ՍԱՖԼՈՐԻ ՁԵԹ, կանճրակի ձեթ, բուսական յուղ, ստացվում է կանճրակի, (Carthamus tinctorius) սերմերից։ Պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ՝ ստեարինաթթու, պալմիտինաթթու, օլեինաթթու ևն։ Յոդային թիվը 130–155 է, սառեցման աստիճանը՝ –13-ից մինչև –20°C։ Մաքրած սերմերից ստացվող ձեթը համարյա չի զիջում արևածաղկի ձեթին և օգտագործվում է սննդի մեջ։ Չմաքրած սերմերի ձեթն ունի դառը համ, կիրառվում է բաց գույնի չդեղնող օլիֆների, օճառների ստացման, լինոլեումի արտադրության մեջ։
ՍԱՖՅԱՆ Շողիկ Սերգեյի [ծն․ 23․8․1916, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական բանաստեղծուհի։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժ, ինստ–ի պատմության ֆակ–ը։ 1941–45-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթում։ 1946-ից հաստատվել է Երևանում։ 1968–75-ին՝ Հայաստանի գրողների միության գրական խորհրդատու։ Ս–ի ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր» (1947), «Ամենալավ նվերը» (1949, պատմվածքներ), «Մեր երգը» (1953) և այլ ժողովածուներում։ Ս․ թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լ․ Լագինի «Ծերունի Խոտտաբիչը» (1953), Վ․ Լեբեդևի, Ա․ Տամսաարեի, Ս․ Միխալկովի, Մ․ Ալեքսեևի, Մ․ Ռահիմի ստեղծագործություններից:
ՍԱՖՈ, Սապֆո (ΣαлΦώ), մ․ թ․ ա․ VII–VI դդ․ հույն բանաստեղծուհի։ Ծնվել և ապրել է Լեսբոս կղզում։ Գլխավորել է ազնվազարմ աղջիկների խմբակը, որտեղ նրանց սովորեցրել է երաժշտություն, երգ ու պար, կազմակերպել է աղջիկների երգչախումբ։ Գրել է էլեգիաներ, հիմներ, հարսանեկան երգեր ևն։ Ըստ Ալեքսանդրյան գիտնականների՝ Ս–ի երգերը կազմել են 8 գիրք, որոնցից առաջինը բաղկացած է եղել 1320 ոտանավորից (330 տուն), պահպանվել են մի քանի ամբողջական բանաստեղծություններ և բազմաթիվ հատվածներ։ Նրա քնարերգության հիմնական թեման սերն ու գեղեցկությունն է, բնությունը։ Առավել հայտնի է «Հիմն Աֆրոդիտեին» բանաստեղծությունը։ Գրել է էոլյան բարբառով։
Տաղաչափության մեջ ընդունված է Ս–ի անունով բանաստեղծական տուն՝ «սաֆոյական տուն»։
ՍԱՖՈՆՈՎ Վասիլի Իլյիչ (1852–1918), ռուս դաշնակահար, մանկավարժ, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (1880), որտեղ և դասավանդել է (1880–85)։ 1885–1905-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (18£9-ից՝ նաև դիրեկտոր)։ 1889– 1905-ին՝ Գուս․ երաժշտ․ ընկերության Մոսկվայի բաժանմունքի սիմֆոնիկ համերգների դիրիժոր։ 1906–09-ին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և Ազգ․ կոնսերվատորիայի դիրեկտոր։ Վերադառնալով Ռուսաստան՝ հիմնականում հանդես է եկել որպես դաշնակահար–անսամբլիստ։ Որպես դիրիժոր Ս․ պրոպագանդել է ռուս. սիմֆոնիկ երաժշտությունը (Պ․ Չայկովսկու և Ա․ Գլազունովի մի շարք երկերի առաջին կատարողն է), երաժշտ․ պրակտիկա է մտցրել առանց փայտիկի ղեկավարելը։ Ռուս. մինչհեղափոխական դաշնամուրային առաջատար դպրոցներից մեկի ստեղծողն է։ Աշակերտներից են Ա․ Ն․ Սկրյաբինը, Ն․ Կ․ Մետները։ Հեղինակ է «Նոր բանաձև» դաշնամուրի ձեռնարկի (1916)։
ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ Գևորգ Սադաթի (1900, գ․ Բռնակոթ –1937), կարմիր բանակի դիվիզիային կոմիսար (1935)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Ավարտել է Լենինգրադի Ն․ Տոլմաչովի անվ․ ռազմաքաղ․ ակադեմիային (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի անվ․, Մոսկվայում) կից բարձր քաղաշխատողների դասընթացները (1928)։ 1922-ից ծառայել է Հայկ․ դիվիզիայի քաղբաժնում, այնուհետև եղել հեծյալ գնդի կոմիսար։ 1926-ին նշանակվել է Հայկ․ դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1928-ին՝ Միջինասիական ռազմ. օկրուգի ավիացիոն բրիգադի քաղբաժնի, ապա՝ օկրուգի կազմհրահանգչական բաժնի պետ, քաղ վարչության պետի տեղակալ։ 1931-ին Տաջիկստանում մասնակցել է հակահեղափոխական ուժերի դեմ պայքարին։ 1932–36-ին՝ Կարմիր բանակի Գլխ․ քաղվարչության ավագ տեսուչ։ 1936–37-ին՝ ռազմաքաղ․ խորհրդատու սովետական բանակի քաղվարչությունում։ Պարգևատրվել է սովետական և մոնղ․ շքանշաններով։
ՍԱՖՐԱԶՅԱՆՆԵՐ, հայ դերասաններ, թատերական գործիչներ։ Ստեփան Մանվելի Ս․ [1853, Վերին Ագուլիս –6(19)․8․1913, Թիֆլիս]։ 1874-ից հանդես է եկել Թիֆլիսում՝ Գ․ Չմշկյանի թատերախմբում։ 1879–82-ին եղել է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում։ 1880-ին Պ․ Ադամյանի հետ խաղացել է Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։ Կնոջ՝ Ալմա Ս–ի հետ գործել է նաև Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Գանձակում, Աստրախանում, Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Խաղացել է՝ Պեպո (Սունդուկյանի «Պեպո», հայերեն և ադրբեջաներեն), Արշակ Երկրորդ (Խ․ Գալֆայանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Քին (Ա․ Գյումա–հոր «Քին»), Միրզա Հաբիբ (Ախունդովի «Հաջի Կարա», ադրբ․) ևն։ 1888-ին Թավրիզում առաջին անգամ բեմադրել է Սունդուկյանի «Պեպո»-ն՝ ադրբ․ (Ա․ Փանվելյանի թարգմանությամբ)։ 1908-ին խաղացել է էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերը և նվիրատվություն կատարել հայ թատերական շենքի կառուցմանը։ Ալմա Հովսեփի Ս․ (Գելոյան Վարդանուշ) [8(20․11․1859, Ախալցխա –18․11․1932, Ադրբ․ ՍՍՀ, ք․ Աղդաշ․]։ Ադրբ․ ՍՍՀ վաստ․ արտիստուհի (1926)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1880-ին, Ախալցխայում (Օֆելյա, Շեքսպիրի «Համլետ», Պ․ Ադամյան–Համլետի խաղընկերությամբ)։ 1882-ից ամուսնու՝ Ստեփան Ս–ի հետ շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Պարսկաստանում և այլուր։ Կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր՝ Կեկել, Շուշան (Սունդուկյանի «Պեպո», հայերեն, ադրբեջաներեն), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Շուշանիկ (Հ․ Կարինյանի «Շուշանիկ»), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ռոզալիա (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») ևն։ 1883-ից խաղացել է նաև ադրբ․ թատրոնում, եղել նրա առաջին դերասանուհին, հանդես եկել Մ․ Ֆ․ Ախունդովի «Հաջի Կարա», Վ․ Մադաթյանի «Ագահությունը թշնամի է վաստակում», Գոգոլի «Ռևիզոր» և այլ պիեսներում՝ խաղընկեր ունենալով Ջ․ Զեյնալովին, Ն․ Նարիմանովին, Հ․ Արաբլինսկուն, Ստեփան Ս–ին և ուրիշների։ 1920-ից աշխատել է Բաքվի հայկական և ադրբեջանական թատրոններում, թատերախմբեր ղեկավարել բանվորական ակումբներում։ Թարգմանել է Ա․ Ցագարելու «Խանում» պիեսը, կինոսցենարի վերածել Սունդուկյանի «Պեպո»-ն և Մ․ Ֆ․ Ախունդովի «Հաջի Կարա»-ն (ռուսերեն)։
ՍԲԽԵՉ, Սխբեչ, Սուրբ խաչ, միջնադարյան ճարտ․ հուշարձան Մեծ Հայքի Տայք նահանգի Ճակք գավառում։ Ունի քառախորան գմբեթավոր հորինվածք, որի խաչաթևերից երեքը արտաքինից կիսաշրջանաձև են, իսկ արմ–ը (որտեղ գտնվում է միակ մուտքը) ուղղանկյուն է։ Ավերված են գմբեթը և ծածկի թաղերը։ Արլ․ և հվ․ խորանները ունեն մեկական լուսամուտ։ Ճարտ․ առանձնահատկությունների հիման վրա Ս․ թվագրվում է V-VI դդ․։