գնչուներ։ Կլիմայական ծանր պայմանների պատճառով Ա. վ. նոսր էր բնակեցված։ Չուքուրօվայի դաշտավայրում, հատկապես ծովափնյա շրջաններում, լինում են սաստիկ շոգեր: Նույնիսկ ծովափից հեռու վայրերում կլիման խիստ վատառողջ է. տենդը սովորական երևույթ է։ Դաշտեցի ունևորները տենդից խուսափելով ամռանը բարձրանում էին լեռնային շրջանները։ Ա. վ֊ում գերակշռում էր գյուղական բնակչությունը։ Գլխ. քաղաքներն էին Ադանան և Մերսինը։ Ա. վ֊ում էին գտնվում հնադարյան քաղաքակրթության նշանավոր կենտրոններ Տարսոնը, Մամեստիան, Անարզաբան, Սելևկիան, Կիլիկիայի հայկական պետության վաղեմի մայրաքաղաք և Կիլիկիայի կաթողիկոսի աթոռանիստ Սիսը։ Ա. վ. բացօթյա մի ընդարձակ թանգարան է՝ հին ու միջին դդ. բազմաթիվ ժողովուրդների բնակավայրերի և հուշարձանների ավերակներով։ Դեռ կիսականգուն մնում են Կիլիկիայի հայկական պետության՝ Սսի, Վահկայի, Կապանի, Կոռիկոսի, Սելևկիայի, Անեմուռի, Լամբրոնի, Գուգլակի, Էրմենեկի և այլ բերդերի ու միջնադարյան հայկական վանքերի ավերակները։
Ա. վ֊ի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն էր։ Բամբակենուց բացի (տարեկան 20 հզ. տ) մշակում էին քունջութ, ցորեն, վարսակ։ Տարածված էր ծիրանի, խնձորի, նռան, ընկույզի, ձիթապտղի և ցիտրուսների (նարնջի, կիտրոնի) մշակությունը։ Զարգացած էր բանջարաբուծությունը։ Լեռնային մասերում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ։ Կային բամբակի մաքրման, մահուդ, թաղիք, կտավ, գորգեր, կաշի, թամբ արտադրող տնայնագործական ձեռնարկություններ։ Սեյհանի և Ջեյհանի գետաբերանների միջև ընկած ծովալճակներից արդյունահանվում էր աղ։ Ա. վ֊ում առաջին երկաթուղին (Մերսին—Ադանա, 67 կմ) շահագործման է հանձնվել 1886-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրան միացվեց Բաղդադի երկաթուղու՝ Կոնիայից Կիլիկիայի դռների և Ադանայի վրայով Ասորիք մտնող հատվածը։ Ա. վ֊ով էին անցնում նաև Ասորիք և Միջերկրականի ափերը տանող մի քանի տարանցիկ ճանապարհներ, որոնցով փոխադրումները կատարվում էին ուղտերով կամ սայլերով։ Սեյհան (Ադանայից մինչև գետաբերանը) և Ջեյհան (Մամեստիայից մինչև գետաբերանը) գետերի վրա կար նավարկություն։ Միջերկրականի ափին գլխ. նավահանգիստը Մերսինն էր։
Ա․ վ֊ի արդ. ու արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը գտնվում էին հայերի ձեռքին։ Երկրագործությամբ զբաղվող հայերն արդեն օգտագործում էին Եվրոպայից ներմուծած գյուղատնտեսական մեքենաներ։ Աբդուլ Համիդ II և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը (տես Ադանայի կոտորած 1909), ապա և 1915-ի տեղահանությունը ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ Երբ 1919-ին ֆրանսիական բանակը հայ կամավորների օժանդակությամբ գրավեց Ա. վ., շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն Անկարայի 1921-ի հոկտ. 20-ի պայմանագրի (տես Թուրք֊ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922-ի հունվ. 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հզ. հայերին ստիպեց տեղափոխվել Սիրիա և Հունաստան։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են Մերսին և Տարսոն քաղաքներում։ Ներկայիս Ա. վ֊ի տարած. 17,3 հզ. կմ² է, բն. 902,7 հզ. (1965)։
ԱԴԱՊՏԱՑԻԱ (<լատ. adaptatio — հարմարվել), տես Հարմարվողականություն։
ԱԴԱՋՈ, ադաժիո (իտալ. adagio — դանդաղ, հանգիստ), երաժշտության մեջ՝ 1. դանդաղ տեմպ, 2. նույն տեմպով կատարվող երաժշտական պիես կամ սիմֆոնիայի, կվարտետի, սոնատի միջին մասերից մեկը։ Բալետում՝ դասական պարի դանդաղ մասը՝ երգային֊քնարական բնույթի երաժշտության ուղեկցությամբ։ Երբեմն՝ ինքնուրույն պարային դրվագ․ պա֊դե֊դե, պա֊դե֊տրուա, պա֊դ'ակսիոն, գրան պա (տես Պա)։