Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կլիմայավարժեցված է կուղբը։ Ա. լ–ի հս–արլ. զառիթափ ափին կառուցվել է ջրհան կայան (1925–28), այն ժամանակ ՍՍՀՄ–ում առաջին խոշոր մեխանիկական տեղակայանքը՝ 1000 կվտ հզորությամբ։ Լճից ջուրը պոմպերով բարձրացվում է 10 և 20 մ բարձրության վրա։ Ոռոգման համակարգն ունի 2 գլխավոր ջրանցք՝ 24 կմ երկարությամբ, ոռոգում է Էջմիածնի շրջանի 2,7 հզ. հա հողատարածություն։ Ա. լ–ի ափին գործում է հանգստի տուն։ Ռ. Ջաքոյան

ԱՅՂՐԼԻՃ, ավան Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, Այղր լճի մոտ, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արնմուտք։ 1933 բն. (1970), հայեր։ Այգեպտղաբուծական սովետական տնտեսություն է։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր–մանկապարտեզ։ Ավանը հիմնադրվել է 1954-ին։ Ա–ի տերիտորիայում գտնվում են նախնադարյան մի քանի բերդ–շեներ։ Ա–ից ոչ հեռու հայտնաբերվել են երկաթի հնագույն ձուլարանի մնացորդներ (տես Մեծամոր):


ԱՅՄԱՆՈՎ Շակեն Կենժետանիչ (1914–1970), ղազախ դերասան, ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է փետրվարի 15-ին։ 1938-ից աշխատել է Ղազախական դրամայի թատրոնում (Ալմա Աթա)։ Լավագույն դերերից են՝ Ախան–սերե, Կոդար (Մուսրեպովի «Ախան–սերե և Ակտոկտի», «Կոզի Կորպեշ և Բայան Սլու»), Իսատայ (Ախինժանովի «Իսատայ և Մահամբետ»), Պետրուչչիո (Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը»)։ Աուեզովի «Աբայ» վեպի բեմադրությանը մասնակցելու համար 1952-ին արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի։ 1940-ից հանդես է եկել կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Մահացել է դեկտ. 23-ին, Մոսկվայում։


ԱՅՄԱՐԱ, հնդկացի ժողովուրդ հարավային Ամերիկայում։ Բնակվում է Բոլիվիայում և Պերուում։ Այմարերեն է խոսում մոտ 1,3 մլն. մարդ (1964)։ Ա–ի նախնիները Տիաուանակո մշակույթը ստեղծողներն են։ Իսպանական նվաճումից հետո (XVI դ.) Ա. պահպանել է իր լեզուն և մշակույթը։ Դավանանքով կաթոլիկներ են, պահպանել են նաև նախաքրիստոնեական հավատալիքների մնացուկներ։


ԱՅՆԵՐ, ժողովուրդ Հոկկայդո կղզում (Ճապոնիա)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 20 հզ. մարդ (1967)։ Խոսում են այնու լեզվով և ճապոներեն։


ԱՅՆԹԱՊ, Անթեպ (թուրք. Գազիանթեպ – Gaziantep), քաղաք Թուրքիայի հարավում, Եփրատի վտակ Սաջուրի ափին, Գազիանթեպ վիլայեթի կենտրոնը։ 160,2 հզ. բն. (1970)։ Երկաթուղային հանգույց։ Քաղաքը կառուցված է պտղատու այգիներով շրջապատված երեք բլուրների վրա։ Ա–ում կան տեքստիլ, կաշվե իրերի, սպիրտ–օղու և օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ա. եղել է հին բնակավայր, սակայն աղբյուրներում հիշատակվում է X դարից։ Խաչակիրների օրոք մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ։ 1266-ին Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը երկու անգամ արշավեց Ա–ի վրա, բայց չկարողացավ գրավել։ XIII––XIV դդ. գտնվում էր եգիպտական սուլթանների գերիշխանության տակ։ 1404-ին Ա. ավերեցին Լենկթեմուրի զորքերը։ 1516-ին Ա. ընկավ թուրքերի ձեռքը։ XVIII դ. Ա–ի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում օսմանյան պետությունը այդտեղ բնակեցրել է քրդեր, հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Ա–ի վիլայեթում կիսատվեր և կանգուն վիճակում պահպանվել են հայկական բազմաթիվ հնություններ՝ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։

(նկ․) Այնթապ քաղաքի ընդհանուր տեսարանը :

XX դ. սկզբներին Ա. ուներ 50 հզ. բն., այդ թվում՝ մոտ 20 հզ. հայ։ Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարգործությամբ։ Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը։ Զարգացած էր ներկարարությունը և դրոշմազարդումը (դաջածո, տպածո)։ Ա. հայտնի էր նաև բրդյա գործվածքներով, գոտեգործությամբ։ Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության։ Ա. առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը։ Այն հայկական ասեղնագործ. արվեստի ամենանուրբ ճյուղն Էր։ Ա–ում ասեղնագործում էին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ (օյա), որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը և բնակարանի փափուկ կահույքը։ Թուրքական կառավարության կազմակերպած ջարդերից հետո եվրոպական մի շարք երկրներից այդ վայրերն են եկել բողոքական միսիոներներ։ Կրոնական գործունեությունից բացի նրանք խրախուսել են հայկական ասեղնագործության տեղական ճյուղերը, որոնց արտադրանքը արտահանել են Եվրոպայի և Ամերիկայի շուկաները։

Ա–ում կար 6 հայկական եկեղեցի, որոնցից Ս. Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1873–93-ին, ճարտարապետ Սարգիս Պալյանի կողմից։ Քաղաքում կային 17 վարժարան (Վարդանյան, Ներսեսյան, Հայկանուշյան ևն) և զանազան մշակութային ընկերություններ (Վարդանյան, Այդինյան ևն)։ Հայ երեխաները հաճախում էին նաև ամերիկյան միսիոներների հիմնադրած «Կեդրոնական Թուրքիո կոլեջը» և օրիորդաց ուսումնարանը։ 1886-ին Վարդանյան վարժարանում հրատարակվել է «Մենտոր» անունով հայատառ թուրքերեն կիսամսյա հանդեսը, որ տպագրվել է Կ. Պոլսում։ 1912– 15-ին գործել Է Կիլիկյան ճեմարանը՝ գիշերօթիկ և ցերեկային բաժիններով։

Ազգային ճնշումների և բռնությունների հետևանքով Ա–ի հայերի մեծ մասը հայերեն չէր խոսում, սակայն XIX դ. վերջին, հայ մշակութային ընկերությունների և առանձին բարերարների հիմնադրած հայկական դպրոցների շնորհիվ, հայերենը նորից խոսակցական լեզու դարձավ հայ ընտանիքներում։

(նկ․) Այնթապի եկեղեցին և միջնաբերդը։