Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատտիկայում մ․ թ․ ա․ VI դ․ ծաղկում է ապրել սև ֆիգուրներով ոճը (դեղին կամ կարմիր ֆոնի վրա սև լաքով պատկերված ֆիգուրներ, սպիտակ և ծիրանագույն ներկերով՝ հագուստի մանրամասեր, զարդանկարներ ևն)՝ ուրվագծերի երաժշտականությամբ, սև, հարթ, ընդհանրացված ուրվապատկերներով, տեսարանների (հիմնականում՝ դիցաբանական) նուրբ հուզականությամբ (մեծ վարպետներն Էին՝ Կլիտիոսը, Էքսեկիասը, Ամասիսը)։ Մ․ թ․ ա․ մոտ 530-ին անցում է կատարվել կարմրաֆիգուր Ս-յանը (սև ֆոն և կավագույն ֆիգուրներ, օժանդակ դեր կատարող զարդապատկեր, կենցաղային և դիցաբանական տեսարանների առատություն)։ «Խիստ ոճի» կարմրաֆիգուր Ս․ (մ․ թ. ա․ VI դ․ վերջին քառորդ –V դ․ սկիզբ) առանձնանում է հատուկ ու նրբագեղ գծանկարով (մեծ վարպետներ Էին՝ Եվֆրոնիոսը, Դուրիսը, Բրիգոսը)։ Մ․ թ ա․ V դ․ 2-րդ քառորդից «ազատ ոճի» Ս–յան զարդապատկերը դարձել է առավել ծավալային ու բարդ։ Մ․ թ․ ա․ V դ․ վերջի – IV դ․ Ս–յանը բնորոշ է դեկորատիվ ճոխությունը (Միդիայի նկարազարդ անոթների «շքեղ ոճ»-ը), կոմպոզիցիայի ծանրաբեռնվածությունը, հեռանկարի արտահայտման փորձը, անոթի ձևի և նկարազարդման միասնության խախտումը։ Բուն Հունաստանից բացի Ս․ ծաղկում է ապրել Հարավային Իտալիայում։ Հունական Ս․ մեծ ազդեցություն է ունեցել էտրուսկների Ս–յան վրա։ Տես նաև խեցեգործություն։ Պատկերազարդումը տես 240–241-րդ Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V։

«ՍԱՓՐԻՉ», գրական–երգիծական պատկերազարդ հանդես (ամսօրյա)։ Լույս է տեսել 1906–07-ին, Պետերբուրգում (12 համար)։ Խմբագիր՝ Բ․ Գալստյան, հրատարակիչ՝ Դ․ Օքրոյան: Քննադատել Է կովկասյան իշխանությունների ռուսականացման քաղաքականությունը, հանդես եկել արևմտահայերի նկատմամբ թուրք. ոստիկանական կամայականությունների դեմ։ Ֆելիետոններով ու ծաղրանկարներով երգիծել է հայ հոգևորականության անտարբերությունը ազգի հոգսերի հանդեպ. ազգայնական կուսակցությունների շահախնդիր գործելակերպը, ձաղկել քաղքենիական բարքերը։

ՍԱՓՐԻՉՅԱՆ Տիմոթեոս (1821–1909), բանասեր, ճանապարհորդ։ Եղել է Երուսաղեմի միաբանության անդամ։ 1867–69-ին ճանապարհորդել է Եթովպիայով։ Ճանապարհորդական տպավորությունները («Երկամեա պանդխտութիւն ի Հապեշստան») հրատարակել է 1871-ին, Երուսաղեմում, որտեղ տեղեկություններ է հաղորդել այն ժամանակ դեռ քիչ ուսումնասիրված այդ երկրի բնության, տնտեսության, ժողովրդի նիստուկացի, սովորությունների մասին։

ՍԱՔԱՆՅԱՆ Սարգիս Շամիրի [ծն․ 1․9․ 1908, գ․ Լեջան (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)], հայ սովետական դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1950), պրոֆեսոր (1950)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի անասնաբուծ․-անասնաբուժ․ (1935) և Երևանի բժշկ․ (1941) ինստ–ները։ 1944–52-ից եղել է Երևանի անասնաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ, 1952-ից ղեկավարում է դեղաբանության ամբիոնը, 1965-ից՝ նաև իմունադեղաբանության պրոբլեմային լաբորատորիան։

Գիտական աշխատանքները վերաբերում են ախտաբանական ֆիզիոլոգիայի, դեղաբանության և իմունադեղաբանության հարցերին։ Ս․ բացահայտել է ֆագոցիտար–պաշտպանական ֆունկցիայի կապը նյարդային համակարգի գործունեության հետ։ Ուսումնասիրել է ցավային գրգիռների ազդեցությունը օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների վրա, հայտնաբերել փայծաղի «հակացավային» ֆունկցիան։ Ս․ պարզաբանել է իմունադեղաբանության կիրառական նշանակությունը և տվել դրա գիտ․ հիմնավորումը։ Զբաղվել է կենսբ․ պրոբլեմների փիլիսոփայական հիմունքների ուսումնասիրությամբ։

ՍԱՔԻ, հայաբնակ գյուղ Իրանում, Արաքի շրջանի Քյամարա գավառում։ XX դ․ սկզբին ուներ 230 հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Ս․ այժմ դատարկվել է հայ բնակիչներից, որոնք տեղափոխվել են Իրանի տարբեր շրջաններ (հիմնականում՝ Թեհրան)։

ՍԱՔՍ (Sax) Ադոլֆ Անտուան Ժոզեֆ (1814–1894), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։ Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Ս–ի ղեկավարությամբ։ 1840-ին կատարելագործել է կլառնետը և բաս–կլառնետը, 1841-ին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։ 1842-ից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857-ից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։

ՍԱՔՍ (Sachs) Հանս (1494-1576), գերմանացի բանաստեղծ, կոմպոզիտոր։ Հաճախել է լատ․ դպրոց․ 1520-ից՝ կոշկակարանոցի վարպետ։ Եղել է դերասան և սիրողական խմբի ղեկավար։ Զարգացնելով մայստերզանգի (տես Մայստերզինգեր) բանաստեղծական մտահորիզոնը՝ Ս․ սյուժեները քաղել է կյանքից, հին, միջնադարյան և Վերածննդի գրական աղբյուրներից, ժող․ գրքերից, հրապարակային անեկդոտներից։ Ունի ավելի քան 6000 ստեղծագործություն. բազմաթիվ երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակ Է։ Առավել հայտնի են «Աշակերտը դրախտում» (1550) և «Փերեզակի զամբյուղը» ֆարսերը։ Ս–ի բարոյախոսությունը զուրկ չէ կեղծ բարեպաշտությունից։ Նրա կերպարը մարմնավորված է Վ․ Յիրովեցի, Ա․ Լորցինգի («Հանս Սաքս», 1834) և Ռ․ Վագների («Նյուրնբերգյան մայստերզինգերներ», 1868) օպերաներում։

ՍԱՔՍ (Sachs) Յուլիուս (1832–1897), գերմանացի բուսաբան։ 1861-ից եղել է Պոպելսդորֆի գյուղատնտ․ ակադեմիայի, 1867-ից՝ Ֆրայբուրգի, 1868-ից՝ Վյուրցբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի անատոմիային և ֆիզիոլոգիային, բուսաբանության պատմության բնագավառին։ Ֆիզիոլոգիական հետազոտություններում լայնորեն կիրառել է փորձառական մեթոդը։ Ուսումնասիրել է բույսերի ֆոտոսինթեզի, հանքային սննդառության, ջրային ռեժիմի, աճման ու նյութերի տեղաշարժման, սերմերի ծլման ևն հարցեր։

ՍԱՔՍԱՈՒԼ (Haloxylon), թելուկազգիների ընտանիքի ոչ խոշոր ծառերի (մինչև 12 մ) և թփերի ցեղ։ Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ։ Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, աշնանը՝ մոխրագույն կամ գորշավուն։ Տերևները հակադիր են, փոքրիկ, ցողունին սեղմված անգույն թեփուկների կամ թմբիկների տեսքով։ Ծաղիկները երկսեռ են, մեկական նստած թեփուկանման ծաղկակիցների ծոցերում։ Ս–ները բազմանում են սերմերով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է անտառներ։ Ապրում է 30–60 տարի։ Հայտնի է Ս–ի 10 տեսակ՝ տարածված Ասիայի անապատներում և կիսաանապատներում։ ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում հանդիպում է Ս–ի 3 տեսակ՝ սպիտակ (H․ persicum), սև (H․ aphyllum) և զայսանյան (H․ ammodendron)։ Ս․ ժող․ տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի. բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ, ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ, ածխին։ Մոխրից պոտաշ է ստացվում։ Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ծառայում ուղտերի և ոչխարների համար։ Ս․ օգտագործվում է շարժվող ավազաների ամրացման, քաղաքների կանաչապատման համար և անփոխարինելի է միջինասիական հանրապետությունների ավազուտների անտառապատման գործում։

ՍԱՔՍԵ Աննա (1905–1981), լատվ․ սովետական գրող։ Լատվ․ ՍՍՀ ժող․ գրող (1965)։ Տպագրվել է 1925-ից։ 1934-ից եղել է հեղափոխական գրողների, նկարիչների և լրագրողների անլեգալ միավորման մեջ։ Նրա «Աշխատավոր սերունդ» (1941) վեպը պատկերել է լատվ․ գյուղի կյանքը XIX դ․ 70-ական թթ–ից մինչև 1905–07-ի հեղափոխությունը։ «Սարն ի վեր» (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) վեպը նվիրված է գյուղի սոցիալիստական վերակառուցմանը։ Բուրժ․ Լատվիայի մտավորականության կյանքն է պատկերված «Կայծեր գիշերվա մեջ» (հ․ 1–2, 1951–57, Լատվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1959) վեպում։ Ս․