Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11. Հայ ժողովրդական Ա–ներ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները (Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ են)։ 12. Սելջուկ–թաթարական նվաճումների ժամանակ հայերին փոխանցվել են սակավաթիվ Ա–ներ, ինչպես՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) են։ Դրանցից պահպանվել են մեկ–երկուսը։ 13. Եվրոպական Ա–ներ, որոնք փոխառված են ֆրանսերենից, իտալերենից և անգլերենից։ Սկզբում գործածական էին բացառապես արևմտահայերի, հատկապես կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորյա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ ևն)։ Ծանոթությունը եվրոպական գրականության և մշակույթի հետ ընդհանրապես իր հետ բերեց Ա–ների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան Էմմա, Էլեոնորա (կրճատ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, նույնիսկ՝ Նապոլեոն, Համլետ, Հենրի ևն։ 14. Ռուսական Ա–ներ հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից մի քանիսն ունեն վաղուց ի վեր հայացված տարբերակները, սակայն գործածվում են ռուս․ կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) են։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործում են ռուս. Ա–ներ, որպես հայկ. որոշ Ա–ների համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, ինչպես Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա ևն։ Տարածված են նաև ռուս․ փաղաքշական Ա–ները, ինչպես՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ, ռուս. Ելիզավետա), Կոլյա (Նիկողայոս), Կատյա (Կատերինա, Եկատերինա) ևն։ Ուշ շրջանում ընդունվել են ռուս․ հեղափոխական գործիչների Ա–ներ և հաճախ ազգանուններ, որոնք գործածվում են որպես անձնանուններ։ 15. Հայ ազգային Ա–ներ, որոնք լայն տարածում են գտել ազգային ինքնագիտակցության զարթոնքի ժամանակաշրջաններում։ Դրանց ավելացվել են նորակերտ Ա–ներ (Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ ևն)։ Հայերի մոտ օտար Ա–ների առատությունը արդյունք է ոչ միայն այլ ժողովուրդների հետ ունեցած տնտեսական ու մշակութային կապերի, այլն այլազգի իշխողների երկարատև տիրապետության, բռնագաղթի և աշխարհով մեկ սփռվելու պատճառով տարբեր քաղաքակրթություններից կրած ազդեցության։

Գրկ. Աճառան Հ․, Հայոց անձնանունների բառարան, հ. 1–5, Ե., 1942–62։ Тупиков Н. М., Словарь древнерусских личных собственных имён, СПБ, 1903; Чичагов В. К., Из истории русских имён, отчеств и фамилий, М., 1959; Никонов В. А., Личное имя – социальный язык, «Советская этнография». 1967, № 5; Lebel P., Les noms des personnes en France, 4 éd., P., 1959; Bach A., Deutsche Namenkunde, Bd 1–3, Heidelberg 1952–1956. Հ. Հակոբյան

ԱՆՈՒՆ, քերականության մեջ. նյութական նշանակություն ունեցող մի քանի խոսքի մասերի՝ գոյականի, ածականի, թվականի ընդհանուր անվանում։ Իբրև քերականական հասկացություն գործածվել է դեռևս անտիկ քերականագիտության մեջ։ Հին քերականներն Ա. առանձնացրել են որպես ուրույն խոսքի մաս՝ հակադրելով այն այլ խոսքի մասերի և առաջին հերթին՝ բային։ Ժամանակի ընթացքում, քերականագիտության զարգացման համապատասխան, փոխվել է նրա նշանակությունը։ Արդի ըմբռնմամբ Ա. առանձին խոսքի մասի ամբողջական անվանում չէ, քանի որ ընդհանուր անուն–խոսքի մասի փոխարեն ճանաչվում են միայն անվանական առանձին–առանձին խոսքի մասեր՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, որոնք այժմ արդեն ավելի շատ հանդես են գալիս առանց «անուն» բառի հարադրման՝ գոյական, ածական, թվական։ Ավելի սովորական են հատուկ անուն, հասարակ անուն, հավաքական անուն քերականական անվանումները, որոնք բովանդակում են գոյականին հատուկ համապատասխան հասկացություններ։


«ԱՆՈՒՇ», Հայկական ՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության տրիկոտաժի արտադրական միավորում։ Կազմակերպվել է 1967-ին։ Գլխավոր ձեռնարկությունը Երևանի վերնազգեստի առաջին ֆաբրիկան է, որից բացի «Ա.» միավորում է Լենինականի, Ստեփանավանի, Երևանի գուլպայի, Երևանի առաջին և երկրորդ, Սովետաշենի, Լենինականի, Ստեփանավանի, Կամոյի և Գորիսի տրիկոտաժի, Երևանի ձեռնոցների ֆաբրիկաները, Արտաշատի տրիկոտաժ–մանվածքային կոմբինատը։ Միավորման մեջ ընդգրկված է նաև կոճակների և օժանդակ նյութերի մեկ ֆաբրիկա։ «Ա.» ունի մասնաճյուղեր Սպիտակում, Արթիկում, Արարատում, Թալինում։ Միավորումը արտադրում է գուլպեղեն, կանացի և տղամարդու տրիկոտաժեղեն, կանացի սպիտակեղեն, մանկական, կանացի և տղամարդու վերնազգեստ ևն։ Միավորման արտադրանքի զգալի մասը առաքվում է Սովետական Միության տարբեր շրջաններ, ինչպես նաև արտասահման։


«ԱՆՈՒՇ», հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ հիմնադրեց ոճական նոր ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն՝ Ա. Տիգրանյանի (ըստ. Հ. Թումանյանի համանուն պոեմի)։ Գրվել է 1908–1912-ին, Ալեքսանդրապոլում։ Առանձին հատվածները աշակերտների ուժերով ներկայացվել են 1908-ին, Թիֆլիսում, առաջին բեմադրությունը՝ 1912-ին, Ալեքսանդրապոլում, սիրող դերակատարներով (Անուշ՝ Աստղիկ Մարիկյան, Սարո՝ Շ. Տալյան, Մոսի՝ Վ. Մարտիրոսյան, գործիքավորող և կապելմայստեր՝ Գ. Բուրկովիչ)։ Բազմիցս խաղացվել է Կովկասի և Ռուսաստանի գրեթե բոլոր, ինչպես և արտասահմանի շատ հայաբնակ վայրերում, թափանցել ժողովրդի կենցաղի մեջ։ Լրիվ նվագախմբով, պրոֆեսիոնալ կատարողներով, հեղինակի ղեկավարությամբ ներկայացվել է Հ. Թումանյանի ծննդյան 50-ամյակին, Թիֆլիսի Արտիստական թատրոնում (1919)։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Ա.» բեմադրվել է 1935-ին, վերաբեմադրվել 1939-ին, 1956-ին, 1969-ին, ներկայացվել է 1000-ից ավելի անգամ (1972)։ Գլխավոր դերերգերը կատարել են. Անուշ՝ Հ. Դանիելյան, Թ. Խաչատրյան, Գ. Գասպարյան, Ա. Թութունջյան, Սարո՝ Շ. Տալյան, Ա. Պետրոսյան, Մոսի՝ Ն. Սերդոբով, Պ. Լիսիցյան, Վ. Գրիգորյան և ուրիշներ, դիրիժորներ՝ Ա. Շաթիրյան, Մ. Թավրիզյան, Ռ. Ստեփանյան, Օ. Դուրյան, ռեժիսորներ՝ Ա. Գուլակյան, Վ. Աճեմյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան, Պ. Անանյան, Ա. Միրզոյան, Ռ. Նալբանդյան։ «Ա.» երևանյան բեմադրությամբ ներկայացվել է Մոսկվայում (1939, 1956, 1969) և ՍՍՀՄ այլ քաղաքներում։ Բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում (1941, 1956), Մարսելում (1970) և Փարիզում (1972)։ Կլավիրը հայերեն և ռուսերեն հրատարակվել է Երևանում, 1954-ին։ Ռ. Աթայան


ԱՆՈՒՇԱԴՐ, տես Ամոնիումի քլորիդ։


ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ, ամոնիակի (իրականում ամոնիումի հիդրօքսիդի) ջրային լուծույթի ոչ ճիշտ անվանումը։ Կիրառվում է քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։ Բժշկության մեջ Ա. ս. են անվանում ամոնիակի 10%-անոց ջրային լուծույթը։ Այն օգտագործվում է շնչական կենտրոնը խթանելու համար (ուշագնացության, ալկոհոլային թունավորումների և այլ դեպքերում) և վիրաբուժության մեջ (25 մլ Ա. ս–ի լուծույթը 5 լ տաք ջրում՝ ձեռքերի ախտահանման համար)։ Տես նաև Ամոնիակ:


ԱՆՈՒՇԱՎԱՆ (մինչև 1969՝ ՓոքրՊարնի), գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, Արագածի հյուսիս–արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս։ 1717 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ա. ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, կինո, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Նախկին Փոքր Պարնին Ա. է անվանվել ծագումով նույն գյուղացի, Հայրենական պատերազմում զոհված բժիշկ Անուշավան Գալոյանի (1901–1945) անունով։ Ա. հիմնադրել են Ալաշկերտից գաղթած հայերը (XVII դ.)։


ԱՆՈՒՇՑԱՆ (Անուշ) Գրիգոր (1768–1830), հայ գրող–երգիծաբան, հասարակական գործիչ։ Ծնվել է մարտի 15 (27)–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (Ռուսե) քաղաքում։ 1808-ին տեղափոխվել է Բուխարեստ։ Դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի կտակի համաձայն, 1817-ին մասնակցել է Բուխարեստի հայ առաջին ազգային դպրոցի հիմնադրմանը։ Ռումինահայ թեմական խորհրդի դիվանում պահպանվել է Ա–ի