Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արեոպագոսն աստիճանաբար զրկվեց քաղաքական իշխանությունից։

ԱՐԵՍ (Άρης), հելլենական դիցաբանության մեջ պատերազմի աստվածը։ Զևսի և Հերայի որդին։ Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս (Սարսափ) և Փոբոս (Երկյուղ) զավակները, Երիս (Գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դևերը, շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս․ (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։


«ԱՐԵՎ», գրական և քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1907-ից, Ալեքսանդրիայում։ Խմբագիր՝ Ե․ Օտյան։ Հրատարակել է նյութեր եգիպտահայ գաղութի, Արևմտյան Հայաստանի և Անդրկովկասի հայ իրականության մասին, տպագրել է միջազգային լուրեր, տեղեկություններ Թուրքիայի, Եգիպտոսի և արաբ․ այլ երկրների կյանքից։ Անդրադարձել է երիտթուրքերի քաղաքականությանը։ Գրական բաժնում ներկայացրել է Ե․ Օտյանի պամֆլետները՝ «Առտվան սուրճի տեղ» ընդհանուր խորագրի տակ։ Թղթակցել են Լ․ Մկրտիչյանը, Բ․ Շահբազը, Վ․ Մալեզյանը, Վ․ Թեքեյանը, Ա․ Ճիգմեճյանը և ուրիշներ։ 1909-ի հունվարին, միանալով «Լուսաբեր»-ին, դարձավ «Լուսաբեր–Արև»։


«Արև», հասարակական–քաղաքական և գրական օրաթերթ (մինչև 1923-ը՝ երկօրյա), ռամկավար–ազատական կուսակցության օրգան (1922-ից)։ Լույս է տեսնում 1915-ից, Ալեքսանդրիայում (1915-24), Կահիրեում (1924-ից)։ Խմբագիրներ՝ Վ․ Թեքեյան, Մ․ Կյուրճյան, Լ. Մկրտիչյան, Հ․ Հակոբյան, Հ․ Պողոսյան, Հ․ Սեքսենյան, Օ․ Մահտեսյան, Հ․ Փափազյան, Հ․ Արամյան, Պ․ Տեփոյան, Ն․ Պերպերյան, Է․ Կոտալազյան, Ա․ Յափուճյան։ Լայն տեղ է հատկացրել հատկապես եգիպտահայությանը և ընդհանրապես սփյուռքահայությանը հետաքրքրող ազգային ու միջազգային հարցերին, լուսաբանել Հայկական հարցը, տպագրել բանասիրական, պատմական, գիտական, առողջապահական, մանկավարժական, մարզական և այլ թեմաներով նյութեր, բանաստեղծություններ ու պատմվածքներ հայ և օտար հեղինակներից։ «Արև» պայքարել է դաշնակցության արկածախնդրական քաղաքականության դեմ սփյուռքում, լուսաբանել Սովետական Հայաստանի մշակութային, գիտական և արդյունաբերական բարգավաճումը։ Հայրենական պատերազմի տարիներին հանդես է եկել սովետական ժողովրդի արդարացի պայքարի պաշտպանությամբ։ Ետպատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցել է հայրենադարձության կազմակերպմանը։ Զորավիգ կանգնելով հանդերձ Սովետական Հայաստանին՝ «Արև», հետևելով իր կուսակցության քաղաքական գծին, որոշ հարցերում վերապահ դիրք է գրավել կոմունիստական գաղափարախոսության հանդեպ։


ԱՐԵՎԱԲԾԵՐ, տես Արեգակ։


ԱՐԵՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, հելիոթերապիա (հուն․ ἢλιος – արև և θεραπεια – բուժում), արևի ճառագայթների օգտագործումը լոգանքների ձևով, հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Արևի ճառագայթների ազդեցությունը օրգանիզմի վրա գիտականորեն սկսել են ուսումնասիրել 1799-ից։ Արևաբուժության առաջին ինստ–ը հիմնադրվել է Ավստրիայում (1855)։ Արևի սպեկտրը պարունակում է տեսանելի և ոչ տեսանելի (ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն) ճառագայթներ։ Տեսանելի ճառագայթների ազդեցությունը տեղային է, առաջացնում է ջերմային էրիթեմա, երբեմն՝ մարմնի ընդհանուր ջերմության բարձրացումով։ Ոչ տեսանելի ճառագայթներն օժտված են կենսաբանական մեծ ակտիվությամբ, նրանց ազդեցությունից մաշկային ծածկույթների բջջանյութում առաջանում են քիմիական տեղաշարժեր, որի հետևանքով արյան մեջ են անցնում սպիտակուցների քայքայման ակտիվ նյութեր։ Լոգանքների ժամանակ օրգանիզմը ենթարկվում է ոչմիայն ճառագայթների, այլև շարժվող օդի ազդեցությանը (տես Օդաբուժություն)։ Արևաբուժությունը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը և դիմադրողականությունը (ավշահանգույցների, մաշկի, ոսկրահոդային տուբերկուլոզի ժամանակ), կարգավորում կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը, խթանում ոսկրագոյացման պրոցեսը (ռախիտի դեպքում)։ Արևաբուժության չարաշահումը կարող է պատճառ դառնալ արևային այրվածքների, նյարդային և սիրտ–անոթային համակարգի գործունեության խանգարումների և քրոնիկական բորբոքային պրոցեսների սրացման։ Հակացուցումները․ թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևեր, անոթների (հատկապես՝ ուղեղի) սկլերոզ, սիրտ–անոթային անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդություն, արյունահոսային նախատրամադրվածություն և հյուծվածություն։ Արևաբուժությունը լայնորեն կիրառվում է առողջարաններում և մանկական ճամբարներում, որտեղ արևի լոգանքներ ընդունելու համար պատրաստում են հատուկ հրապարակներ՝ սոլյարիաներ։ Գ․ Աղաջանյան

(նկ․) «Արզնի» առողջարանի արևաբուժարանը


«ԱՐԵՎԱԳԱԼ», գրականության և արվեստի պարբերաթերթ։ Հրատարակվել է 1937-1939-ին, Աթենքում։ Տպագրել է արձակ ու չափածո գործեր հայ և օտար (այդ թվում հույն) հեղինակների ստեղծագործություններից, գրական, բանասիրական հոդվածներ, Հունաստանի հայ գաղութի ազգային և մշակութային կյանքն ու գործունեությունը պատկերող նյութեր։ Մ․ Բաբլոյան


ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ, արևածագին նվիրված հայկական երգեր։ Հորինվել են տակավին հեթանոսական Հայաստանում, եղել են ժողովրդական, գուսանական և մանավանդ՝ պաշտամունքային։ Արևագալի երգերը հետագայում մուտք են գործել քրիստոնեական երաժշտության մեջ։ Ավելի նեղ ումասնավոր նշանակությամբ Արևագալի երգերն են հայկական եկեղեցական ժամերգության մեջարևագալի ժամին նվիրված երգերը։ Արևագալի ժամը պաշտամունքային երգեցողության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Դրան հատուկ երգեցողությունը մինչև XII դ․ բաղկացած էր եկեղեցական օրվա տվյալ պահին պատշաճող տարբեր սաղմոսատներից, քարոզից և աղոթքից։ XII դ․ Ներսես Շնորհալին բարեփոխելով ճոխացրեց հայոց ողջ պաշտոներգությունը, արևագալի ժամի համար հորինեց չորս երգեր, որոնք մինչև օրս չեն կորցրել իրենց գեղարվեստական ներգործության ուժը։ Դրանք են՝ «Ցարեւելից մինչ ի մուտս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» ու «Ճանապարհ և ճշմարտութիւն»։ Յուրաքանչյուրին կցվում է մեկական «հորդորակ», որով երգերի թիվը փաստորեն հասնում է ութի։ Ն․ Թահմիզյան

(նկ․) Արևադարձ


ԱՐԵՎԱԴԱՐՁ, խամբար (Heliotropium), գաղտրիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները թփեր, կիսաթվեր կամ խոտաբույսեր են։ Տերևները հերթադիր են, ծաղիկները՝ մանր, հոտավետ, սպիտակ, մանուշակագույն։ Հայտնի է մոտ 220 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, իսկ չորսը՝ նաև Հայկական լեռնաշխարհում։ Ծաղկաբուծության մեջ օգտագործվում են պերուական արևադարձից ստացված բազմաթիվ տեսակներ։ Արևադարձի որոշ տեսակներ թունավոր են և պարունակում են ցինոգլոսին ալկալոիդ, որը կենդանիների մոտ առաջացնում է նյարդային համակարգի գործունեության խանգարումներ (կաթված)։ Արևադարձը բազմացնում են կտրոններով և սերմերով։