Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուսական մնացորդների քայքայմանը։ Վնասակար է, խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։

ԱՆՁՐՈՒԿ (Engraulis encrasicholus), հարինգակերպերի կարգի ծովային մանր ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 15 սմ։ Մեջքի մասը գորշ կապտավուն է, կողքերը և փորը՝ սպիտակ, գլուխը՝ ոսկեգույն։ Հանդիպում է Հյուսիսային ծովից դեպի հարավ Եվրոպայի ափերը ողողող ջրերում, ՍՍՏՄ–ում՝ Սև և Ազովի ծովերում։ Ա. սնվում է կենդանական և բուսական պլանկտոնով։ Ապրում է վտառներով։ Ձվադրման համար գաղթում է այլ վայրեր։ Ունի արդյունագործական նշանակություն։


ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, երբ անձը քրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով զրկվում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու կարողությունից։ Քրեական օրենքով արգելված արարք կատարելու պահին կամ կատարելուց հետո Ա–յան վիճակում գտնվող անձանց նկատմամբ կիրառվում են բժշկական բնույթի հարկադիր միջոցներ։ Հանցագործություն կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձինք օրենքով սահմանված ժամկետներում ապաքինվելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության։ Ա. որոշում է դատարանը՝ դատա–հոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա։


ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՊՐԵԶՈՒՄՊՑԻԱ (<լատ. praesumtio – ենթադրություն), քրեական դատավարական դրույթ, ըստ որի, մեղադրյալը համարվում է անմեղ՝ մինչև օրենքով սահմանված կարգով չապացուցվի նրա մեղքը։ Ա. պ. առաջադրել է բուրժուազիան՝ ֆեոդալական դատարանների չարաշահումների դեմ տարվող պայքարում։ Ա. պ. առավել հումանիստական հիմքերի վրա դրվեց սոցիալիստական քրեական դատավարական իրավունքում։ Ըստ Ա. պ–ի, նախնական և դատական քննության ժամանակ քրեական գործը պետք է հետազոտվի բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ, պարզվեն մեղադրյալին մերկացնող և արդարացնող հանգամանքները. դատաքննչական մարմինների կայացրած ամեն մի որոշում–դատավճիռ պետք է հիմնավորվի անհերքելի փաստերով։ Լրիվ չապացուցված, կասկած հարուցող փաստը չպետք է դրվի որոշում–դատավճռի հիմքում կամ պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի։ Ելնելով Ա. պ–ից, դատաքննչական մարմիններն իրավունք չունեն ապացուցման պարտականությունը դնել մեղադրյալի վրա՝ պահանջել, որ նա ապացուցի իր անմեղաթյունը։ Մեղադրյալի մեղքը չապացուցվելու դեպքում գործը կարճվում կամ կայացվում է արդարացնող դատավճիռ։


ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ակամա միզարձակություն միզելու ցանկության բացակայության դեպքում։ Պատճառներն են՝ միզային ուղիների վնասումը, նրանց ոչ բնականոն անատոմիական կառուցվածքը, միզապարկի ելքը փակող մկանային սեղմանի թուլացումը, շագանակագեղձի գերաճը, միզապարկի լորձաթաղանթի բորբոքումները, ողնուղեղի վնասումները, ոդնուղեղաբորբը, ողնուղեղի սմքախտը ևն։ Բուժումը՝ պատճառի վերացում (երբեմն՝ վիրահատություն), հաճախ նկատվում է գիշերային Ա. (ակամա միզարձակություն քնած ժամանակ)։ 2–3 տարեկան երեխաների գիշերամիզությունը հիվանդագին չէ և մեծ մասամբ անցնում է չափահաս տարիքում։ 5–15 տարեկան երեխաները երբեմն տառապում են գիշերամիզությամբ (գլխուղեղի կեղևը անբավարար է կարգավորում միզարձակությունը)։ Գիշերամիզության կանխարգելումը և բուժումը պայմանավորված է երեխայի պայմանական ռեֆլեքսների մշակմամբ (երեխային որոշակի ժամերին գիշերանոթի վրա նստեցնել, չվախեցնել, չծաղրել)։ Կայուն գիշերամիզության բուժումը դեղորայքային է, որոշ դեպքերում կիրառվում է հիպնոս։


ԱՆՄԻԶՈՒԹՅՈՒՆ, անուրիա (<հուն. αν – ժխտ. մասնիկ + υρον – մեզ), մեզի արտազատման բացակայություն։ Պատճառներն են՝ երիկամների սուր և քրոնիկական անբավարարությունը, երիկամների բնածին բացակայությունը կամ թերզարգացումը ևն։ Ա. կարող են առաջացնել նաև արտաերիկամային գործոնները՝ արյան անբավարար հոսքը դեպի երիկամները և արյան զարկերակային ճնշման անկումը։

Ա–յան հաճախակի պատճառներից են՝ միզուղիների փակումը, խցանումը միզաքարերով, սեղմումը՝ հարևան հյուսվածքների ուռուցքների ճնշմամբ։ Ա. կարող է լինել նաև նյարդա–ռեֆլեկտոր ծագումով։ Ա. ուղեկցվում է բերանի չորության և ծարավի զգացումով, փսխումներով, սրտխառնոցով ևն։ Բուժելու համար անհրաժեշտ է վերացնել Ա–ի պատճառը։


ԱՆՆԱԲԱ (ֆրանս. Բոն), քաղաք Ալժիրի հյուսիս–արևելքում, Միջերկրական ծովի ափին, Անաբա նահանգի վարչական կենտրոնը։ 168,8 հզ. բն. (1966)։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ Երկաթահանքի, ֆոսֆորիտների և գյուղատնտեսական հումքի արտահանման մասնագիտացված նավահանգիստ է (տարեկան բեռնաշրջանառությունը՝ 3,1 մլն. տ, 1965)։ 1968-ին շահագործման է հանձնվել ՍՍՀՄ–ի աջակցությամբ կառուցվող մետաղաձուլական կոմբինատի առաջին հերթը։ Կան մետաղամշակման, սննդհամի, քիմիական և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, խոշոր ՀԷԿ։ Պահպանվել է Սիդի բու Մերուան նշանավոր մզկիթը (XI դ.)։


ԱՆՆԱԼՆԵՐ (լատ. annles, < annus – տարի), պատմական անցքերի գրառումն ըստ տարիների, ժամանակագրություն։ Հին Հռոմում, մ. թ. ա. V դարից գերագույն քրմի հրամանով բոլոր կարևոր իրադարձություններն ամեն տարի գրանցվում էին գիպսապատ տախտակների վրա՝ համընդհանուր ցուցադրության համար։ Ոչնչացած (հավանաբար մ. թ. ա. 387-ին, Հռոմի հրդեհի ժամանակ) Ա. վերականգնվեցին հիշողությամբ և ամփոփվեցին 80 գրքում։ Նրանց գրառումն ընդհատվեց մ. թ. ա. 123-ի և 114-ի միջև։ Ա. չեն պահպանվել, նրանց բովանդակությունը հայտնի է աննալիստների (հին հռոմեական առաջին պատմիչներ) երկերից, որոնք նույնպես կոչվեցին Ա.։ Ա. հետագայում երևան եկան VI դ., Արևմտյան Եվրոպայում և գոյություն ունեին մինչև XIV դ.։ Կազմվում էին հիմնականում վանքերում։ Հայ իրականության մեջ նման գրառումները հայտնի են տարեգրության կամ ժամանակագրություն անվամբ։


ԱՆՆԱՄԻ ԼԵՌՆԵՐ, բարձրավանդակ Վիետնամում և Լաոսում, Հնդկաչին թերակղզու արևելյան եզրին։ Երկ. մոտ 1300 կմ է, լայն. մինչև 300 կմ, բարձր. 3280 մ։ Ծալքավորվել, ապա խզումների հետևանքով վերածվել է բեկորային խոշոր զանգվածների, սարավանդների ու գոգավորությունների գոտու։ Կազմված է բազալտներից, գրանիտներից, կրաքարերից, ավազաքարերից ևն։ Արլ. թեք լանջերին աճում են խոնավ արևադարձային անտառներ, արմ. աստիճանաձև լանջերին՝ արևադարձային տերևաթափ անտառներ և սավաննաներ։


ԱՆՆԱՎԱՆՔ, Անանավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, Վան քաղաքից հյուսիս, Մարմետ գետի աջ ափին։ Ենթադրվում է, որ ուրարտական Անիաշտանիան է, իսկ միջնադարում հայտնի էր Անստան անունով։ XX դ. սկզբներին ուներ 56 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Գյուղի բնակիչները 1915-ին մասնակցել են Վանի հերոսամարտին, ապա նահանջող ռուսական զորքերի հետ գաղթել ու բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՆՇԱՆ, քաղաք հյուսիս–արևելյան Չինաստանում, Լյաոնինի նահանգում։ 783,5 հզ. բնակիչ (1957)։ Չինաստանի ծանր արդյունաբերության գլխավոր կենտրոններից մեկն է։ Ա–ում կան մետալուրգիական խոշոր կոմբինատ, լեռնահանքային սարքավորումների և քիմիական գործարաններ, ՀԷԿ։


ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ, իմոբիլիզացիա, մարմնի վնասված շրջանի անշարժացումը և հանգիստ վիճակի ստեղծումը։ Կիրառվում է կոտրվածքների, վնասվածքների և ոսկրերի ու հոդերի հիվանդությունների, ծայրանդամների շրջաններում առաջացած բորբոքումների դեպքերում, ինչպես նաև ծայրանդամների որոշ վիրահատումներից հետո։ Ա. կիրառվում է նաև ռազմադաշտային պայմաններում, որը հնարավորություն է տալիս վիրավորվածին հանգիստ վիճակում տեղափոխել, էվակուացնել թիկունք։ Այս ձևը, որը կոչվում է տրանսպորտային Ա., կիրառվում է նաև խաղաղ պայմաններում՝ փողոցային պատահարների և արտադրական վնասվածքների դեպքերում։ Ա. թեթևացնում է ցավերը վնասված շրջանում, կախում արյունահոսությունը և շոկը։ Ա-ման նպատակով օգտագործում են զանազան բեկակալներ (շինաներ) կամ գիպսակապեր։ Ռ. Պարոնյան


ԱՆՇԼՅՈՒՍ (գերմ. Anschluβ – միացում), Ավստրիան զավթելու Գերմանիայի քաղաքականությունը։ Վարում էր գերմանական իմպերիալիզմը առաջին համաշխարհային պատերազմից հետո, հատկապես, երբ