խաչաձև հատակագծով, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ քառաբսիդ կառույց է՝ անկյունային չորս ավանդատներով, որոնք որպես առանձին փոքրիկ եկեղեցիներ ունեցել են իրենց գմբեթները։ Հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ սա միակ հայտնի հինգգմբեթանի շինությունն է։ Ներքուստ խաչի անկյուններին հենված կամարները առագաստների հետ պահել են կենտրոնական գմբեթը։ Պատերը դրսից հարդարված են եղել կիսասյուներով և կամարներով, աբսիդների ու ավանդատների միջև՝ եռանկյունաձև խորշերով։ Հարավային ու հյուսիսային շքամուտքերը, հատկապես վերնասյուները զարդարված են ականթներով, ուլունքներով և այլն։ Գմբեթի ծածկի սալերը մշակված են եղել խաղողի և նռան զարդամոտիվներով։ Եկեղեցուն կից, հյուսիսային և հարավային կողմերում կառուցվել են երկու գավիթներ, որոնցից պահպանվել է հարավային գավթի (12-րդ դար) արևելյան կեսը։ Սա ճոխ հարդարանքով, ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց է։ Ներքին խաչաձևվող կամարները կրել են կլոր լուսամուտով ավարտվող, կենտրոնում տեղադրված, նրբաշխատ ստալակ–տիկավոր քառակուսի գմբեթը, կողային հարթ առաստաղները մշակված են եղել կարմիր, սև ու կապույտ քարերից կազմված զարդարանքով։ Հուշարձանը պեղվել է 1909 թ.-ին։ Այժմ կիսավեր է։
ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ, միջնադարի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է ՀՀ Իջևանի շրջանի Կիրանց (նախկին Կունեն, Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա։ Բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով շրջապատված վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, զավթից, բնակելի և օժանդակ շենքերից։ Գլխավոր եկեղեցին (13-րդ դար) պատկանում է «գմբեթավոր սրահ» կոչվող կառուցվածքների շարքին։ Գմբեթը հանգչում է երկու երկայնավուն պատերին կից որմնամույթերն իրար կապող չորս կամարների վրա։ Միակ դուռը բացվում է գավթից, որը քառանկյուն կառուցվածք է՝ երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա կազմված ծածկով։ Քարաշեն գավթի կամարների հատումից առաջացած քառակուսու վրա բարձրանում է երդիկը, որը կառուցվել է ժողովրդական բնակելի տան (հազարաշեն) ընդօրինակությամբ։ Դռան վրա կա 1245 թվակիր արձանագրություն։ Փոքր եկեղեցին (14 դ.) քառանկյուն հատակագծով, միանավ բազիլիկ տիպի, թաղածածկ, երկթեք կտուրով շինություն է։ Արժեքավոր է Ս. Կարապետ կոչվող բարդ հորինվածքի զարդաքանդակներով դրվագված խաչքարը։
ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, մարդու դրական բարոյական հատկությունների ամբողջությունը կամ առանձին այդպիսի հատկությունը։ Առաքինության հակադրությունն է արատը։ Դեռևս Արիստոտելը նշել է, որ առաքինությունը ոչ թե բնածին, այլ ձեռքբերովի է։ Առաքինության բովանդակությունը հասարակության զարգացմանը զուգընթաց փոփոխվել է։ Այսպես, անտիկ աշխարհում հիմնական առաքինություններ էին համարվում արիությունը, չափավորությունը
Աոաքելոց եկեղեցի Անիի ձախից՝ հատակագիծը, աջից՝ տեսքը հարավ–արևելքից (սխեմատիկ վերակազմություն Ն.Մ. Տոկարսկու)։
իմաստությունը և արդարությունը, միջնադարում քրիստոնեական բարոյագիտությունը իբրև հիմնական առաքինություններ առաջ քաշեց հավատը, հույսը և սերը։ Ներկայումս առաքինություն հասկացության փոխարեն ավելի հաճախ օգտագործվում են առաքինության առանձին կողմերը (առանձին առաքինությունները) նշող ավելի կոնկրետ հասկացություններ՝ պարտքի, խղճի, պատվի զգացում, մարդասիրություն, հայրենասիրություն, ազնվություն, կոլեկտիվիզմ և այլն։
ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԿԼԱՆՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հոծ միջավայրի (օրինակ՝ հեղուկ, պինդ մարմին) ջերմային ճառագայթման և կլանման հատկությունը բնորոշող մեծություններ։ Առաքման ունակությունը Ε(ν, Τ) մարմնի ճառագայթած էներգիայի քանակական չափն է՝ պայմանավորված մարմնի մասնիկների ջերմային տատանումներով։ Կլանման ունակությունը մարմնի կլանած և այդ մարմնի վրա ընկած լրիվ ճառագայթային էներգիաների հարաբերությունն է, որը (0–1) միջակայքում փոփոխվող վերացական մեծություն է։ Առաքման և կլանման ունակությունը, բացի ճառագայթման հաճախականությունից (ν) և մարմնի ջերմաստիճանից (Τ), կախված են նաև նյութի քիմիական բաղադրությունից, մակերևույթի ձևից։ Որոշակի պայմաններում առաքման և կլանման միջև ստեղծվում է հավասարակշռված ջերմային ճառագայթում, այսինքն՝ նույն ժամանակամիջոցում մարմինն առաքում է այնքան էներգիա, որքան կլանել է։ Եթե երկու մարմին միևնույն ջերմաստիճանում կլանում են էներգիայի տարբեր քանակություններ, ապա նրանց առաքումը նույնպես պետք է տարբերվի (Պրևոյի կանոն)։ Մարմնի չկլանած էներգիայի մասը անդրադարձվում է, որը բնորոշվում է անդրադարձման ունակությամբ՝ 1–A(ν, T):
Անթափանց մարմնի առաքման և կլանման ունակության հարաբերությունը կախված չէ նրա նյութի հատկություններից և հավասար է բացարձակ սև մարմնի առաքման ունակությանը, որը ֆունկցիա է միայն հաճախականությունից և ջերմաստիճանից (տես Կիրխհոֆի ճառագայթման օրենք)։
ԱՌԱՔՅԱԼ, մեկի կողմից ուղարկված անձ, որը տարածում, հայտնում, կատարում է առաքողի պատվերը։ Առաքյակ են կոչվում, մասնավորապես, Քրիստոսի 12 ընտրյալ աշակերտները (ըստ Նոր կտակարանի՝ նաև վերջիններիս 72 աշակերտները), որոնց նա «առաքել» է Ավետարանը քարոզելու։ Ըստ ավանդության, Հայաստանում քարոզել և նահատակվել են Թադեոս (Ղեբեոս) և Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալները։ Առաքյալների անմիջական քարոզով հիմնված եկեղեցիները կոչվել են Առաքելական, որից էլ ծագել է հայ եկեղեցու պատվանունը՝ «Հայաստանեայց առաքելական եկեղեցի»։
ԱՌԱՔՅՈՒԼ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 38 կմ հարավ։ 278 բնակիչ (1970 թ.), հայեր։ Առաքյուլի կոլտնտեսությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Կան ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունք։
ԱՌԲԵՐԱՆԻ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տարածվում էր Վանա լճի հյուսիս–արևելյան կողմում։ Առբերանիի մեջ էին մտնում նաև Լիմ և Կտուց կղզիները։ Արևմուտքից սահմանակցում էր Աղիովիտ գավառին։ Առբերանիի մակերևույթը դաշտային է, հողը՝ բերրի։ Գավառով հոսում է Բերկրի գետը։ Ըստ Մովսես Խորենացու, Առբերանին Աղիովիտ ու Հաշտյանք գավառների հետ հատկացվել է Արշակունիների տոհմի ժառանգներին (սեպուհներին), և արդեն Տիրան թագավորի (339–345 թթ.) օրոք այդտեղ բազմացած սերունդների միջև, համայնական սկզբունքներով («հավասար» և «ըստ մարդաթվի»), կատարվել է հողաբաժանում։ Առբերանին Աղիովիտ և Գառնի գավառների հետ, իբրև Արշակունի սեպուհների կալվածք, կոչվում էր «Սեպուհական» կամ «Վասպուրական», «Երկիրն սեպհական գնդին»։ 387 թ.-ից հետո Առբերանին կոչվել է Քաջբերունի գավառ և տեղի Արշակունի սեպուհները կազմել են «ոստանիկների» առանձին Քաջբերունի նախարարական տոհմ: