հարավ–արևմուտքում: Տարածությունը՝ մոտ 3 մլն. կմ² է։ Թերակղզու ափերը ողողում են՝ արմ–ից՝ Կարմիր ծովը, հվ–ից՝ Ադենի ծոցը և Արաբական ծովը, արլ–ից՝ Օմանի և Պարսից ծոցերը։ Ափերը թույլ են կտրտված։ Ա. թ. Աֆրիկա–Արաբական պլատֆորմի հս–արլ. մասն է՝ անջատված պալեոգենի վերջում և նեոգենում։ Գլխավորապես կազմված է արխեյան թերթաքարերից և գրանիտներից, որոնք արմ–ում և մասամբ հվ–ում մերկանում են, իսկ մնացած մասում ծածկված են կրաքարերով ու ավազաքարերով։ Ա. թ. սարավանդ է՝ մեծ մասամբ 500–1000 մ բարձրություններով։ Ամենաբարձր մասը Ասիրի և Եմենի լեռնային շրջանն է (մինչև 3600 մ)։ Ծայր հվ–արլ–ում մեկուսի ընկած է Օմանի լեռնային երկիրը (3352 մ)։ Արմ. և հվ. ծովափի երկարությամբ ձգվում է Տիխամայի դաշտավայրը, հս–ում՝ Հյուսիսային Արաբիայի սարավանդները և Մեծ Նեֆուդ անապատը, կենտրոնական մասի արմ–ում՝ Միջին Արաբական սարավանդը, արլ–ում՝ կուեստային թմբաշարերի մարզը, հվ–ում՝ Ռուբ–էլ–խալի ավազային անապատն է։ Ա. թ–ու հվ. և միջին մասն ունի արևադարձային պասատային կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14°C-ից (Էր–Ռիյադ) մինչև 24,8°C (Ադեն) է, հուլիսինը՝ 33,4°C (Էր–Ռիյադ), առավելագույնը՝ 55°C։ Տարեկան տեղումները 100 մմ–ից (հվ–ում 50 մմ–ից) պակաս են, Օմանի և Եմենի լեռներում՝ 700–900 մմ։ Ծայր հս–ում կլիման մերձարևադարձային է՝ ձմեռային ցիկլոնային տեղումներով։ Բուսականությունը հիմնականում անապատային է։ Հվ–ում հանդիպում են սավաննաներ, տեղ–տեղ օազիսներ՝ փյունիկյան արմավենիներով, լեռների ծովահայաց խոնավ լանջերին կան անտառներ։ Ա. թ–ում են գտնվում Իրաքի հվ. մասը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Եմենի Արաբական Հանրապետությունր, Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, ինչպես նաև Պարսից Ծոցի Արաբական Իշխանությունների Ֆեդերացիան, Մասկաթը և Կատարը։
ԱՐԱԲԱԿԱՆ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ, տես Թվանշաններ։
ԱՐԱԲԱԿԱՆ ԽԵԺ, գումիարաբիկ (<լատ. gummi – բուսախեժ + arabicus – արաբական), օրգանական նյութ, բազմաշաքար։ Ամորֆ, թափանցիկ, կարծրացող զանգված է, որ արտահոսում է աֆրիկյան և արաբական ակացիաների բներից (որտեղից և արաբական խեժ անվանումը)։ Լուծվում է ջրում և առաջացնում կպչուն, թույլ թթվային լուծույթ։ Նախկինում լայնորեն օգտագործվում էր արդյունաբերության շատ ճյուղերում, որպես սոսնձող նյութ։ Պոլիմերների արտադրության զարգացմամբ Ա. խ. կորցնում է իր նշանակությունը։
ԱՐԱԲԱԿԱՆ ԾՈՎ, կիսաներփակ ծով Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Հնդստան և Արաբական թերակղզիների միջև։ Մակերեսը 3683 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 5203 մ։ Խոշորագույն ծոցերն են Ադենի և Օմանի ծոցերը։ Ա. ծ. է թափվում Ինդոս գետը։ Կլիման արևադարձային, մուսոնային է։ Տարեկան տեղումներն արմ–ում հասնում են 23–125 մմ, արլ–ում՝ մինչև 3100 մմ։ Ջրի ջերմաստիճանը ձմռանը՝ 22°C, 27°C, ամռանը՝ 23°C, 28°Շ։ Աղիությանը 35,8–36,5 ‰ է։ Ծովային հոսանքները, կախված մասոնների ուղղությունից, ամռանը շարժվում են արմ–ից արլ., ձմռանը՝ արլ–ից արմ.։ Մակընթացություններն անկանոն են, կեսօրյա, մինչև 5,1 մ բարձրությամբ։ Զարգացած է ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Կոլոմբոն, Բոմբեյը, Կարաչին, Ադենը։
ԱՐԱԲԱԿԱՆ ՁԻ, հեծկան ձիերի հնագույն ցեղ։ Ստացվել է մ. թ. 1-ին հազարամյակում, Արաբական թերակղգում։ Եվրոպա ներմուծվել է միջին դարերում և մինչև XIX դ. սկիզբը լայնորեն օգտագործվել է տեղական հեծկան ձիերի բարելավման, անգլիական զտարյուն, օռլովյան վարգուն և այլ ցեղերի ստացման համար։ Արաբական ձին խոշոր չէ, ունի նուրբ և ամուր կառուցվածք, կարճ իրան, փոքրիկ գեղեցիկ գլուխ, միջին երկարության պարանոց, երկար վերջավորություններ։ Ա. ձ. մեծ մասամբ լինում է մոխրագույն, աշխետ և շիկագույն՝ ոսկեփայլ երանգով։ Մնդավի բարձրությունը 150–152 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 149–150 սմ, դաստակի փաթը՝ 18–19 սմ։ Արագընթաց է, հեզ, աշխույժ և դիմացկուն։ ՍՍՀՄ–ում Ա. ձ–ու արագընթացության ռեկորդներից է. 1000 մ՝ 1 ր 8,2 վրկ և 4000 մ՝ 4 ր 42,3 վրկ։ ՍՍՀՄ–ում կա ներցեղային 3 տիպ՝ քոհելյան, հադբան և սիգլավի։ Լավագույն գլխաքանակը կենտրոնացված է Ստավրոպոլի երկրամասի Թերեքի ձիաբուծարանում։ Ա. ձ. բուծվում է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի շատ երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։
(նկ․) Արաբական ձի։
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (մինչև 1971-ը՝ Պայմանագրային Օման), ֆեդերատիվ պետություն Արաբական թերակղզու արևելքում, Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի արևմտյան ափերին։ Կազմավորվել է 1971-ի դեկտ. 2-ին՝ Աբու–Զաբի, Դիբայ, Շարջա, Աջման, Ումմ–էլ–Քայվայն, Էլ–Ֆուջայրա, Ռաս–էլ–Խայմա արաբական իշխանություններից, որոնք մինչ այդ մտնում էին Պայմանագրային Օմանի մեջ։ Տարածությանը 86,3 հզ. կմ² է, բնակչությունը՝ 215 հզ. (1971), հիմնականում արաբներ։ Մայրաքաղաքը՝ Աբու–Զաբի (Աբու–Դաբի)։
ԱՄԷ–ի մակերևույթի մեծ մասը հարթ է, Ռուուս–էլ–Ջիբալ թերակղգում կան լեռներ (1554 մ)։ Կլիման արևադարձային է, չոր։ Բուսածածկույթը՝ անապատային։
XIX դ. սկզբներին, ծովահենների դեմ պայքարելու պատրվակով մի շարք անհավասար պայմանագրերով Անգլիան ԱՄԷ–ի տերիտորիայում հաստատեց իր խնամակալությունը (պրոտեկտորատը)։ 1971-ի դեկտ. 2-ին խնամակալության վերաբերյալ նախկին համաձայնագրերը փոխարինվեցին «բարեկամության» միասնական պայմանագրով։ Նույն ժամանակվանից էլ ԱՄԷ դարձան Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ–ի անդամ։ Երկրում քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ չկան։
ԱՄԷ տնտեսապես հետամնաց երկիր է։ Տնտեսության հիմքը կազմում են քոչվորական անասնապահությունը և օազիսային երկրագործությունը։ Մշակում են փյունիկյան արմավենի և հացահատիկային կուլտուրաներ։ Ծովափնյա շրջաններում զարգացած է ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը։ Դիբայում կա նավաշինարան։ Լայն տարածում ունեն տնայնագործական արհեստները, գորգագործությունը, մետաքսագործությունը, ոսկերչությունը ևն։ Դիբայում և Ռաս–էլ–Խայմայում կառուցվում են ցեմենտի գործարաններ (երկրի առաջին արդյունաբերական ձեռնարկությունները)։
ԱՄԷ հարուստ է նավթի պաշարներով, որը արդյունահանվում է անգլ., ամերիկյան և ֆրանս. ընկերությունների կողմից։ Նախատեսվում է ստեղծել ազգային նավթային ընկերություններ։ Երկաթուղիներ չկան։ Օդային գծերով կապված է հարևան պետությունների, ինչպես նաև Լոնդոնի, Բոմբեյի և Բեյրութի հետ։ Գլխավոր նավահանգիստը Դիբայն է։
Երկրում տիրապետողը տոհմա–ցեղային հարաբերություններն են։ Բնակչության 95%-ը անգրագետ է։ Չափազանց մեծ է երեխաների մահացությունը (85%)։ Միայն վերջին տարիներին երկրում կառուցվել են տարրական դպրոցներ և հիվանդանոցներ։ Իր դրամական միավորը