կան կոփումը (առավոտյան լիցքային վարժություններ, ջրաշփումներ, սպորտով զբաղվել, արևային կամ օդային լոգանքներ, լող ևն), քնի ռեժիմը, ննջարանի օդափոխումը, հագուստի և կոշիկների խնամքը (սպիտակեղեն, ամառային և ձմեռային գուլպաներ, գլխարկ, ձեռնոցներ, աշխատանքային համազգեստ, վերջինիս կրելու ձևը, ժամանակը և տևողությունը)։ Ա. հ–ին են վերաբերում նաև ցրտահարության, արևահարության, ջերմահարության, գերհոգնածության հարցերը։
ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, նյութական բարիքների սեփականության պատմականորեն որոշակի հասարակական ձև, որ արտահայտվում է անձնական սպառման առարկաների անհատական յուրացմամբ։ Ա. ս. գոյություն է ունեցել բոլոր հասարակարգերում և, մասնավոր սեփականության հետ ձևական նմանությամբ հանդերձ, ըստ էության արտահայտում է սկզբունքորեն տարբեր բնույթի հարաբերություններ։
Շահագործողական հասարակարգերում Ա. ս. իր հիմքում ունի ոչ միայն անձնական աշխատանքը, այլև արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը։ Աշխատավորների Ա. ս–յան աղբյուրն իրենց աշխատանքն է, իսկ արտադրության միջոցների սեփականատերերինը՝ ուրիշի աշխատանքի շահագործումը։ Շահագործող դասակարգերի անձնական եկամուտները կարող են փոխարկվել շահագործման միջոցների։ Սոցիալիզմի օրոք Ա. ս–յան աղբյուրը միայն աշխատանքն է, որ կատարվում է հասարակական արտադրության և անձնական տնտեսության մեջ։ Արտադրության միջոցների հասարակական սեփականության պայմաններում Ա. ս. չի կարող լինել շահագործման միջոց։ ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների սահմանադրությունները երաշխավորում են քաղաքացիների Ա․ ս–յան իրավունքը, որ արտահայտվում է աշխատավորների եկամուտների, խնայողությունների, անձնական սպառման առարկաների, տնային տնտեսության և առօրյա գործածության իրերի անհատական սեփականության ձևով։ Արդի պայմաններում Ա. ս. են նաև գյուղատնտեսության մեջ անձնական օժանդակ տնտեսությունները (գյուղատնտեսական մանր գործիքներ, անասուններ, թռչուններ ևն)։ Ա. ս. անձնական նյութական շահագրգռվածության իրային կրող է և նպաստում է հասարակական արտադրության զարգացմանը։
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԻԱ, իմպերիալիզմի դարաշրջանում բանկային և արդյունաբերական խոշոր մոնոպոլիաների միահյուսման ձև։ Բանկերի և հզոր առևտրա–արդյունաբերական ձեռնարկությունների սերտաճման պրոցեսը տեղի է ունենում արժեթղթերի ձեռքբերման միջոցով, երբ բանկերի ղեկավարները դառնում են արդյունաբերական ընկերությունների դիրեկտորներ, վարչությունների ու դիտորդ խորհուրդների անդամներ և հակառակը։ Բանկերի և արդյունաբերության Ա. ու. լրացվում է անձնական ունիայով՝ պետության հետ (տես նաև Իմպերիալիզմ, Պետական մոնոպոլիստական կապիտալիզմ)։
ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, մարդկային անհատն իր հոգեբանական կերպարով՝ բնավորությամբ, խառնվածքով, մտավոր, կամային, զգացմունքային առանձնահատկություններով։ Մարդը ծնվում է բնածին որոշակի ունակություններով, որոնց հետագա զարգացումը որոշվում է կյանքի պայմաններով։ Կենսաբանական գործոններն ունեն ելակետային, բայց ոչ որոշիչ նշանակություն։ Ա. ձևավորվում է կրթության, դաստիարակության և միջավայրի անմիջական ազդեցությամբ։ Մարդը հասարակական միջավայրի ծնունդ է։ Ա–յան հոգևոր կերպարի մեջ պետք է տարբերել երկու կողմ՝ հասարակական և զուտ անհատական։ Հասարակական կողմն արդյունք է կյանքի հասարակական պայմանների, և նրանով որոշվում է մարդու սոցիալական տիպը։ Անհատական կողմը, անհատականությունը որոշվում է մարդու կյանքի անհատական պայմաններով (նաև բնածին տվյալներով), և դրանով նա տարբերվում է մյուս բոլոր մարդկանցից։ Կոմունիստական դաստիարակության խնդիրն է Ա–յան համակողմանի (մտավոր, բարոյական, գեղագիտական, ֆիզիկական) զարգացումը։ Տես նաև Անհատ, Անհատ և հասարակություն։
ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄ, պրոզոպոպեա (հուն, προσωποποία < πρόσωπον – անձ + ποιεω – անում եմ), ոճական հնարանք, որով բնությունը, առարկաներն ու կենդանիները շնչավորվում են, օժտվում մարդկային հատկանիշներով։ Ա. սկզբնապես կապված է եղել տոտեմիստական մտածողության հետ և լայնորեն կիրառվել է ժողովրդական բանահյուսության մեջ։ Ժամանակակից գրականության մեջ Ա. միջոց Է, որն ուժեղացնում Է շարադրանքի հուզական հագեցվածությունը (օրինակ՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմում, Սարոյի թաղման ժամանակ՝
«Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև–բեդն Էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական»)։
ԱՆՁՐԵՎ, ամպերից թափվող մթնոլորտային հեղուկ տեղում, որն առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային խոշոր մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ Ա–ի կաթիլների տրամագիծը տատանվում Է 0,5–6,0 մմ: Տարբերում են մանրամաղ, համատարափ և տեղատարափ Ա–ներ։ Ա–ի քանակը որոշում են նրանից առաջացած ջրի շերտի բարձրությամբ՝ արտահայտված մմ–ով։ Ա–ների ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ–ից (մանրամաղ) մինչև 100 մմ/ժ (տեղատարափ)։ ՀՍՍՀ–ում ամենաշատ Ա–ները թափվում են Գեղամա լեռների կատարային մասում (650 մմ), ամենաքիչը՝ Արածո դաշտում (100 մմ)։
ԱՆՁՐԵՎԱՅՈՒՄ, անձրևացման ագրեգատներով ոռոգման մեքենայացված եղանակ՝ երբ ջուրն արտանետվում է օդ, կոտորակվում մանր կաթիլների և անձրևանման թափվում ոռոգվող հողամասի վրա։ Գործնականում լայն կիրառություն են ստացել կարճաշիթ, հեռաշիթ և կախովի Անձրևացում։ ագրեգատները։ Ա. 10–40%-ով բարձրացնելով վերգետնյա օդի շերտի խոնավությունը՝ նվազեցնում է ջրի գոլորշիացոլմը հողի մակերևույթից։ Ոռոգող ջուրը հագենում է թթվածնով և այլ գազերով, լվանում տերևների փոշին։ Ա. կանխում է հողերի աղակալումն ու ճահճակալումը, քիչ է խախտում հողի կառուցվածքը, հեշտացնում է դաշտավարական աշխատանքների մեքենայացումը (ջրատարներ, ակոսներ չեն անցկացվում), կրճատում Է ջրի կորուստը և կարգավորում ոռոգող ջրի քանակը։ Ա. ոռոգման լավագույն ձև է հատկապես կտրտված ռելիեֆի պայմաններում։ Ոռոգման հետ միաժամանակ կարելի է կատարել բույսերի արտարմատային սնուցում, հիվանդությունների և վնասատուների դեմ սրսկումներ։ ՀՍՍՀ–ում 1971–75-ին նախատեսվում Է Ա–ով ոռոգել շուրջ 1600 հա տարածություն։
(նկ․) Անձրևացում։
ԱՆՁՐԵՎՈՐԴ (Lubricus terrestris), օղակավոր որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Արևադարձային երկրներում Ա–ի մարմնի երկարությունը հասնում Է մինչև 1,5 մ, իսկ Եվրոպայում հանդիպող տեսակներինը՝ մինչև 30 սմ։ Մարմինը կազմված է 80–300 օղակներից (մետամերներից)։ Գույնը բաց մոխրագույն Է, կարմիր։ Մաշկը հարուստ է լորձային հյութ արտադրող գեղձային բջիջներով և միշտ խոնավ Է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։ Ա. ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (որտեղից Էլ՝ անունը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով ևն։ Երկսեռ Է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում Է։ Արյունատար համակարգը փակ Է։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։ Ա. իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում
(նկ․) Անձրևորդ։