Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

70 ԱԴԴԱՐՅԱՆ

ԱԴԴԱՐՅԱՆ Գառնիկ Հովսեփի (ծն. 1925), հայ բանաստեղծ, խմբագիր, հասարակական֊քաղաքական գործիչ սփյուռքում։ Ծնվել է մարտի 23-ին, Հալեպում։ 1942-ից բնակվում է Բեյրութում։ Աշխատակցում է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական֊հասարակական շաբաթաթերթը, «Էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1946-ին։ Նշանավոր է «Պատնեշին վրա» (Բեյրութ, 1954, Երևան, 1957) բանաստեղծությունների ժողովածուն, որ հրատարակվել է նաև Մոսկվայում՝ ռուսերեն (1963)։ «Մատյան ցավի և հատուցման» (1965) պոեմում Ա. արտացոլել է սփյուռքահայության հայրենասիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը։ Մեծ եղեռնի 50֊ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ 1968-ին Երևանում լույս է տեսել Ա֊ի «Ապրիմ֊մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն։ Ս. Կուրտիկյան


ԱԴԵԼԱԻԴԱ (Adelaide), քաղաք Ավստրալիական Միությունում, Հարավային Ավստրալիա նահանգի վարչական կենտրոնը։ 825,4 հզ. բն. (1970, արվարձաններով)։ Հիմնադրվել է 1836-ին։ Նավահանգիստ Սպենսեր ծոցի ափին։ Ունի երկաթուղային կայարան և օդանավակայան։ Կան խողովակագլանման, քիմիական, ավտոմոբիլաշինական, նավաշինական ձեռնարկություններ։ Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը։ Ունի համալսարան (1874), թանգարաններ, կոնսերվատորիա։


ԱԴԵԼՅԱՆ (Դանիելյան) Ազարիա Մարտիրոսի (1871–1903), հայ գրող, գյուղագիր։ Ծնվել է հունիսի 17-ին, Մեղրիում։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, ավարտել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը (1901)։ Ուսանողական տարիներին մտերմացել է Ս. Շահումյանի հետ, ընդգրկվել «Թեորետիկ» մարքսիստական խմբակում։ Ա֊ի պատմվածքներում («Ներհակ Առաքելը», «Նրա ցավը», «Հիվանդոտ խիղճը», «Երկու կրակի մեջ») և վիպակներում («Տգիտության զոհեր», «Սկեսուր») պատկերված են XIX դարի 70–90-ական թթ. հայ գյուղի սոցիալական ներհակությունները։ Նարոդնիկական գաղափարների ազդեցությամբ Ա. տարվել է մտավորականության գյուղափրկչական֊լուսավորական ծրագրերով, բայց որպես ռեալիստ հանգել է այդ ճանապարհով գյուղը վերափոխելու անհնարինությանը։ Ա. գյուղական սպառողական առաջին կոոպերատիվի կազմակերպիչներից է Հայաստանում (Մեղրի, 1901)։ Մահացել է նոյեմբ. 9-ին, Նախիջևանում։

Երկ. Երկ. ժող., Ե., 1950։

Գրկ. Դանիելյան Ս., Ազարիա Ադելյան, Ե., 1964։


ԱԴԵԼՈՒՆԳ (Adelung) Յոհան Քրիստոֆ (1732–1806), գերմանացի լեզվաբան, քերական և բառարանագիր։ Ա֊ի «Գերմաներենի հանգամանալից դասագիրք» (1782) և «Վերին գերմանական բարբառի քերականական֊քննական լիակատար բառարանի փորձ» (հ. 1–5, 1774–86) աշխատությունները նպաստել են գրական գերմաներենի նորմավորմանը։ Ա֊ի և Յ. Ս. Ֆատերի «Միհրդատ կամ Ընդհանուր լեզվաբանություն, որին որպես լեզվական նմուշ կցված է «Հայր մերը» համարյա 500 լեզվով ու բարբառով» (հ. 1–4, 1806–17) աշխատությունը տեղեկություններ է պարունակում այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր լեզուների վերաբերյալ։ Չնայած բերված հայ֊լատինա֊պարսկական զուգահեռներին (մայր – mater, հայր – pater ևն), Ա. գտնում էր, որ «հայերենը առանձին, ոչ մի ծանոթ լեզվի հետ առնչոuթյուն չունեցող լեզու է»։ Գ. Ջահուկյան


ԱԴԵԿՎԱՏ (<լատ. adaequatus — հավասարեցված, հավասար), համապատասխան, համաչափ, ճիշտ։ Իմացաբանության մեջ «Ա.» տերմինով նշանակվում է օբյեկտիվ իրականության ճիշտ արտացոլումը մտածողության մեջ։ Այդ առումով ճշմարտությունը սահմանվում է իբրև մտածողության ադեկվատություն կեցությանը։


ԱԴԵՆ, քաղաք Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում։ 225 հզ. բն. (1964)։ Նավահանգիստ Ադենի ծոցի ափին։ Միջազգային օդանավակայան։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոն (տարեկան 8 մլն. տ)։ Ունի նավանորոգման, պահածոների և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնի է նավթի և նավթամթերքների, հացահատիկի, ծխախոտի, կաշվի առևտրով։


ԱԴԵՆ, անգլիական նախկին գաղութային տիրապետություն (1839–1967) Արաբական թերակղզու հարավում (տես Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն


ԱԴԵՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է Այնթապում, որբախնամ Ադենական ընկերության (հիմն. 1874) կողմից։ Սկզբից որբանոց էր 15 որբերով։ 1885-ին վերածվել է որբանոց֊դպրոցի, 1886-ին՝ վարժարանի, 1911-ին՝ երկրորդական վարժարանի։ Ուներ ծաղկոց, նախակրթարան, կրթարան և կիրակնօրյա լսարան։ 1914-ին աշակերտների թիվը 288 էր։ 1915-ին փակվել է, վերաբացվել 1919-ին, անկանոն գործել մինչև 1922 և ընդմիշտ փակվել։ Ա. վ. առաջնորդվել է Կ. Պոլսի ուսումնական խորհրդի կրթական ծրագրերով, դասավանդվել են հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, քիմիա, ֆրանսերեն, թուրքերեն, մարմնամարզություն, գծագրություն ևն։ Ա. վ֊ում տեսուչներ են եղել Հակոբ Պեքյարյանը (1885–95), Ներսես Պաղտոյանը, Սմբատ Տեմիրճյանը, Ղազարոս Ղպլիկյանը, Հակոբ Զեյթունցյանը։ Վարժարանի շրջանավարտներից շատերը հետագայում դարձան բժիշկներ, ինժեներներ, ազգային գործիչներ։


ԱԴԵՆԱՈԻԵՐ (Adenuaner) Կոնրադ (1876–1967), ԳՖՀ պետական գործիչ, իրավագետ։ Ծնվել է հունվարի 5-ին, Քյոլնում։ 1917–33-ին եղել է Քյոլնի քաղաքագլուխ, 1920–32-ին՝ պրուսական Պետական խորհրդի նախագահ։ Ֆաշիզմի օրոք մեկուսացած էր քաղաքական գործունեությունից։ 1946–66-ին Քրիստոնեա֊դեմոկրատական միություն կուսակցության նախագահն էր, 1949–63-ին՝ ԳՖՀ ֆեդերալ կանցլերը։ Վայելում էր կաթոլիկ եկեղեցու և ամերիկյան իմպերիալիզմի աջակցությունը։ Ա֊ի կառավարությունը 1954-ին ստորագրեց Փարիզի համաձայնագրերը, որոնցով ԳՖՀ մտավ ՆԱՏՕ֊ի մեջ։ Իր քաղաքականությամբ նպաստեց ԳՖՀ֊ում ռևանշիզմի և միլիտարիզմի վերածնմանը, խթանեց հակակոմունիզմը և արգելեց Գերմանիայի կոմկուսը (1956)։ Ա. Եվրոպայի ինտեգրացիայի և Հալշտայնի դոկտրինայի կողմնակից էր։ Մահացել է ապրիլի 19-ին, Բոննի մոտ։


ԱԴԵՆԻ ԾՈՑ, Արաբական ծովում, Արաբական և Սոմալի թերակղզիների միջև։ Առավելագույն խորությունը 3680 մ է։ Բաբ֊էլ֊Մանդեբի նեղուցով հաղորդակցվում է Կարմիր ծովի հետ։ Գլխավոր նավահանգիստն է Ադենը։


ԱԴԵՆԻՆ, 6–ամինապուրին, պուրինային հիմք։ Մոլ. կշ. 135,14։ Ջրում՝ վատ, թթուներում և հիմքերում լավ լուծվող, անգույն բյուրեղներ են։ Պարունակվում է բոլոր կենդանի բջիջներում։ Մտնում է նուկլեինաթթուների, ադենոզինի, ադենոզին֊միաֆոսֆորաթթվի (տես Ադենոզինֆոսֆորաթթուներ) և մի քանի ֆերմենտների բաղադրության մեջ։


ԱԴԵՆՈԶԻՆ, օրգանական նյութ՝ կազմված ռիբոզից և ադենինից։ Մոլ. կշ. 267,1: Անգույն բյուրեղներ են։ Թույլ հիմք է, ջրում լուծելի։ Օրգանիզմներում պարունակվում է հատկապես մի քանի ֆերմենտներում, ինչպես նաև ադենոզինֆոսֆորաթթուներում և նուկլեինաթթուներում։ Ա֊ի ներարկումն ուժեղացնում է սրտի գործունեությունը։


ԱԴԵՆՈԶԻՆՖՈՍՖՈՐԱԹԹՈՒՆԵՐ, բարդ օրգանական միացություններ, նուկլեոտիդներ, ադենոզինի միա-, կրկնա- և եռֆոսֆորաթթուների եթերներ։ Բաղկացած են ադենինից, ռիբոզից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ), ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ) և ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները (մանրէներից մինչև մարդը)։

Բացառիկ նշանակություն ունեն նյութերի և էներգիայի փոխանակության պրոցեսների, ինչպես նաև օրգանիզմի կենսագործունեության համար, քանի որ ֆոսֆատային խմբերի