Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Արգելակի տեսակները․ ա․ կոճղակավոր, բ․ ժապավենային, գ․ սկավառակավոր։

շարժման դիմադրությունը։ Ժապավենային Ա–ում կոշտ կոճղակների փոխարեն թմբուկին սեղմվում է ճկուն ժապավենը։ Սկավառակային Ա. բաղկացած է պտտվող և չպտտվող սկավառակներից, որոնք արգելակման ժամանակ իրար են սեղմվում։ Ա–ները մեծ նշանակություն ունեն փոխադրամիջոցներում, որտեղ դրանց կատարելությունից է կախված երթևեկության անվտանգությունը և թույլատրելի արագությունը։ Երկաթուղային կամ ավտոմոբիլային գնացքներում Ա–ներն ունեն հեռակառավարում, որը կատարվում է լոկոմոտիվից կամ քարշակից։ Երկաթուղային Ա–ները գործում են սեղմված օդով։ Արտակարգ դեպքերի համար շարժակազմը հանդերձվում է նաև ձեռքի Ա–ով։ Մարդատար գնացքները հանդերձվում են էլեկտրապնևմատիկ Ա–ներով, որոնց վարումն իրագործվում է էլեկտրական սարքով, արգելակումն ամբողջ գնացքի համար կատարվում է միաժամանակ։ Ավտոմոբիլային Ա–ները տեղադրվում են անիվների կամ փոխհաղորդակի լիսեռներից որևէ մեկի վրա։ Դրանց հաղորդակը պնևմատիկ է (առավելապես բեռնատարների համար) կամ հիդրավլիկական։ Ավտոմոբիլային ոտքի արգելակի համակարգերում լայն տարածում ունեն կոճղակավոր Ա–ները։ Ձեռքի Ա-ները, սովորաբար, լինում են սկավառակային կամ ժապավենային։ Ա. Մարջանյան

ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, տիեզերական թռչող ապարատների (տիեզերանավերի, արհեստական արբանյակների) շարժումն արգելակող հրթիռային շարժիչ։ Ա. հ. շ–ի քարշի ուղղությունը հակադարձ է շարժման հիմնական ուղղությանը և ուղղված է թռիչքի արագության վեկտորին հակառակ: Կիրառվում են վայրէջքի ժամանակ ուղեծրից դուրս գալու, ինչպես նաև բազմաստիճան հրթիռների առանձին աստիճաններն անջատելիս նրանց արգելակելու համար։ Լինում են հեղուկային և կարծրվառելանյութային։


ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, 1. որևէ ուժային դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի արգելակման (արագության փոփոխության) դեպքում առաջացած էլեկտրամագնիսական ճառագայթում։ Սովորաբար Ա. ճ. դիտվում է, երբ լիցքավորված մասնիկը փոխազդեցության մեջ է մտնում (բախվում է) ատոմի միջուկի և ատոմային էլեկտրոնների էլեկտրաստատիկ դաշտերի հետ։ Երբեմն Ա. ճ–մանն են վերագրում մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկների ֆոտոնների ճառագայթումը (այսպես կոչված մագնիսաարգելակման կամ սինքրոտրոնային ճառագայթումը) ինչպես և γ-քվանտների ճառագայթումը տարրական մասնիկների տրոհման ժամանակ։ Արագացում ունեցող յուրաքանչյուր լիցքավորված մասնիկը առաքում է անընդհատ սպեկտրով էներգիա, ընդ որում ֆոտոնների առավելագույն էներգիան հավասար է ճառագայթող մասնիկի կինետիկ էներգիային, այսինքն՝ Ա. ճ-ման էներգետիկ սպեկտրը ունի բնորոշ վերին սահման։ Ա. ճ. նվազեցնում է մասնիկի կինետիկ էներգիան,հետևաբար և ճառագայթող մասնիկի արագությունը։ Էներգիայի կորուստը հակադարձ համեմատական է մասնիկի հանգստի զանգվածի քառակուսուն, այդ պատճառով էլեկտրոնները նյութում արգելակվում են ավելի ուժեղ, քան ծանր մասնիկները, որը հնարավորություն է տալիս տարբերելու էլեկտրոնները տիեզերական ճառագայթների մյուս մասնիկներից։ Լ. Լանդաուի, Ի.Պոմերանչուկի աշխատանքներում (1953) ցույց է տրված, որ մեծ էներգիաներով էլեկտրոնների Ա. ճ–ման վրա էապես ազդում են միջավայրում էլեկտրոնների բազմակի ցրումը և միջավայրի բևեռացումը։ Ա. ճ. մեծ էներգիաների ֆոտոնային փնջերի ստացման հիմնական մեթոդն է, որի օգնությամբ ուսումնասիրվում է տարրական մասնիկների և ատոմների միջուկների էլեկտրամագնիսական կառուցվածքը, տարրական մասնիկների ֆոտոծնումը, նյութի և ճառագայթման փոխազդեցության այլ պրոցեսներ։ Ա. ճ. ռենտգենյան ճառագայթներ և գամմա–ճառագայթներ ստանալու հիմնական միջոցն է։ 2. Տիեզերական թռչող ապարատների պատյանում մասնիկների արգելակման ժամանակ առաջացած կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթում։ Մասնիկները (օր. էլեկտրոններ, պրոտոններ) տիեզերական ապարատների հետ բախվելիս, թափանցելով նրա պատյանը, արգելակվում են, և նրանց կինետիկ էներգիան փոխարկվում է ռենտգենյան ճառագայթման էներգիայի, որը վտանգավոր է տիեզերագնացների համար։

Ա. ճ. երևույթի ուսումնասիրության գործում իրենց ներդրումն ունեն նաև հայ ֆիզիկոսները։ Գ. Սահակյանը ցույց է տվել, որ մեծ անկյունների տակ դիտվող Ա. ճ. կարող է օգտագործվել ատոմի միջուկի կառուցվածքը հետազոտելու համար։ Գ. Ղարիբյանը ուսումնասիրել է Ա. ճ–ման առաջացումը էլեկտրոն–էլեկտրոն և էլեկտրոն–պոզիտրոն բախումների ժամանակ։ Մ. Տեր–Միքայելյանը հետազոտել է մեծ էներգիայի էլեկտրոնների բազմակի ցրման երևույթի ազդեցությունը Ա. ճ–ման վրա։ Ա. Գազազյան


ԱՐԳԵԼԱՆՈՑ, առանձնացված հատուկ տեղամաս, որն իր հողային, անտառային տարածությամբ, կենդանական, բուսական աշխարհով, ջրային ռեսուրսներով և բնական հարստություններով ունի գիտական, մշակութային, ջրապաշտպան, հողապաշտպան, պատմական նշանակություն։ ՍՍՀՄ–ում Ա–ները գիտահետազոտական հիմնարկներ են, որոնց խնդիրն է՝ անձեռնմխելի պահպանել յուրաքանչյուր շրջանին հատուկ բնական լանդշաֆտները, ուսումնասիրել բնական ռեսուրսների վիճակը, նրանց հարստացման, վերարտադրման ուղիները, բուծել ու բազմացնել օգտակար վայրի կենդանիներ և թռչուններ, գիտականորեն վեր հանել բնության զարգացման օրինաչափությունները, բնական պրոցեսների ընթացքը և դրանք օգտագործել մարդու շահերին համապատասխան։ Ըստ էության Ա–ները բնության փոքրիկ կղզիներ են՝ բնական լաբորատորիաներ, որտեղ հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիներն ու թռչունները ազատ բազմանում, զարգանում են, այնուհետև դրանց փոխադրում ու տարածում են երկրի տարբեր մասերը։ Օրինակ, կաթնասուններից՝ զուբրը, փոկերը, ծովարջը, բծավոր եղջերուն, կուղբը, սամույրը, մշկամուկը, թռչուններից՝ այդերուկը, սպիտակ ձկնկուլը, հավալուսնը, բույսերից՝ կարմրածառը, տոսախը, արջընկույզը, թավշածառը, լոտոսը և այլն։ ՍՍՀՄ–ում կան բազմաթիվ Ա–ներ։ Դրանցից Բելովեժյան Ա–ում հիմնականում զբաղվում են չափազանց արժեքավոր վայրի կենդանիների՝ ցուլերի պահպանման և բուծման հարցերով, Աստրախանի Ա–ում, որն ստեղծվել է 1919-ին Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ, ուսումնասիրում են Վոլգայի գետաբերանի ու Կասպից ծովի հս. մասի ջրային ռեժիմի, ձկների և լողացող թռչունների,ջրային հազվագյուտ բույսերի՝ լոտոսների պահպանության հարցերը։ Ա–ում կատարված շատ աշխատանքներ ունեն պրակտիկ նշանակություն, օր. Վորոնեժի Ա–ում աշխարհում առաջին անգամ լուծվեց գետային կուղբերի բազմացման խնդիրը՝ վանդակային պահպանման ժամանակ։ Կովկասի, Ղրիմի, Մորդովական ԻՍՍՀ–ի և այլ Ա–ներում տարվող աշխատանքները նվիրված են անտառային տնտեսության, անտառների բնական վերականգնման հարցերին։ ՀՍՍՀ Խոսրովի Ա–ում ուսումնասիրվում է պատմական անցյալից մնացած Խոսրովի անտառը և նրան կից կիսաանապատային ու լեռնամարգագետնային գոտիների բուսական ու կենդանական աշխարհը։ Դիլիջանի Ա–ում ուսումնասիրվում են հանրապետության հս.շրջաններին բնորոշ երրորդական շրջանից մնացած հազվագյուտ և արժեքավոր կարմիր ծառի և կենդանական աշխարհի պահպանության պայմանները։ Ի. Միրիմանյան


ԱՐԳԵԼԱՎԱՅՐ, պահպանության տակ գտնվող անտառային, հողային, ջրային և այլ տարածություններ, որոնք ստեղծվում են հազվագյուտ, անհետացման ենթակա կենդանիների, ձկների, թռչունների, բույսերի թվաքանակը մեծացնելու և դրանք ոչնչացումից փրկելու նպատակով։ Ունի ժամանակավոր բնույթ,ստեղծվում է պե-