Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նապարհի վրա։ Շուրջ 4 հզ. բն. (1972), հայեր։ Զբաղվում են այգեգործությամբ ու առևտրով։ Ունի 2 դպրոց և եկեղեցի։ Աոաջին համաշխարհային պատերազմից հետո որպես բնակավայր տրվել է Մուսա լեռան շրջանից գաղթած հայերին, որոնք կառուցել են գյուղը, տնկել հռչակված խնձորի այգիներ։ Ա–ի հայերը խնձոր են արտահանում ոչ միայն Լիբանանի մի շարք քաղաքներ, այլև՝ Ֆրանսիա։

ԱՅՆՈՒ, այներեն, այների լեզուն, որով խոսում է մոտ 20 հզ. մարդ (1967)՝ Հոկկայդո կղզում (Ճապոնիա), մասամբ՝ Սախալին կղզու (ՍՍՀՄ) հարավային մասում։ Գիր չունի։ Նրա և մյուս լեզուների միջև ցեղակցական կապեր հայտնաբերելու փորձերը արդյունք չեն տվել։ Պ. Նարտի բերած այնու–հնդեվրոպական զուգահեռները ուրիշ հետազոտողներ բացատրում են հնագույն շփումներով ու փոխառություններով։


ԱՅՈՎԱ (Iova), նահանգ ԱՄՆ–ում, Միսսիսիպի և Միսսուրի գետերի միջև։ Տարածությունը 145,8 հզ. կմ է։ 2789,9 հզ. բն. (1970)։ Գլխ. քաղաքը՝ Դե–Մոյն։ Ա. այսպես կոչված եգիպտացորենային գոտու նահանգներից է։ Տերիտորիայի 70% վարելահողեր են։ Գյուղատնտեսության արտադըրանքի արժեքով երկրում գրավում է 2-րդ տեղը (Կալիֆոռնիայից հետո)։ Զարգացած է մսատու անասնապահությունը (տալիս է գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի մոտ 80%)։ Հարուստ է շինանյութերով։ Զարգացած է սննդի արդ–ը, գյուղատնտ. մեքենաների ու գործիքների արտադրությունը, Դուբյուկ և Դավենպորտ քաղաքներում՝ արդյունաբերությունը։


ԱՅ–ՊԵՏՐԻ, գագաթ Ղրիմի լեռներում։ Բարձրությունը 1233 մ է։ Կազմված է կարծր կրաքարերից և ավազաքարերից։


ԱՅՍԼԵՐ (Eisler) Հանս (1898-1962), գերմանացի կոմպոզիտոր։ ԳԴՀ արվեստների ակադեմիայի անդամ։ Ծնվել է հուլիսի 6-ին, Լայպցիգում։ 1925-ին տեղափոխվել է Բեռլին։ 1933-ին դարձել է վտարանդի, 1938-ին անցել ԱՄՆ, աշխատել Հոլիվուդում։ Հրատարակել է «Կոմպոզիցիաներ ֆիլմերի համար» գիրքը (1947)։ Կոմունիստական պրոպագանդով զբաղվելու մեղադրանքով 1948-ին արտաքսվել է ԱՄՆ–ից։ 1950-ից դասավանդել է Բեռլինի կոնսերվատորիայում։ Գրել է ԳԴՀ պետ. հիմնի երաժշտությունը (խոսք Ի. Բեխերի)։ Ա. նոր ոճի հեղափոխական երգի ստեղծողն է, բազմաթիվ հակաֆաշիստական երգերի հեղինակ (հանրահայտ «Կոմինտերն», «Միացյալ ճակատի երգը» ևն)։ Ա. գրել է «Գերմանական սիմֆոնիա» (1937), կանտատներ, գործիքային ստեղծագործություններ, «Երգ խաղաղության մասին» սիմֆոնիկ տրիպտիխը (1951) ևն։ Արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակների (1950, 1958)։ Մահացել է սեպտ. 6-ին, Բեռլինում։

(նկ․) Հ. Այսլեր։


ԱՅՎԱԶՅԱՆ Աղասի Սիմոնի (ծն. 1925), հայ սովետական գրող։ Ծնվել է սեպտեմբերի 7-ին, Վրացական ՍՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942) և Երևանի գեղարվեստական ինստ–ում (1945–1948)։ 1963-ին հրատարակել է «Ճանապարհորդություն իր շուրջը» երգիծական պատմվածքների ժողովածուն։ 1967-ին Ա–ի «Եռանկյունի» վիպակի («ՍԳ», 1965, № 1) հիման վրա հեղինակի սցենարով ստեղծվել է համանուն կինոնկար, որը 1968-ի Լենինգրադի համամիութենական կինհփառատոնում շահել է 2-րդ մրցանակ։ Գրել է նաև «Խաթաբալա» և «Հայրիկ» կինոնկարների սցենարները։ 1968-ին հրատարակվել է Ա–ի «Ընտանիքի հայրը» վիպակների և նովելների ժողովածուն։


ԱՅՎԱԶՅԱՆ Արտեմի (Հարություն) Սերգեյի (ծն. 1902), հայ սովետ, կոմպոզիտոր, թավջութակահար։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ծնվել է հունիսի 26(հուլիսի 9)–ին, Բաքվում։ 1923-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, 1932-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիան, 1934-ին՝ Բարձրագույն վարպետության դպրոցը։ Երևանում կոմպոզիցիայի դասեր է առել Ա. Սպենդիարյանից, եղել նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին դասատուն։ Ա. երաժիշտ–կատարողների համամիութենական առաջին մրցույթի (1933) դափնեկիր է։ 1938-ին կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, 1938–56-ին եղել նրա գեղարվեստական ղեկավարր, 1943–45-ին՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1936-ին գրել է «Թափառնիկոս» կոմիկական օպերան (բեմ. 1937, Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոն)։ Ա. հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրն է. յուրովի զուգորդել է սովետական էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժող. մեղեդիների ռիթմն ու ինտոնացիաները։ Ժողովրդականություն են վայելում նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» և այլ երգեր։ Ա. ստեղծել է սովետահայ առաջին օպերետները։ Նրա «Արևելյան ատամնաբույժ» (բեմ. 1944), «Աշուղ Մուրադ» (բեմ. 1945), «Երջանիկ օր» (բեմ. 1945), «Սեր աստղերի տակ» (բեմ. 1969) օպերետները հարստացրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը։ Ա. գրել է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ, այդ թվում 2 սյուիտ (1948 և 1955), թավջութակի (1947) և ձայնի (1949) կոնցերտներ, կամերային գործեր, այդ թվում 2 կվարտետ (1950 և 1955), կինոերաժշտություն՝ «Ձյունե թագուհին» («Սոյուզմուլտֆիլմ», 1957, I մրցանակ՝ Վենետիկի կինոփառատոնում), «Պոեմ Հայաստանի մասին» (1960) և այլ ֆիլմերի համար։

(նկ․) Ար. Ս. Այվազյան։


ԱՅՎԱԶՅԱՆ Բագրատ Հովակիմի (1862–1934), հայ գրող։ Ծնվել է հունիսի 8(20)–ին, Թիֆլիսում, ավարտել է Ներսիսյան դպրոցը (1882)։ Եղել է ուսուցիչ (1882–1897), հետագայում աշխատել վիրահայոց թեմի հոգևոր ատյանում։ Ա–ի «Թալնած գյուղ» առաջին պատմվածքը տպագրվել է 1882-ին, «Մեղու Հայաստանի» թերթում։ «Աշոտ Երկաթ» (մաս 1–2, 1893–94), «Հյուսիսի արծիվը» (1901), «Անիի կործանումը» (1905, հայտնի է նաև «Անին ծախվեցավ» վերնագրով) պատմավեպերը և «Սասունը այրվում է» (1913) դրաման արտացոլում են հայ ժողովրդի պայքարը օտար բռնակալների դեմ։ Հանդես է եկել նաև Ռաշիդ կեղծանվամբ։ Մահացել է մարտի 3-ին, Թիֆլիսում։

Երկ. Տանջանքի բովից, Թ., 1895։ Սև հաղթանակ, Թ., 1903։ Աշոտ Երկաթ, Անիի կործանումը, Ե., 1964։

Գրկ. Անմոռաց դեմքեր. Ներսիսյան դպրոցի սաներ, Ե., 1965, էջ 216–17։


ԱՅՎԱԶՅԱՆ Կոստանդին Գրիգորի (1896–1937), կուսակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է ապրիլի 19-ին, Զանգեզուրի գավառի Վանք գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Մեղրու շրջան)։ Սովորել է Բաքվում, Բաքվի կոմունայի ժամանակ ծառայել է կարմիր բանակում։ 1920-ի մայիսի 7-ին մասնակցել է«Վարդան զորավար» զրահագնացքում կայացած խորհրդակցությանը, ընտրվել Դիլիջանի գավառի հեղկոմի անդամ։ 1921–23-ին ղեկավար աշխատանք է տարել Էջմիածնի, Նոր Բայազետի (Կամո) գավառային կուսկոմիտեներում։ 1926-ից եղել է Հայաստանի ջրային տնտեսության պետ։ Ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի, Անդրկենտգործկոմի անդամ։


ԱՅՎԱԶՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (1890–1924), հայ առաջին պրոլետարական գրողներից։ Ծնվել է դեկտեմբերի 20-ին, Լոռու Շահնազար գյուղում (այժմ՝ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջան)։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, չորս տարի ուսանել Վենետիկի Մխիթարյանների մոտ, ավարտել Թրֆլիսի Ներսիսյան դպրոցը (1912)։ Աշխատակցել է «Կոմունիստ» (Բաքու), «Կարմիր աստղ», ապա «Մարտակոչ» օրաթերթերին (Թիֆլիս)։ Գրել է հեղափոխական ոգով տոգորված բանաստեղծություններ։ 1922-ին մասնակցել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի հիմնադրմանն ու նրա օրգան «Դարբնոց» ամսագրի հրատարակմանը։ Ա. իր հոդվածներում հանդես է եկել սոցիալիստական արվեստին խորթ ուղղությունների դեմ։ Մահացել է ապրիլի 19-ին, ծննդավայրում։

Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1959։


ԱՅՎԱԶՅԱՆ Պետրոս Կարապետի (ծն. 1922), հայ սովետ, այգեգործ, սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դ–ր (1960), պրոֆեսոր (1961)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է դեկտ. 31-ին, Գանձակում (այժմ՝ Կիրովաբադ)։ 1950-ին ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965-ից ղեկավարում է նույև ինստ–ի այգեգործության և գինեգործության ամբիոնը։ Ա. 1953–62-ին Ուկր. ՍՍՀ–ում ստացել է խաղողի 7 փոփոխակ–