սիս–արևելք։ 324 բն. (1970), ադրբեջանցիներ։ Միավորված է Գյունսւշլիի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ԱՂՅՈՒՆ, Աղիւն, գավառ Բարձր Հայք նահանգում՝ Եփրատի Աղյունաձոր (Մադեն–դերեսի) վտակի հովտում։ Ա–ում (այժմյան Ղուռու–չայ գյուղի մոտ) էր գտնվում Անալյունաձոր ամրոցը։ Գավառի կենտրոնն էր Անի Աղիւնո (Անալյուն) ամրոցը, որը, հավանաբար, հունա–հռոմեական աղբյուրներում հիշատակվող Անալիբնան Է։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է «Աղնցիք»։
Նկարում` Թունելային վառարան. Կիսաչոր մամլման եղանակով կավային աղյուսի արտադրության սխեմա. 1 – արկղային մատուցիչ, 2 – գրտնակ, 3 – չորացման թմբուկ, 4 – հնոց, 5 – աղաց, 6 – մաղ, 7 – պահեստի բունկեր, 8 – կավախառնիչ, 9 – մամլիչ։
ԱՂՅՈՒՍ շինարարական, ուղղանկյուն զուգահեռանիստի ձևով կաղապարված արհեստական քար։ ՍՍՀՄ–ում Ա–ի ստանդարտ չափերն են 250 × 120 × 65 մմ³։ Ըստ սկզբնահումքի և պատրաստման եղանակի լինում է թրծած կավային, տրեպելային, թրծած կավա–տրեպելային, սիլիկատային (կրա–ավազային, կրա–կավային ևն)։ Ամենամեծ տարածումն ունի թրծած կավային և կրա–ավազային Ա.։
Կավային Ա. պատրաստվում է դյուրահալ ավազակավերից ու կավերից։ Լինում է սովորական, թեթև (ծակոտկեն, սնամեջ), ճանապարհային և այլ տեսակի։ Սովորական Ա–ի ամրության սահմանը սեղմելիս 50–200 կգ/սմ² է, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,6–0,7 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1700–1900 կգ/մ³։ Կավային Ա. արտադրվում է գլխավորապես պլաստիկ կաղապարման և կիսաչոր մամլման եղանակներով։ Առաջին դեպքում կավը բաժնեչափվում, խառնվում է հավելանյութերի հետ և 18–25% խոնավությամբ կաղապարվում աղյուսամամլիչներով։ Ա–ի չորացումը կատարվում է բնական կամ արհեստական չորանոցներում, իսկ թրծումը՝ օղակային կամ թունելային վառարաններում (900°C–ից 1000°C)։ Կիսաչոր մամլման եղանակի դեպքում (տես նկ. ) հում Ա–ի թրծումը կատարվում է առանց նախնական չորացման։ Կավային Ա. օգտագործվում է պատերի շարվածքի, տաքացման վառարանների, ծխնելույզների և կամարների կառուցման համար։
Սիլիկատային Ա. պատրաստում են ավազի (92–95%) և կրի (5–8%) խառնուրդից՝ ջերմային մշակմամբ։ Ամրության սահմանը սեղմելիս՝ 75–200 կգ/սմ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,70–0,75 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1800–1900 կգ/մ³։ Սիլիկատային Ա. օգտագործվում է նույն նպատակներով, ինչ որ կավայինը, սակայն 250°C–ից ցածր ջերմաստիճանում և ոչ խոնավ պայմաններում։
Ա. գործածվել է հնագույն ժամանակներից որպես շինանյութ Բաբելոնում, Նինվեում, Ուրարտուում և այլուր։ Այդ երկրներում խոնավ Ա–ի վրա փորագրում էին և ապա թրծում։ Հայկական լեռնաշխարհում հում Ա. (հարդախառը կամ առանց հարդի) կիրառվել է մ. թ. ա. 6-րդ հազարամյակից («Աղվեսի բներ» բնակավայր)։ Ուղղանկյուն հում Ա–ից պատրաստված կացարաններ հայտնաբերվել են Թեղուտում (մ. թ. ա. 5–4-րդ հազարամյակ), Գառնիի էնեոլիթյան (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) և հելլենիստական (մ. թ. ա. I դ.) շերտերում։ Ուրարտ. ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX–VII դդ., Արին–բերդ, Կարմիր–բլուր) Ա. օգտագործվել է միջնաբերդի պարիսպներում։ Դվինում հայտնաբերված Ա–ի թրծման արհեստանոցները (IV–XIII դդ.) նույնպես վկայում են միջնադարյան Հայաստանում Ա–ի լայն կիրառման մասին։
Գրկ. Будников П. П. и др.,Технология керамики и огнеупоров,. М., 1962.
ԱՂՆՋԱՁՈՐ (մինչև 1968՝ Աղքենդ), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Վայոց ձորի լեռնանցքի հարավային լանջին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ 556 բն. (1970), հայեր և ադրբեջանցիներ։ Միավորված է Քարագլխի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Ա–ի տարածքում է գտնվում Սելիմի քարավանատունը՝ կառուցված 1332-ին։
ԱՂՆՁԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Խարբերդից 20 կմ հարավ–արեելք: XX դ. սկզբին ուներ մոտ 400 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Փրկվածները տարագրվել են ԱՄՆ ու այլ երկրներ։
ԱՂՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարյան մատենագրության տեսակ։ Գերբնական ուժերի վրա խոսքով ներգործելու՝ մարդու հավատքի արտահայտությունն էր։ Հայ Ա–յան նախնական նմուշները հմայիլներն են (տես Աղոթք հմայական և Ախտարական գրականություն), որոնք կրել են հայ հեթանոսական աղոթքի ազդեցությանը։ Հատկապես հարուստ ու բազմազան է հայ քրիստոնեական Ա.։ Այն սկզբնավորվել է V դ., հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել նոր կրոնի դրույթների վրա, կանոնական դարձվել հայ եկեղեցու կողմից։ Քրիստոնեական հայ Ա. հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարանների ու Տաղարանների մեջ։ Այն զարգացրել են Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Առաքել Բաղիշեցին, Գրիգոր Տաթևացին և ուր.։ Հայ Ա. սոսկ կրոնական, սխոլաստիկ երևույթ չէ։ Երբեմն շատ կարևոր նշանակություն և արժեք է ներկայացնում հայ ժողովրդի պատմաքաղաքական անցյալի, ազատագրական ու հայրենասիրական նկրտումների, փիլ. մտքի, աշխարհընկալման, հոգեկան աշխարհի, կենցաղային և ազգագրական տարրերի ուսումնասիրության համար։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղարվեստական գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով։ Պատմա–բանասիրական լուրջ արժեք ունի նաև հայ թարգմանական Ա., որը ևս հարուստ ու բազմազան է։
Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 626–34։
ԱՂՈԹԱՐԱՆ, 1. լուսաբաց, այգ, արևելք։ Լուսաբացի պաշտամունքը ծագել է արևագալը աղոթքով և օրհներգով դիմավորելու հեթանոս արևապաշտների ծեսերից։ Քրիստոնեության շրջանում արևածագը ծիսական արարողությամբ ընդունելը վերապրուկի ձևով գոյատևել է ժողովրդի մեջ (թաղման ծեսեր՝ դիալվացում, հանգուցյալներին դեմքով դեպի արևելք թաղելը ևն)։ Հորինվել են երգեր, օրհներգեր, շարականներ՝ նվիրված արևագալին (տես նաև Արևագալի երգեր) և արեգակի լույսին։ Այդ պաշտամունքային սովորույթը առաջ է բերել կրոնական շինությունների ճարտարապետական հորինվածքների կանոնացում. եկեղեցիների ավագ խորանները, որտեղ տեղավորված է բեմը և սեղանը, արևելյան կողմում են։ Խաչքարերը նույնպես կանգնեցվել են ճակատով արևմուտք, որպեսզի դիտողի և աղոթողի հայացքը ուղղված լինի արևելք։ 2. Աղոթավայր, աղոթատուն (եկեղեցի, մատուռ, մեհյան, կռատուն, սինագոգ, մզկիթ ևն)։
ԱՂՈԹԱՐԱՐՆԵՐ (Mantodea), միջատների կարգ։ Մարմնի երկարությունը մինչև 11 սմ, գլուխը եռանկյունաձև՝ նստած բարակ պարանոցի վրա, կարող է թեքվել ամեն ուղղությամբ։ Մարմինն ուղղված է առաջ, ոտքերը վեր՝ աղոթողի նման, այստեղից՝ Ա. անունը։ Ա. վատ են թռչում, որոշ տեսակների թևերը ետ են զարգացել կամ բացակայում են։ Առջևի սրունքները և ազդրերը ծածկված են փշերով, որոնցով բռնում են որսը։ Գիշատիչ են, արտակարգ շատակեր։ Սնվում են միջատներով (հատկապես ճանճերով), առանձին արևադարձային տեսակներ երբեմն հարձակվում են նաև փոքր մողեսների և թռչունների վրա։ Ապրում են միայն տաք երկրներում։ Տալիս են մեկ սերունդ։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, դրանցից 5-ը հանդիպում է նաև ՀՍՍՀ–ում։ Ա. գույնով և ձևով հարմար–