Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գրեր։ Ազգ․ գրականությունը զարգացել է անկախություն նվաճելուց (1841) հետո։ XIX դ․ կեսի պոեզիան առավելապես ռոմանտիկ է եղել։ Ռոմանտիզմին հաջորդել է, այսպես կոչված, «մոդեռնիզմը», որի առավել խոշոր ներկայացուցիչը Ֆ․ Գավիդիան է (1863-1955)։ XX դ․ սկզբներին երևան է եկել է․ Ալվարադոյի, Ա․ Ամբրոջիի, Ա․ Ռիվաս Բոնիլիայի, Ֆ․ էռերա Վելադոյի և ուրիշների կենցաղագրական արձակը։ Ա․ Մասֆեռերը քննության է առնում ազգ․ ու մայրցամաքային խնդիրներ։ Խ․ Մ․ Պերալտա Լագոսը (1873–1944) հրատարակել է երգիծական պատմվածքների ժողովածուներ, վեպ, պիես են։ Ռեալիզմի տարրերով են հատկանշվում Ս․ Սալասար Առուեի պատմվածքները։ XX դ․ սկգբների պոեզիայի համար բնորոշ են ֆորմալիստական ու դեկադենտական միտումները։ 1920-ական թթ․ տարածվել է «ավանգարդիզմը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ս–ի գրականության մեջ արտացոլվել են էկզիստենցիալիստական գաղափարներ (Ու․ Լինդո, Ու․ Բենեկե, Վ․ Չավես Վելասկո, Ռ․ Մենենդես)։ Բատրակների շահագործումն է պատկերել իր վեպում Մ․ Ա․ էսպինոն (1902–67)։ Կոմունիստի կերպարն է կերտված Ռ․ Վելասկեսի (ծն․ 1913) «Նեոնային սելվայում» (1956) վեպում։ Հնդկացիների կյանքն է ներկայացնում Կ․ Ա․ Կաստրոյի (ծն․ 1926) «Իսկական տղամարդիկ» (1959) վեպը։ Ֆ․ Մաչոն վիլանովան «Կարմիր ալիք» (1960) վեպում պատմում է 1932-ի ժող․ ապստամբության մասին։ Օ․ էսկոբար Վելադոյի (1918–61), Ռ․ Դալտոն Գարսիայի (ծն․ 1935), Մ․ դե լա Սելվայի (ծն․ 1930), Ռ․ Արմիխոյի (ծն․ 1937) և ուրիշների պոեզիայի կենտրոնում սոցիալական թեման է։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Ս–ի հին հնդկացիների մշակույթը Լեմպա գետից դեպի արմ․ (Կուսկատլան մարզ) կապված է Հվ․ Մեքսիկայի, Գվատեմալայի և Հոնդուրասի տարածքի քաղաքակրթություններին (ծիսային գնդակախաղի «ստադիոններ», աստվածությունների քարե արձաններ և քանդակազարդ ստելաներ), դեպի արլ․՝ Նիկարագուայի և Կոստա Ռիկայի տարածքի մշակույթներին (կավե և քարե ամրություններ, կենդանիների գլուխներով աղացաքարեր, պատկերազարդված անոթներ)։ Գաղութատիրության շրջանում Ս–ի ճարտ–ը հետևել է Գվատեմալայի շինարվեստին (քաղաքների կանոնավոր կառուցապատում, միահարկ տներ, ճոխ քանդակազարդված եկեղեցիներ)։ Միայն 1940-ական թթ, 2-րդ կեսից քաղաքներում կառուցվում են բանկերի, հյուրանոցների ու գրասենյակների ժամանակակից շենքեր (ճարտ–ներ՝ Ա․ Սոլ և է․ դե Սոլա)։ Քաղաքները կազմված են բարեկարգ և ետնախորշերի («հնդկացիների») մասերից, գյուղերում գերակշռում են ծղոտե խրճիթները։ Ս–ի գեղանկարչությունը XX դ․ զարգացել է եվրոպ․ և մեքս․ ազդեցությունների ներքո։ Ժող․ կյանքի պատկերմանը առաջինը դիմել է գեղանկարիչ Ս․ Սալառուեն։ Ս–ի արվեստում մեքս․ գեղանկարչության և գրաֆիկայի առաջադիմական գաղափարների տարածմանը նպաստել է Խ․ Մեխիա Վիդեսը։ Ն․ Կանխուրայի, Ռ․ էլիաս Ռեյեսի, Կ․ Ա․ Կանյասի նկարներն աչքի են ընկնում արդիականությամբ։ Փայտի քանդակագործությանը բնորոշ է դեմոկրատական ուղղվածությունը (Վ․ էստրադա, Ն․ Նոչես Ավենդանիո, Խ․ Ագիլար Գուսման)։ Ժող․ արվեստը ներկայանում է խեցեգործությամբ (գյուղացիների արձանիկներ, կարասի), ծղոտից և կրիայի զրահից պատրաստված կերտվածքներով։

ՍԱԼՎԱԴՈՐ (Salvador), Բահիա (Bahia), քաղաք և նավահանգիստ Բրազիլիայի հս–արլ–ում, Բահիա նահանգի վարչական կենտրոնը։ 1237 հզ․ բն․ (1975)։ Կա քիմ․, սննդի, ցեմենտի, տեքստիլ արդյունաբերություն։ Ունի երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան, համալսարան։ Հիմնադրվել է 1549-ին։ Մինչև 1763-ը եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը։ Պահպանվել են XVI–XVIII դդ․ ամրություններ, եկեղեցիներ, պալատներ։

ՍԱԼՎԱԴՈՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՍԿԿ), հիմնադրվել է 1930-ին՝ կուսակցության I համագումարում։ Երկրում ռազմ. բռնապետություն հաստատվելուց (1931) հետո ենթարկվել է հալածանքների։ 1932-ի ժող․ ապստամբությանը մասնակցելու համար կուսակցության բազմաթիվ կազմակերպություններ ջախջախվել են, ղեկավարներից շատերը՝ գնդակահարվել։ 1944-ի մայիսին տեղի ունեցած աշխատավորության համընդհանուր գործադուլի շնորհիվ, որի կազմակերպման գործում կարևոր դեր են խաղացել կոմունիստները, բռնապետությունը տապալվել է։ ՍԿԿ II համագումարը (1946) քննարկել է կուսակցության վերակառուցման, կանոնադրության ընդունման, III-ը (1948)՝ դեմոկրատական ուժերի միասնական ճակատի ստեղծման, IV-ը (1950)՝ կուսակցության գործունեության ծավալման, V-ը (1964)՝ ընդհանուր և ագրարային ծրագրերի, նոր կանոնադրության ընդունման, VI արտակարգը՝ (1970) կուսակցական շինարարության հարցերը։ Անլեգալ պայմաններում կայացած ՍԿԿ VII համագումարը (1979) առաջադրեց ստեղծել հակաբռնապետական միասնական ճակատ։ 1980-ի մայիսին զինվորական խունտայի վարչակարգի դեմ միասնական ուժերով պայքարելու նպատակով ստեղծվեց «Միացյալ հեղափոխական ղեկավարություն» (ՄՀՂ) հեղափոխական բարձրագույն ռազմաքաղ․ կազմակերպությունը, որի կազմում, առաջադիմական մյուս կազմակերպությունների ղեկավարների հետ, ընդգրկվեցին նաև ՍԿԿ ներկայացուցիչները։ ՍԿԿ պատվիրակները մասնակցել են 1957-ին, 1960-ին և 1969-ին Մոսկվայում կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային