խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։
ՍԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ կուսակցության Կենտկոմը, որն ընտրում է Քաղհանձնաժողով և Քարտուղարություն։ Կենտկոմի գլխ․ քարտուղարն է Շաֆիկ Խորխե Հանդալը, կենտրոնական օրգանը՝ «Վոս պոպուլար» («Voz Popular») թերթը։
ՍԱԼՎԱԴՈՐՑԻՆԵՐ, Սալվադորի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ 4,9 մլն (1982)։ Խոսում են իսպաներեն։ Հավատացյալներն առավելապես կաթոլիկներ են։ Մեծ մասամբ մետիսներ են՝ իսպ․ (գաղութարարների (XVI–XVIII դդ․), հնդկացի բնիկների, որոշ չափով՝ նեգրերի խառնուրդ։ Իրենց էթնիկական ինքնությունն ու լեզուները պահպանած սակավաթիվ հնդկացիները բնակվում են երկրի հս–արլ․ (լենկա), արմ․ և կենտրոն, (պիսյիլ) շրջաններում։ Ս–ի մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության մեջ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Սալվադոր հոդվածում։
ՍԱԼՎԱՐԴ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, Սալվարդ լեռան ստորոտին, շրջկենտրոնից 9 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1828-ին։
ՍԱԼՎԻՆԻ (Salvini) Թոմազո (1․1․1829, Միլան –31․12․1915, Ֆլորենցիա), իտալացի դերասան։ Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1842-ին։ Գ․ Մոդենան, որի թատերախումբն է հրավիրվել հոր հետ 1843-ին, որոշիչ դեր է ունեցել Ս–ի ստեղծագործության և աշխարհայացքի ձևավորման հարցում։ 1848-ին մասնակցել է իտալ․ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարին, ձերբակալվել երկու անգամ։ 1860-ական թվականներից գլխավորել է սեփական թատերախմբերը։ 1869-ից մշտապես հյուրախաղերով ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հվ․ և Հս․ Ամերիկայում, Ռուսաստանում։ 1903-ին թողել է բեմը։ Ս–ի համաշխարհային փառքը պայմանավորվել է շեքսպիրյան հերոսների անձնավորումներով՝ Օթելլո («Օթելլո»), Համլետ («Համլետ»), Մակբեթ («Մակբեթ»), Լիր արքա («Լիր արքա») ևն։ Լավագույն դերերից են նաև Կոռադո (Զակոմեատիի «Քաղաքացիական մահ»), Օրոսման (Վոլտերի «Զաիր»)։ Ս–ի արվեստը XIX դ․ իտալ․ և ամբողջ արևմտաեվրոպ․ թատրոնի զարգացման գագաթն է։ Գ․ Մոդենայի դպրոցին բնորոշ ռոմանտիկական ոգևորությունը, բաղ․ կրքոտությունն ու հերոսական պաթոսը նա զուգորդել է գործող անձի հոգեբանության մեջ խոր ներթափանցելու հետ։ Մ․ հեղինակ է հուշագրությունների, տեսական հոդվածների։ Ս–ի տաղանդը բարձր է գնահատել Կ․ Ստանիսլավսկին։ Ս–ի հայ առաջին ծանոթներից է եղել Պ․ Ադամյանը, որին հանդիպել է 1885-ին՝ Խարկովում, ուր հյուրախաղերով հանդես են եկել միաժամանակ։
ՍԱԼՏԻԿՈՎ Միխայիլ Եվգրաֆովիչ, Սալտիկով–Շչեդրին [15(27)․1․1826, գ․ Սպաս–Ուգոլ, այժմ՝ Կալինինի մարզում – 28․4(10․5)․1889, Պետերբուրգ], ռուս գրող։ Դաստիարակվել է Մոսկվայի ազնվականական ինստ–ում (1836–38), ապա սովորել Ալեքսանդրյան (նախկին՝ Ցարսկոյե Սելո) լիցեյում (1838–44)։ 1840-ական թթ․ հանդես է եկել Մ․ Լերմոնտովի, Ջ․ Բայրոնի և Հ․ Հայնեի ռոմատիկ․ պոեզիայի ոգով գրված բանաստեղծություններով։ Այդ շրջանում մտել է Պետերբուրգի երիտասարդության առաջադիմական (Մ․ Պետրաշեսկու) խմբակը, տարվել ուտոպիստ–սոցիալիստներ Շ․ Ֆուրյեի և Սեն–Սիմոնի տեսություններով։ Ս–ի գաղափարական որոնումներն իրենց արտահայտությունն են գտել վաղ շրջանի վիպակներում («Հակասություններ», 1847, «Խճճված գործ», 1848)։ 1848-ի ապրիլին, «վնասակար» մտքեր ունենալու համար, Ս․ ձերբակալվել է և ուղարկվել Վյատկա՝ ծառայության։ Այստեղ նա մոտիկից տեսել է ինքնակալական–ճորտատիրական վարչակարգի սարսափելի պատկերը։ 1855-ի վերջին, Նիկոլայ I-ի մահից հետո, կառավարական նոր կուրսը ազատություն բերեց Ս–ին։ Վերադառնալով Պետերբուրգ, 1856–58-ին նա ծառայել է ներքին գործերի մինիստրությունում, մասնակցել գյուղացիական ռեֆորմի նախապատրաստմանը։ 1858–62-ին եղել է փոխնահանգապետ Ռյազանում, այնուհետև՝ Տվերում։ 1862-ի սկզբին Ս․ թողել է ծառայությունը և նվիրվել գրական–հասարակական գործունեության։
Աքսորից վերադառնալուց անմիջապես հետո Ա․ մոտեցել է դեմոկրատական շարժմանը, որ գլխավորում էր նեկրասովյան «Սովրեմեննիկ» («Современник») ամսագիրը։ Այդ շրջանի ստեղծագործության մեջ նկատելի են գրողի ռեալիստական սկզբունքների խորացումն ու երգիծական ուղղվածությունը։ Ս․ լայն ճանաչում է ստացել «Նահանգական ակնարկներ»-ով (1856–57), որ բարձր են գնահատել Ն․ Չեռնիշևսկին և Ն․ Դոբրոլյուբովը, դրանց մեջ ընդգծելով հասարակական խոցերի ու արատների անխնա քննադատությունը։ 1857-ին հրատարակվել է Ս–ի «Պազուխինի մահը» երգիծական կատակերգությունը, որտեղ հեղինակը զարգացրել է Ն․ Գոգոլի «Ռևիզոր»-ի ավանդույթները։ Գրաքննությունն արգելել է պիեսը ներկայացնել թատրոնում։
1862-ին, Չեռնիշևսկու ձերբակալումից հետո, Ս․, մտնելով «Սովերեմեննիկ»-ի խմբագրական կազմի մեջ, շարունակել է մեծ հեղափոխական–դեմոկրաաի գործը։ 1864–68-ին նա կրկին եղել է պետ․ ծառայության մեջ՝ Պենզայում, Տուլայում, Ռյազանում։ 1868-ին, իր համար բեռ դարձած ծառայությունը վերջնականապես թողնելուց հետո, Ս․ 16 տարի աշխատել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրի խմբագրությունում։ 1878-ին, Նեկրասովի մահից հետո, գլխավորել է ամսագիրը։ «Զուր երկյուղներ» (1868) և «Փողոցային փիլիսոփայություն» (1869) ծրագրային հոդվածներում Ս․ հաստատել է ռեալիստական ստեղծագործության գաղափարայնությունն ու միտումնավորությունը՝ որպես գեղարվեստականության անհրաժեշտ պայման։ Կարևոր են գրողի դատողությունները երգիծանքի սոցիալական էության մասին։ Հասարակական–քաղ․ սուր երգիծանքի փայլուն օրինակ է «Մի քաղաքի պատմությունը» (1869–70, հայ․ հրտ․ 1934) վեպը, որտեղ ներկայացված է երգիծական վառ կերպարների՝ ինքնակալական–բյուրոկրատական հասարակարգը մարմնավորող Գլուպով քաղաքի քաղաքապետների մի ամբողջ պատկերասրահ։