ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ, միջազգային իրավունքում ճանաչված իրավական վիճակ, ըստ որի օտարերկրյա իրավաբանական (հիմնարկություններ, կազմակերպություններ, միություններ) և ֆիզիկական անձինք (քաղաքացիներ) օգտվում են տվյալ պետության կազմակերպություններին և քաղաքացիներին վերապահված իրավունքներից և արտոնություններից։ Ա. ռ. մեծ մասամբ կիրառվում է ծովագնացության մեջ, միջազգային առևտրում և օտարերկրացիների իրավական ստատուսը որոշելիս՝ փոխադարձության սկզբունքով։
ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի Ազգային ժողովը 1860-ի մայիսի 24-ին, և վավերացրել սուլթանական կառավարությունը 1863-ի մարտի 17-ին՝ «Հայոց ազգի կանոնադրություն» («Նիզամնամեի միլլեթի էրմանիան») վերտառությամբ։ Թուրքիայի սուլթանական֊խալիֆայական իշխանությունը հպատակ քրիստոնյա ժողովուրդներին ճանաչում էր ոչ թե որպես «ազգ» կամ «ժողովուրդ», այլ՝ եկեղեցական֊կրոնական համայնքներ, որ գլխավորում էին կրոնապետ֊պատրիարքները, որոնց ազգի ներքին գործերը տնօրինելու լայն իրավասություն էր արտոնված։ Պատրիարքությունները «կրոնական հոտի» բարձրագույն իշխանություններն էին և միաժամանակ Բարձր դռան հրամանագրերը կենսագործողներ։ Մինչև Ա. ս. արևմտահայերի կրոնական, կրթական և այլ գործերը մենատիրական իրավունքներով կառավարում էին Կ. Պոլսի հայոց պատրիարքները՝ ամիրաների և սեղանավորների թելադրությամբ ու գործակցությամբ։ Աշխատավորական զանգվածները զրկված էին քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից։ Դրությունը փոխվեց XIX դ. 40–50-ական թթ.։ Ֆրանսիա ուսումնառության մեկնած մի խումբ հայ երիտասարդներ, որոնք մասնակցել էին 1848-ի ֆրանս. հեղափոխությանն ու ներշնչվել նրա գաղափարներով, վերադառնալով Կ. Պոլիս, տեղի դեմոկրատական ուժերի հետ ծրագրեցին առանց արյունահեղության, ազգի ներքին գործերի կարգավորման ղեկը վերցնել իրենց ձեռքը։ 1853-ին, Ազգային հոգևոր և գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվեց «Ուսումնական խորհուրդ», որի անդամներ Ն. Ռուսինյանը, Գ. Օտյանը, Ն. Պալյանը, Ս. Վիչենյանը (Սերվիչեն), Կ. Ություճյանը, Մկրտիչ Աղաթոնը և Գրիգոր Աղաթոնը մշակեցին ազգային, մշակութային ու հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն (1857)։ Այն կազմվեց Բելգիական սահմանադրության սկզբունքով և կրում էր ֆրանս. հեղափոխության ազդեցությունը։ Կանոնադրության նախագծի քննարկումն ընթացավ առաջադիմականների և կղերա֊ամիրայականների սուր պայքարի մթնոլորտում։ Քանիցս մերժվելուց և փոփոխվելուց հետո, ի վերջո, 1860-ի մայիսի 24-ին Ազգային ժողովն ընդունեց ու հաստատեց կանոնադրությունը, որը Ն. Ռուսինյանի առաջարկով անվանվեց «Ազգային սահմանադրություն»։ Կառավարությունը, ընդառաջելով կղերա֊ամիրայականներին, ձգձգում էր Ա. ս֊յան հաստատումը։ 1861-ի հուլիսին արհեստավորներն ընդվզեցին պատրիարքի դեմ։ 1862-ի օգոստ. 2-ին ցույցեր տեղի ունեցան։ Երկնչելով ժողովրդ. շարժումների ուժեղացումից՝ կառավարությունը ամիրաների սադրանքով և լիբերալների համաձայնությամբ կրճատեց ու վնասազերծեց Ա. ս. և նոր միայն վավերացնելով (1863-ի մարտի 17-ին)՝ տվեց գործադրելու իրավունք։ Բարձր դուռը համոզված էր, որ դրանով հայերին կմեկուսացնի իրենց ազգային֊կրոնական շրջանակներում՝ հեռու պահելով համապետական քաղաքական խնդիրներից, իսկ Եվրոպայում կբարձրացնի Թուրքիայի վարկը՝ որպես «իրավական֊դեմոկրատական», եվրոպականացող երկիր։
Սահմանադրության բնագիրը հայերեն էր, սակայն պաշտոնական էր համարվում վավերացված թուրքերեն տեքստը։ Ա. ս-յան նախագիծն ուներ 150 հոդված, հաստատվածը՝ 99։ Կրճատվել էին համայնքի համար խիստ կարևոր կետերը։ Ազգային ընդհանուր ժողովի անդամների թիվը 400-ից իջեցվել էր 140-ի, հիմնականում՝ ի հաշիվ գավառի ներկայացուցիչների։ Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվեց Ազգային ժողով (օրենսդիր մարմին), Ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), Ազգային կրոնական ժողով (հոգևոր գործեր) և Քաղաքական ժողով (աշխարհիկ գործեր)։ Այդ մարմինները երեսփոխանական (ներկայացուցչական) էին։ Հիմնվել էին նաև ուսումնական, տնտեսական, դատաստանական, վանքերի և թաղական խորհուրդներ, Ազգային գավառական վարչություն, ելևմտից, կտակների, հիվանդանոցների հոգաբարձություն ևն։ Սահմանվել էին աշխարհիկ և կրոնական մարմինների ու պաշտոնյաների ընտրության կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Պատրիարք առաջադրելու կամ հրաժարեցնելու իրավունքը վերապահվում էր Ազգային ընդհանուր ժողովին։ Ընտրելու իրավունք ունեին 25, ընտրվելու՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ Ընտրությունները կատարվում էին փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ։ Թաղական խորհուրդն ընտրում էին տվյալ թաղի բնակիչները։ Հինգ տարին մեկ պետք է վերընտրվեր Ազգային ընդհանուր ժողովը և վերաքննվեր սահմանադրությունը, ընդսմին արգելվում էր փոփոխել նրա հիմնական սկզբունքները։
Արևմտահայ կյանքում և առհասարակ Թուրքիայում Ա. ս. նոր երևույթ էր, թեև ավելի կանոնադրություն էր, քան՝ սահմանադրություն։ Սուլթանական իրավակարգի պայմաններում իսկական սահմանադրություն չէր էլ կարող լինել։ Միջազգային իրավունքի մասնագետ Մ. Ռոլեն֊ժեքմենը գրել է. «Այս սահմանադրության մեջ ոչ մի տեղ լուրջ երաշխիք չկա հայ ազգի ո՛չ հավաքական և ո՛չ էլ առանձին անդամների անձնական իրավունքների համար» (Ролен-Жекмен М., Армения, армяне и трактаты, М., 1896, с․ 196)։ Իր թերություններով հանդերձ, Ա. ս. պատմական ուշագրավ երևույթ էր։ Ա. ս֊յան գոյությունը Թուրքիայում կարճատև եղավ։ Այն չնչին փոփոխություններով գործադրվեց մինչև 1896-ը, արգելվեց Աբդուլ Համիդ II հրամանով, ապա կրկին արտոնվեց 1908-ին և 1915-ին վերջնականապես դադարեց գործելուց։ Ա. ս. զգալի հետք թողեց հայ իրականության մեջ։ Հետագա տարիներին Ա. ս֊յան սկզբունքները գաղութահայության ինքնավարական կանոնադրությունների մշակման հիմք ծառայեցին։ Ներկայումս Լիբանանի, ԵԱՀ֊ի և Իրանի հայ գաղութները ղեկավարվում են նման կանոնադրություններով։
Գրկ․ Սարուխան, Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում, հ. 1, Թ., 1912։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, մաս 2, 2 հրտ., Պեյրութ, 1961։ Պարսամյան Վ. Ա., Հայ ժողովրդի պատմություն (1801–1917), հ. 3, Ե., 1967։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ֊տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։
ԱԶԳԱՅԻՆ ՍՆԴՈՒԿ, այստեղ էր հավաքվում Ս. Փրկչյան ազգային հիվանդանոցի, Սկյուտարի ճեմարանի և մի շարք դպրոցների ծախսերը հոգալու նպատակով հայ ազգաբնակչությունից գանձվող հարկը։ Հիմնել է Կ. Պոլսի Հակոբոս պատրիարքը 1840-ին։ Ա. ս-ի հոգաբարձությունը կազմված էր Կ. Պոլսի արհեստավորության 24 ներկայացուցիչներից։ Հոգաբարձության նախագահը պատրիարքն էր, տեղակալը, որը միաժամանակ տնօրեն էր կոչվում, լինում էր 24-ից մեկը՝ հերթականությամբ։
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տվյալ պետության սահմաններում բնակվող այն ազգությունները, որոնք փոքրամասնություն են կազմում նրա հիմնական ազգության համեմատությամբ, տարբերվում նրանից լեզվով, դավանանքով կամ ազգային այլ հատկանիշներով։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հռչակվեց Ոուսաստանում բնակվող բոլոր Ա. փ֊ի իրավահավասարություն (տես Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիա)։ Անկախ ազգային պատկանելությունից, դավանանքից և ռասայից, նրանց տրվեց ագատ զարգացման հնարավորություն։ Ա. փ֊ի իրավունքները վավերացված են սահմանադրությամբ։
Կապիտալիստական երկրներում Ա. փ. են համարվում պետություն ունեցող ազգերի հիմնական զանգվածից կտրված, բռնի նվաճված փոքր ազգերը (օր. իռլանդացիները՝ Սեծ Բրիտանիայում) կամ պետականությունից զուրկ ազգությունները (օր. նեգրերը՝ ԱՄՆ-ում)։ Տես Ազգ, Ազգային հարց։
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ, կազմակերպվել է 1918-ին, ՌՍՖՍՀ Լուսժողկոմատին կից՝ ազգային փոքրամասնությունների լուսավորության և մշակութային գործերը ղեկավարելու համար։ Նույն նպատակով 1922-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատին առընթեր ստեղծվեց ազգային փոքրամասնությունների հրահանգչական բյուրո, որը 1923-ի հունվարին վերակազմվեց որպես Ա. փ. խ.։ Հայաստանում ազգային փոքրամասնությունների կուլտուր֊լուսավորական կադրերի աճման շնորհիվ 1931-ից Ա. փ. խ. դադարեցրեց իր գործունեությունը։