42 ԱԲՐԱՀԱՄ
վստահությունը, Էջմիածինը փրկեց կողոպուտից՝ ճանաչել տալով Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Ա. Կ֊ու միջնորդությամբ խանը թույլատրեց Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։ Ա. Կ֊ու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր֊Շահին պարսից» աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–36)։ Ա. Կ. նկարագրում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։
Ա. Կ֊ու «Պատմագրությունը» տպագրվել է 1796-ին, Կալկաթայում և 1870-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն և հրատարակել «Collection d՛historiens arméniens» ժողովածուում (հ. 2, 1876)։ ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ձեռագրերի ինստ֊ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանը, 1973-ին հրատարակում է Ա. Կ֊ու «Պատմագրության» տեքստը ռուսերեն թարգմանությամբ հանդերձ։
ԱԲՐԱՀԱՄ ՂՌԱՄԱՏԻԿՈՍ, XII դարի հույն հայերենագետ։ 1141-ին հայերեն է թարգմանել հույն հեղինակ Հովհան Ոսկեբերանի՝ Գրիգոր Լուսավորչին նվիրված ներբողը, որը հետագայում չափածոյի է վերածել Ներսես Շնորհալին։
Գրկ. Ալիշան Ղ, Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, 2 հրտ., Վնտ., 1921, էջ 52։
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ (ծն. և մահ. թթ. անհտ.), VI դարի հայ մատենագիր, եկեղեցական գործիչ, Տարոնի առաջնորդ։ Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի» խրատականները։ Հայտնի է նաև «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» գրվածքը, որի մի այլ խմբագրությունը («Պատճառ հաւատոյ վասն պատմութեան տիեզերական և ընդհանուր սուրբ ժողովոյն Եփեսոսի») վերագրում են Նաբովկ քաղաքի ասորի եպիսկոպոս Փիլոքսենոսին։
Գրկ. Սարգսյան Բ., Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսն և յուր առ Վաչագան գրած թուղթն, Վնտ., 1899։
ԱԲՐԱՀԱՄ ՇԱՔԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի հայ մշակութային գործիչ։ 1791-ին Հարություն Շաքեցու հետ կազմել է XVIII դ. կեսին վերաբերող պաշտոնական գրությունների մի ժողովածու՝ «Գրագրութեան գիրք» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 3592), որի մեջ կան նաև Աղվանից հակաթոռ կաթողիկոս Ներսեսի (1720–63) և նրա ժամանակակից մի շարք անձանց կոնդակների, բանադրագրերի, խնդրագրերի պատճեններ։
ԱԲՐԱՀԱՄ (կամ Արտավազդ) ՎԱՆԱԿԱՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), VIII դարի հայ մատենագիր։ Գրել է Վահան Գողթնեցու վկայաբանությունը (737)՝ պատկերելով նաև Հայաստանում արաբների տիրապետության շրջանի անցքերը։ Վկայաբանությունն աոաջին անգամ հիշատակում է Ասողիկը։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աբրահամ Ալեքսանդրի (ծն. 1912), հայ սովետական գիտնական, ռադիոէլեկտրոնիկ։ Ինժեներ֊գնդապետ, տեխ. գիտ. դ֊ր (1964), պրոֆ. (1965)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է մարտի 9-ին, Կարսում։ 1936-ին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստ֊ը։ 1947–67-ին Լ. Ա. Գովորովի անվ. հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում զբաղվել է ինժեներական, գիտա֊մանկավարժական աշխատանքով։ 1967–69-ին Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստ֊ի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ֊ի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Զբաղվում է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։
Երկ. Асинхронное детектирование и прием импульсных радиосигналов, М., 1966.
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Արսենի (ծն. 1918), հայ սովետական լեզվաբան, բան. գիտ. դ֊ր (1963), պրոֆեսոր (1964), գիտ. վաստ. գործիչ (1965)։ Ծնվել է սեպտեմբերի 17-ին, Շահրիզ (այժմ՝ ՀՍՍՀ Սևանի շրջանի Գեղամավան) գյուղում։ Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկ. պետ. մանկավրժ. ինստ֊ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1960-ից)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ա֊ի աշխատությունները նվիրված են հայերենի բայի ուսումնասիրությանը։ Նրա «Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը» (1953) աշխատության մեջ պատմական տեսանկյունից քննված են դերբայները, բացահայտված նրանց ձևաբանական կառուցվածքը և ընդհանուր պատկերը հայոց լեզվի բոլոր փուլերում, իսկ «Բայը ժամանակակից հայերենում» մենագրության 1-ին գրքում (1962) ցույց են տրված բայի, որպես խոսքի մասի, բնորոշ գծերը, բառային֊քերականական առանձնահատկությունները, սեռի քերականական կարգի էությունը ևն։ Ա. գրել է «Գրաբարի ձեռնարկ» աշխատությունը (1952)։ Աշխարհաբարի է վերածել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»֊ը (1970)։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Գարեգինի (ծն. 1903), հայ սովետական աղբյուրագետ֊պատմաբան։ Պատմ. գիտ. դ֊ր (1943), պրոֆեսոր (1944), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961)։ Ծնվել է հունվարի 31-ին, Շարուր֊Դարալագյազի գավառի Ղուշչի (այժմ՝ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանի Կեչուտ) գյուղում։ Սովորել է Գևորգյան ճեմարանում (1916-17)։ Ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմա֊տնտեսագիտական ֆակուլտետը (1933)։ 1944–49-ին եղել է Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1968-ից ղեկավարում է հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնը։ Խմբագրել է «Էջմիածին» ամսագիրը (1944, 1949–54)։ Զբաղվել է հայագիտությամբ («Անանիա Շիրակացու մատենագրությունը», 1944, «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը», 1956)։ Կազմել է հայ հնագրության բուհական ամբողջական ձեռնարկը («Հայկական պալեոգրաֆիա», 1948), գրել է «Հայ գրի և գրչության պատմություն»-ը (1959)։
Երկ. Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ֊ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953։ Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–1967։ Дешифровка надписей кавказских агван, Е., 1964.
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արամ Հակոբի (ծն. 1898), հայ սովետական բժիշկ։ Բժշկ. գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1950), գիտ. վաստ. գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924)։ Մինչև 1930 աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում, այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստ֊ում։ 1950-ից ղեկավարում է այդ ինստ֊ի ուրոլոգիական կլինիկան։ Ուրոլոգների միջազգային ընկերության իսկական անդամ է, համամիութենական գիտական ընկերության նախագահ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ։ Ա. հետագոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միզաքարային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արծրուն Աբրահամի (ծն. 1909), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտ. դ֊ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է հոկտեմբերի 25-ին, Արճեշում (Արևմտյան Հայաստան)։ Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստ֊ները։ 1941–58-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստ֊ի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958-ից՝ ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստ֊ի ֆիզիկա֊քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան։ Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ։
Երկ. Օրգանական միացությունների քանակական միկրոէլեմենտար անալիզ, Ե., 1963։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բենիամին Լևոնի (ծն. 1913), հայ սովետական մեխանիկ։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից֊անդամ (1971), ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է փետրվարի 16-ին, Արդահան քաղաքում։ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ֊ի առաձգականության մաթեմատիկական տեսության սեկտորի վարիչ (1965-ից)։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը՝ պրիզմատիկ ձողերի ծռմանն ու