Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխավոր բալետմայստերը, բեմադրել Ա. Խաչատրյանի «Երջանկություն» (1939), Ա. Սպենդիարյանի «Խանդութ» (1945), Գ. Եղիազարյանի «Սևան» (1956), է. Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Զ. Մուրադյանի հետ), ինչպես և Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939), Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը» (1949), Գլիերի «Պղնձե հեծյալը» (1949) բալետները, Սպենդիարյանի «Ալմաստ», Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաների պարերը։ Ա. ստեղծել է բեմական ցայտուն կերպարներ՝ Գիրեյ («Բախչիսարայի շատրվանը»), Լի Շանֆու («Կարմիր կակաչ»), Պետրոս I («Պղնձե հեծյալը»), Գաբո («Երջանկություն»), Սաթո («Սևան»)։ Մահացել է սեպտ. 29-ին, Թբիլիսիում։ Ջ. Մուրադյան

ԱՐԲԵՀԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Երզնկայի գավառում, համանուն գետի հովտում։ XIX դ. վերջին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, բամբակի մշակությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Երգընկա քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի։ Շրջակայքում կային հայկական հին գերեզմանոցի և բնակավայրի մնացորդներ։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հ. Հակոբյան


ԱՐԲՈՒԶՈՎ Ալեքսանդր Երմինինգելդովիչ (1877–1968), սովետական քիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942), սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։ Ծնվել է օգոստոսի 30 (սեպտ. 11)–ին, Կազանի նահանգի Արբուզովո–Բաթան գյուղում։ 1945–63-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Կազանի մասնաճյուղի նախագահ։ Ա. ղեկավարել է Կազանի համալսարանի (1915–30) և Կազանի քիմիա–տեխնոլոգիական ինստ–ի (1930–63) օրգանական քիմիայի ամբիոնները։ Զբաղվել է ֆոսֆորօրգանական միացությունների, նաև կատալիզի, քիմիական տեխնոլոգիայի, քիմիայի պատմության և տաուտոմերիայի ուսումնասիրությամբ։ Նրա հայտնաբերած «Արբուզովի ռեակցիան» ֆոսֆորօրգանական միացությունների սինթեզման կարեվոր եղանակներից է։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1943, 1947), ՍՍՀՄ II–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է հունվ. 1-ին, Կազանում։

Գրկ. Избранные труды, М., 1952.


ԱՐԲՈՒԶՈՎ Ալեքսեյ Նիկոլաևիչ (ծն. 1908), ռուս սովետական դրամատուրգ։ Ծնվել է մայիսի 13(26)–ին, Մոսկվայում։ Ավարտել է Լենինգրադի թատերական դպրոցը։ «Հեռավոր ճանապարհ» (1935), «Տանյա» (1939), «Քաղաքն արշալույսին» (1941, նոր խմբ. 1957), «Տնակը ծայրամասում» (1943), «Թափառումների տարիներ» (1954), «Իրկուտսկյան պատմություն» (1959), «Կորսված որդին» (1961), «Իմ խեղճ Մարատ» (1965), «Գիշերային խոստովանություն» (1967), «Այս սիրելի, հին տանը» (1972) և այլ պիեսներում Ա. պատկերել է սովետական երիտասարդ մարդու հոգեկան աշխարհի, կոմունիստական բարոյականության ձևավորումը։ Ա–ի դրամատուրգիան աչքի է ընկնում նոր ձևերի որոնմամբ, քնարական–ռոմանտիկ տրամադրությամբ, սյուժետային կոլիզիաների սրությամբ։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոնը բեմադրել է Ա–ի «Տանյա» (1950), «Իրկուտսկյան պատմություն» (1960), «Իմ խեղճ Մարատ» (1965), «Այս սիրելի, հին տանը» (1972) և այլ պիեսներ։

ԱՐԳԱՆԴ (uterus, metria), կենդանիների և մարդու իգական սեռական ներքին օրգան։ Անողնաշարավոր կենդանիներից Ա. ունեն որոշ որդեր, հոդվածոտանիներ, փափկամորթներ, ողնաշարավորներից՝ մի քանի երկկենցաղներ, բոլոր սողուններն ու կաթնասունները։ Մարդու Ա. տեղակայված է փոքր կոնքի խոռոչում, միզապարկից ետ, ուղիղ աղիքից առաջ։ Ա. տանձաձև է, ունի հատակ, մարմին, վիզ։ Վզի ստորին մասը մտած է հեշտոցի մեջ։ Ա–ի մարմնի խոռոչը եռանկյունի է, իսկ վզի շրջանում՝ խողովակաձև, որը վերջանում է Ա–ի արտաքին բացվածքով։ Ա–ի պատերը հաստ են՝ կազմված երեք շերտից, ներքին շերտը լորձաթաղանթն Է՝ հարուստ բազմաթիվ մանր գեղձերով, միջին շերտը մկանային է, մոտավորապես 2,5 սմ հաստությամբ, արտաքին շերտը որովայնամիզն է, որը, արգանդի առաջսւյին և ետին երեսները պատելով, նրա աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը՝ կազմելով արգանդի լայն կապանը, որի երկու թերթիկների մեջ տեղակայված են արգանդի կլոր կապանները, արյան անոթները և արգանդային կամ ֆալոպյան փողերը։ Վերջինները 10–12 սմ երկարությամբ զույգ խողովակներ են, որոնք ունեն արգանդային և որովայնային բացվածքներ։ Ֆալոպյան փողերի միջոցով հասունացած ձվաբջիջը ձվարանից անցնում է արգանդ։ Հ. Հակոբյան


ԱՐԳԱՎԱՆԴ (մինչև 1946՝ Ջաֆարաբադ), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, Էջմիածին–Երևան խճուղու վրա. շրջկենտրոնից 13 կմ հյուսիս։ 917 բն. (1970), հայեր, քրդեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ Ա–ի գերեզմանատանը կա եկեղեցու ավերակ, շրջակայքում՝ իրանական դամբարան։


ԱՐԳԱՎԱՆԴ (մինչև 1947՝ Ուզունոբա), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ։ 1457 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, հիվանդանոց, կապի բաժանմունք։ Ա–ի կոլտնտեսականներ Ա. Զադոյանին և Հ. Բաղդասարյանին բամբակագործության բնագավառում ձեռք բերած բարձր ցուցանիշների համար շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։


ԱՐԳԱՈՒՍ, Արգաութ, Արգաս, Արգավան, քաղաք Փոքր Հայքում, Մելիտինե քաղաքից 40 կմ հյուսիս։ Ա–ում են ապաստանել Հայաստանից հալածված աղանդավոր պավլիկյաններն ու թոնդրակեցիները։ Մինչև 855 Ա. և Աբարա (Սմարա) գյուղը Բյուզանդիայի դեմ պավլիկյանների վարած հարձակումների հենակետերն էին։ Ա. կործանվել է 872-ին՝ պավլիկյանների դեմ Բյուզանդիայի Վասիլ Ա կայսեր ձեռնարկած արշավանքների ժամանակ։ Մ. Ճևահիրճյան


ԱՐԳԵԶԻ (Arghezi) Թուդոր (իսկական անունը՝ Յոն Թեոդորեսկու, 1880–1967), ռումին բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Ռումինիայի ԳԱ անդամ, պետական մրցանակի դափնեկիր։ Ծնվել է մայիսի 21-ին, Բուխարեստում։ Հրատարակել և խմբագրել է գրական մի շարք հանդեսներ։ Պայքարել է ֆաշիզմի դեմ, որի համար նետվել է համակենտրոնացման ճամբար։ Բանաստեղծական ժողովածուներից նշանավոր են «Հարմար խոսքեր» (1927), «Բորբոսածաղիկներ» (1931), «Երեկոյան գրքույկ» (1935), «Յոթ երգ փակ բերանով» (1939), «Երգ մարդուն» (1955), «1907» (1955)։ Ա. նորարար է ռումինական բանաստեղծական արվեստի մեջ. քնարերգության դասական ձևերը հարստացրել է ռիթմի, լեզվի, արտահայտչամիջոցների ու խոսքի պատկերավորման նոր հնարավորություններով։ Ա–ի արձակ երկերից են «Աստվածամոր աչքերը» (1934), «Բունա վեստիրե գերեզմանատունը» (1936) վեպերը և բազմաթիվ պամֆւետներ։ Մահացեւ է հուլիսի 14-ին, Բուխարեստում։

Երկ. Ռումինական քնար, Ե., 1964, էջ 101–111։


ԱՐԳԵԼԱԿ, տարբեր մեքենաների շարժմանն արագությունը նվազեցնող կամ շարժումը դադարեցնող սարք։ Ըստ գործողության սկզբունքի, Ա–ները լինում են մեխանիկական (շփման) և էլեկտրամագնիսական (առաջին դեպքում կինետիկ էներգիան վերածվում է ջերմայինի, երկրորդ դեպքում՝ էլեկտրականի)։ Մեխանիկական Ա–ները գործարկվում են մեխանիկական, հիդրավլիկսւկսւն, պնևմատիկ կամ էլեկտրական հաղորդակներով, իսկ արգելակումն իրագործվում է ձգաձողերի և լծակների համակարգի միջոցով։ Էլեկտրամագնիսական Ա–ները գործարկվում են էլեկտրամագնիսի օգնությամբ։ Լինում են ձեռքի կամ ոտքի Ա–ներ, որոնք գործարկվում են մարդու ճիգերով, սերվոարգելակներ, որոնցում մարդու ճիգերը ուժեղացվում են հատուկ հարմարանքներ (սերվոմեխանիզմների) միջոցով, և ինքնաբեր Ա–ներ, որոնք գործում են առանց մարդու ճիգերի։ Ըստ հիմնական մասերի, Ա–ները լինում են՝ կոճղակավոր (նկ. ա), ժապավենային (նկ. բ) և սկավառակային (նկ. գ)՝. Կոճղակավոր Ա. բաղկացած է պտտվող թմբուկից, որին արգելակման ժամանակ սեղմվում են (ներսից կամ դրսից) կոճղակները՝ մեծացնելով