային տնտեսության մինիստրության բնակելի շենքը Երևանում, Գետամեջի (Աբովյանի շրջան) ջրանցույցը։ Դասավանդել է Բաքվում՝ տեխնիկումում (1917–1920), պոլիտեխնիկական ինստ–ում (1920–21), Երևանում՝ ինդուստրիալ տեխնիկումում (1922–29), համալսարանի տեխնիկական ֆակուլտետում (1926–30), Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ում (1935–37)։ Մահացել է փետր. 1-ին, Երևանում։ Ա. Կանայան


ԱՂԱԽԱՆՅԱՆ Գրիգոր Աշոտի (ծն. 1904), հայ սովետ, ինժեներ–մելիորատոր։ ՀՍՍՀ վաստ. իռիգատոր (1957)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ծնվել է հոկտ. 10-ին, Սուրմալուի գավառի Իգդիր գյուղաքաղաքում։ Ավարտել է Դոնի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստ–ը (1929)։ 1940–53-ին եղել է ՀՍՍՀ ջրային տնտեսության մինիստր, 1953-ից՝ ՀՍՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ–ի դիրեկտոր։ Մասնակցել է Արտաշատի, Դալմայի, Ստորին Հրազդանի և այլ ջրանցքների, ջրամբարների նախագծման, կառուցման, ՀՍՍՀ ոռոգման նոր համակարգի իրականացման աշխատանքներին։ Զբաղվել է նաև Սևանա լճի ջրերը խնայելու նպատակով Արարատյան դաշտի ստորերկրյա ու տեղական ջրերի օգտագործման, ոռոգման ցանցի նախագծման, ՀՍՍՀ ջրային տնտեսության զարգացման պատմության և այլ հարցերով։ Ա. եղել է II և III գումարումների Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է ՍՍՀՄ երեք շքանշանով։

Երկ. Ջրային տնտեսության զարգացումը Հայաստանում, Ե., 1960։


ԱՂԱԽԱՆՅԱՆՑ Օկմիր Եղիշի (ծն. 1927), սովետական աշխարհագրագետ։ Ծնվել է հունվարի 5-ին, Լենինգրադում։ Աշխրհգ. գիտ. դ–ր (1967), պրոֆեսոր (1969)։ Ավարտել է Լենինգրադի մանկավարժական ինստ–ը (1948)։ Աշխատել է Տաջիկական ՍՍՀ ԳԱ Պամիրյան կենսաբանական ինստ–ում (1951–68), Կալինինգրադի համալսարանում (1968–70)։ 1971-ից դասախոսում է Մինսկի մանկավարժական ինստ–ում։ Ա–ի աշխատությունները նվիրված են լեռնային չոր երկրների (Միջին Ասիա, Պամիր, Աֆղանստան) ֆիզիկական և բուսաբանական աշխարհագրության հարցերին։

Երկ. Основные проблемы физической географии Памира, Душанбе, ч. 1-2, 1965-66; За растениями по горам Среддей Азии, М., 1972.


ԱՂԱԽԻՆ, տնային սպասուհի։ Արքունական և իշխանական տներում կոչվել է նաժիշտ։ Հնում Ա. դիտվել է որպես անձնական սեփականություն կամ շարժական գույք, որին կարելի էր վաճառել, կտակել ևն։ Աղախնածինը ժառանգում էր մոր իրավազուրկ վիճակը։ Նա կարող էր ազատ արձակվել տիրոջ կամքով կամ փրկագնմամբ։ Նախարարական Հայաստանում Ա–ներ ունեցել են թագավորները, իշխանները, ազատները և բարձրաստիճան հոգևորականները։ Ա–ներ են դարձել պատերազմական գերուհիները («օտարածին աղախիններ»), անազատ պարտապանուհիները («արծաթագին աղախիններ») և հանցավոր կանայք։ Ա–ներն աշխատել են գլխավորապես ընտանիքներում (գերդաստաններում) և տնտ. կյանքում կարևոր դեր չեն խաղացել։ Հետագա դարերից, ինչպես նաև այժմ, կապիտալիստական երկրներում Ա. է կոչվում հարուստների ընտանիքներում փոխադարձ համաձայնությամբ և որոշ վարձատրությամբ սպասավորություն կատարող կինը։


ԱՂԱԿԱԼԱԾ ՀՈՂԵՐ, ջրալույծ աղեր (գլխավորապես քլորիդներ, սուլֆատներ և կարբոնատներ) պարունակող հողեր։ 0,7– 1,0% աղերով հողերը համարվում են ուժեղ, 0,5–0,7% միջին և 0,3–0,5% թույլ Ա. հ.։ 1%-ից ավելի աղերով հողերը կոչվում են աղուտներ։ Ա. հ. առաջանում են, երբ աղեր պարունակող ստորգետնյա ջրերը մոտ են հողի մակերևույթին, միջավայրի ջերմաստիճանը բարձր է, մթնոլորտային տեղումները սակավ։ Հողակլիմայական այդպիսի պայմաններում ստորգետնյա ջրերը բարձրանում են վեր, գոլորշիանում, իսկ աղերը կուտակվում են հողի վերին շերտերում։ Կան նաև երկրորդային Ա. հ., որոնք առաջանում են ագրոտեխնիկական միջոցառումների սխալ կիրառման և ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ա. հ–ում աճում են միայն աղասեր բույսեր, որոնք իրենց տերևներում, ցողուններում և այլ օրգաններում կուտակում են մեծ քանակությամբ աղեր։ Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է որպես Ա. հ–ի բարելավման կենսաբանական մեթոդ, ցանում են աղասեր բույսեր, վեգետացիայի վերջում հավաքում և այրում։ Ա. հ–ի աղազերծման հիմնական մեթոդը հողերի լվացազատումն է։ Ցամաքուրդային ցանցի անցկացման միջոցով (2,5–3 մ խորությամբ) իջեցվում է ստորգետնյա ջրերի մակարդակը, որպեսզի լվացազատած և հողի շերտերից հեռացված աղերը նորից վեր չբարձրանան։ Այնուհետև հողը վարում են, աշնանը մի քանի անգամ ոռոգում, ապա, պարարտացնելուց հետո, սկզբում մշակում բրինձ, առվույտ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, իսկ հետագայում՝ բանջարաբոստանային և պտղատու կուլտուրաներ։ Թույլ Ա. հ. կարելի է բարելավել նաև ագրոտեխնիկական միջոցառումներով (խոր վար, հաճա–