Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորը (908–943 թթ.) Առբերանին ընծայեց Աղթամարի կաթողիկոսական աթոռին։ Առբերանիում կային մի քանի նշանավոր վայրեր՝ Բերկրի, բերդաքաղաքը, Ամյուկ ամրոցը, Առեստավանն իր ձկնորսարաններով։

ԱՌԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Վանա լճից հյուսիս, սարահարթի վրա։ 1909 թ.-ին ուներ 102 տուն՝ 625 հայ բնակիչներով։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Առենը ճանապարհներով կապված էր Արծկե և Արճեշ քաղաքների հետ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Առենն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Հ. Բարսեղյան


ԱՌԵՍՏԱՎԱՆ, Առեստ, ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստի (հետագայում՝ Բանդիմահի) գետաբերանի մոտ։ Արշակունիների ժամանակ Առեստավանում եղել է արքունական ձկնորսարան, ուր որսվում էր տառեխ։ Ձկան մի մասը սպառվում էր երկրի ներսում, մյուսը, աղ դրած կամ ապխտած, արտահանվում։ Առեստավանի ավերակները գտնվում են այժմյան Առնիստ գյուղից արևելք։

Գրականություն՝ Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։


ԱՌԵՎԱՆԳՈՒՄ, 1. ամուսնության հնամենի ձև, երբ ամուսնանալու նպատակով աղջիկ էին փախցնում առանց նրա կամ ծնողների կամքը հարցնելու։ Առաջ է եկել հայրիշխանության (պատրիարխատի) ժամանակ այն ցեղերի մեջ, որոնք ընդունում էին արտամուսնությունը։ Առևանգման օրինական է եղել նաև Հայաստանում՝ հեթանոսության շրջանում։ Քրիստոնեությունը, մտցնելով եկեղեցական ամուսնությունը, արգելեց առևանգումը, հանցագործություն համարեց հարսնացուի հափշտակումը։ Թեև եկեղեցին և պետությունը հետապնդում ու պատժում էին առևանգողին, սակայն առևանգումը երբեմն այս ու այնտեղ հարություն էր առնում ժողովրդական բարքերում, որպես հարս առնելու դյուրին, բայց համարձակ միջոց։

2. Շահադիտական կամ այլ դրդապատճառներով ուրիշի երեխա, ինչպես նաև պետական գործիչների և դիվանագիտական ներկայացուցիչների փախցնելը։ Նման արարքները հակասում են ներպետական և միջազգային իրավունքների սկզբունքներին և նորմերին։ Ա. Սուքիասյան


ԱՌԵՎՏՐԱ–ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ, կազմակերպություններ ԽՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում, որոնք աջակցում են արտասահմանի հետ արտաքին առևտրական կապերի զարգացմանը։ Կազմակերպում են ցուցահանդեսներ, վկայագրեր են տալիս ապրանքների ստեղծման մասին, անց են կացնում ապրանքների որակի փորձաքննություն, կազմակերպում են արբիտրաժ՝ արտաքին առևտրական գործարքների, վեճերի լուծման համար և այլն։ ԽՍՀՄ–ում գործել են Համամիութենական Առևտրա–արդյունաբերական պալատներ և միութենական հանրապետությունների առևտրի պալատները։ Կապիտալիստական երկրներում առևտրական պալատները (պետական և մասնավոր) առևտրա–արդյունաբերական շրջանների միավորումների ձև են, որոնց նպատակն է պարզել վիճակն առևտրի և արդյունաբերության մեջ, որոնել վաճառահանման շուկաներ, տնտեսական տեղեկություններ տալ իր անդամներին և այլն։ Ազգային առևտրական պալատների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև արտասահմանյան և խառը առևտրական պալատներ։

ՀԽՍՀ առևտրի պալատը գործել է 1960 թ.-ից։ Նրա կառավարման մարմիններն են եղել պալատի անդամների ընդհանուր ժողովը և նախագահությունը։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ, բուրժուական երկրներում առևտրական գործառնությունների, ինչպես և դրանց վերաբերող փաստաթղթերի գաղտնապահումը։ Մասնավոր սեփականատիրական սկզբունքի վրա հիմնված առևտրական գաղտնիքը ծնունդ է առել մանրապրանքային տնտեսության պայմաններում։ Կապիտալիզմի, առանձնապես իմպերիալիզմի դարաշրջանում առևտրական գաղտնիքը վերածվում է յուրատեսակ վարագույրի՝ շահույթի և աշխատավորների շահագործման չափերը հասարակական վերահսկողությունից ու հարկումներից թաքցնելու համար։ ԽՍՀՄ–ում առևտրական գաղտնիքը վերացվել է 1917 թ.-ի նոյեմբերի 14(27)–ին Համառուսաստանյան Կենտգործկոմի ընդունած Բանվորական վերահսկողության մասին կանոնադրությամբ։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, վաճառականների արտոնյալ միավորումներ՝ գլխավորապես բաժնետիրական ձևով և արտաքին առևտրի համար։ Արևմտյան Եվրոպայում կապիտալիզմի արշալույսին ծագած առևտրական ընկերություները որոշ երկրներում կառավարությունից մենաշնորհ առևտրի իրավունք էին ստանում։ Սովորաբար դրանք հիմնում էին վաճառականների խմբերը՝ պետության անմիջական օգնությամբ կամ մասնակցությամբ։ Ընկերության մեջ մտնող վաճառականները սկզբնապես առևտուրը վարում էին ինքնուրույն, հետագայում առևտրական գործառնություններն իրականացնում էր ընկերությունը, իսկ նրա անդամները դառնում էին փայատերեր։ Առևտրական ընկերութունների ծագումը Եվրոպայում սերտորեն կապվում է առևտրական կապիտալի զորեղացման, իսկ նրանց գործունեությունր՝ գաղութային սիստեմի զարգացման հետ։ Եվրոպական երկրների՝ առանձնապես անգլիական և հոլանդական Օստ–Հնդկական, Վեստ–Հնդկական առևտրական ընկերությունները (17 – 18-րդ դդ.) կարևոր դեր կատարեցին գաղութներ զավթելու և կառավարելու գործում։ Առևտրական–գաղութային այդ ընկերությունների գործունեությունը հակասում էր զարգացող արդյունաբերական բուրժուազիայի տնտեսական շահերին, ուստի 18-րդ դարում դրանք կորցրին իրենց նշանակությունը և վերացան։ Սակայն մենաշնորհային իրավունքներով արտոնյալ առևտրական ընկերությունների ձևը կապիտալիստներն օգտագործում էին նաև հետագայում՝ շուկաներում ու գաղութներում տիրապետություն հաստատելու նպատակով։ Այսպես, 1888 թվին Անգլիայում հատուկ խարտիայի հիման վրա ստեղծվեց Բրիտանական Հարավ–Աֆրիկյան ընկերությունը, որ Հարավային Աֆրիկայում զավթեց հսկայական տարածություններ։ 18-19-րդ դդ. առևտրական ընկերություններ են կազմակերպվել Ռուսաստանում՝ «Իսպանիայի հետ առևտրի ընկերությունը» (1724 թ.), «Կոստանդնուպոլսի ռուսական առևտրական ընկերությունը» (1757 թ.), «Պարսկական առևտրի ընկերությունը» (1758 թ.), «Ռուսաստանյան–ամերիկյան ընկերությունը» (1799–1868 թթ.) և այլն, որոնք մենաշնորհային առետրի իրավունք ունեին որոշակի երկրների հետ։

Միջին դարերում, երբ հայ առևտրական կապիտալը արտաքին առևտրի ոլորտում ծավալել էր աշխույժ գործունեություն, հայ վաճառականները ևս միավորվեցին առևտրական ընկերությունների մեջ։ Նրանք ծավալուն կապեր ունեին եվրոպական ու ասիական բազմաթիվ երկրների, մասնավորապես՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Սիրիայի, Իրաքի հետ։ Հայ վաճառականները գերազանցորեն գործում էին անհատապես, յուրաքանչյուրը՝ սեփական դրամագլխով, իր նախասիրած շրջանակներում։ Իրենց առևտրական գործունեությունը նրանք ծավալել են նաև միացյալ ուժերով՝ առևտրական ընկերությունների ձևով։ 16-րդ դ. կեսերին 15 հայ վաճառականներ իրենց գործունեությունը կենտրոնացնում են Լիվոռնո (Իտալիա) վաճառաշահ քաղաքում, որը տեղի դքսությունը բաց քաղաք էր հռչակել բոլոր ազգությունների վաճառականների համար։

17-րդ դ. կազմակերպվեց Նոր Ջուղայի վաճառականների առևտրական ընկերությունը, որն ազդեցիկ մրցակցության մեջ մտավ անգլիական, հոլանդական և ֆրանսիական ընկերությունների հետ, ծավալեց մեծ մասշտաբի առևտրական գործունեություն։ 1660 թ.-ին այս ընկերության ներկայացուցչությունը գալով Մոսկվա և արքունիքին նվիրաբերելով հանրահայտ «Ալմաստե գահը», ստացավ Ռուսաստանի հովանավորությունը, կնքվեց պայմանագիր պարսկական մետաքս–հումքը Ռուսաստան և նրա տրանզիտով եվրոպական երկրներ արտածելու մասին։ Նոր Ջուղայի առևտրական ընկերությունն իր գործունեությամբ տնտեսական սերտ հարաբերություններ ստեղծեց Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։ Պարսկաստանի Սպահան քաղաքում Նազարեթի որդիներ Հարությունը, Աղազարն ու Մանուկը, միացնելով իրենց դրամագլուխները, ստեղծեցին առևտրական ընկերություն (1741 թ.) և զբաղվում էին գոհարեղենի ու մետաքսի առևտրով՝ գլխավորապես Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ Հետագայում այդ ընկերությունը փոխադրվեց Ռուսաստան և հաստատվեց Մոսկվայում։ Ընկերության հիմնադիրներից էր սերում Լազարյան նշանավոր գերդաստանը։ Այդ ընկերության հաշվեմատյանը (ռուզնամե–օրագիր) պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 19-րդ դ. սկզբին ընկերություն կազմակերպեցին նաև Կալկաթայի երևելի վաճառականները՝ «Հովնանյան–Աղաբեկյան» անվանումով։ Այդ նույն ժամանակ Բոմբեյում Աբգարյան եղբայրները ստեղծել են «Աբգար և կոմպանի» առևտրական ընկերությունը, որը հետագայում փոխադրվել է Կալկաթա և կապեր հաստատել Չինաստանի, եվրոպական ու արևելյան շատ երկրների հետ: