Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԳՈ ԵՐԳԵՐ, հանգուցյալի վրա կատարվող երգեր. կոչվում են նաև լացի (լալիքի) ու կոծի երգեր, մահերգեր, բանահյուսական ծիսերգային բանաստեղծություններ։ Սովորաբար բաղկացած են քնարական–վիպական բնույթի մի քանի երկտող տներից։ Ողբասացները ավանդական Ս․ ե․ նախապես կամ հանպատրաստից հարմարեցրել են հանգուցյալին, վերարտադրել նրա կյանքի առանձին կողմերը, մահվան պատճառները ևն։ Ս․ ե–ին բնորոշ, է հանգուցյալի գովքը, որ կատարվել է դիմելու եղանակով, ավանդական կայուն բանաձևերով, երգային կայուն կրկնակներով ու մեղեդիներով, պատկերհամեմատություններով։ Հնագույն Ս․ ե․ հորինվել են հայրենի չափով։

Ս․ ե․ կապված են հանգուցյալների պաշտամունքի, ողբակոծության և հուղարկավորության վաղնջական ծիսական արարողությունների հետ․ եղել են հատուկ ողբասաց–կատարողներ, հիմնականում՝ կանայք, որոնցից գլխավորը կոչվել է «մայր ողբոց» կամ «եղերամայր»․ նրան ձայնակցել են մյուս ողբասացները՝ «ձայնարկուները» կամ «բանահիւս կանայք լալականք» (Գրիգոր Նարեկացի), «լալկան կանայք», նրանք վարձատրությամբ հրավիրվել են մեռելատուն և կատարել Ս․ ե․։ Քրիստոնեական եկեղեցին ամեն կերպ արգելել է կոծն ու կոծի երգերը՝ իբրև հեթանոսական ավանդություն, սակայն Ս․ ե․, որոշ մեղմացումներով, գոյատևել են մինչև մեր օրերը։ Տես նաև Ողբ։

ՍԵԱՏՕ (SEATO, անգլ․ South-East Asia Treaty Organization – Հարավ–Արևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպություն), ռազմաքաղաքական խմբավորում, որ ստեղծվել էր Հարավ–Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի ավազանի ազգային–ազատագր․ շարժումների և առաջադեմ ուժերի դեմ պայքարի համար։ Ձևավորվել էր 1954-ի սեպտ․ 8-ին Մանիլայում կնքված պայմանագրով, որին մասնակցում էին ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան (մինչև 1974-ը), Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թաիլանդը, Ֆիլիպինները և Պակիստանը (մինչև 1973-ը)։ Ռեգիոնում ստեղծված նոր իրադրության պայմաններում (ամեր․ ագրեսիայի ձախողում, Հնդկաչինի ժողովրդի հաղթանակ ևն) կազմակերպությունը ինքնալուծարվել է (1977)։

ՍԵԱՐԱ (Ceαrά), նահանգ Բրազիլիայի հս–արլ–ում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տարածությունը՝ 146,8 հզ․ կմ² բն․՝ 5․891 մլն (1980)։ Վարչական կենտրոնը՝ Ֆորտալեզա։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու անտառատնտեսությունն են։ Մշակում են բամբակենի, բանան, շաքարեղեգ, հացարմատ, եգիպտացորեն, լոբի, սուրճ, ծխախոտ։ Կա կառնաուբյան արմավենու մոմի (1976 թվականին 1-ին տեղը երկրում), բրազիլական ընկույզի, բնական կաուչուկի հավաք, գյուղատնտ․ հումքի վերամշակում։ Չորային շրջաններում զբաղվում են անասնապահությամբ։

ՍԵԲԱՍՏԻԱ (Σεβάστεια), Կաբիրա, Դիոսպոլիս, Սևաստ, քաղաք Փոքր Հայքում, Հալիս գետի աջ կողմում, գետափից մոտ 2 կմ հս․։ Որպես բնակավայր՝ առաջացել է մ․ թ․ ա․ մոտ 150–100-ին և գլխ․ սրբարանի անունով կոչվել Կաբիրա (Կաբիրաներ ստորերկրյա աստվածությունների անունից)։ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը (մ․ թ․ ա․ 111–63) այստեղ կառուցել է ամուր դղյակ (բերդ), բնակավայրին տվել քաղաքի տեսք։ Հռոմ․ զորավար Պոմպեոսը մ․թ․ա․ 66-ին քաղաքի պատերի տակ պարտության մատնելով Միհրդատ VI Եվպատորին, այն իր հաղթանակի պատվին կոչել է Դիոսպոլիս։ Մ․ թ․ ա․ 30-ական թթ․ քաղաքն անցել է Հռոմի դաշնակից Պոլեմոն I-ին, ապա նրա այրուն՝ Պյութոդորիս թագուհուն։ Վերջինս ընդարձակել է քաղաքը, այն դարձրել իր նստավայրը և ի պատիվ Օգոստոս կայսեր, վերանվանել Օգոստոսական կամ Ս․ (այսինքն՝ սրբազան, վեհ)։ Պյութոդորիս թագուհու որդին՝ Պոլեմոն II, 65-ին իր թագավորության հետ Ս․ նույնպես տվել է Հռոմի Ներոն կայսերը։ Ս․ կարևոր ուղեհանգույց է դարձել Մաժաք (Կեսարիա)–Արտաշատ, Ամիսոս–Մելիտինե ճանապարհներին։ Դիոկղետիանոս կայսեր օրոք (284–305) Ս․ եղել է Փոքր Հայքի, Կոստանդին Ա մեծի 335-ի վարչ․ բաժանմամբ՝ Առաջին Հայքի մայրաքաղաքը։ Հուստինիանոս I կայսրը (527–565) ամրացրել է քաղաքի պարիսպները, բլրի վրա կառուցել խոշոր ամրություն, որի համար Ս․ կոչվել է նաև Մեգապոլիս (Մեծ քաղաք)։ Փոքր Հայքի նոր վարչ․ վերաբաժանմամբ (536) Ս․ դարձել է Երկրորդ Հայքի մայրաքաղաքը։ Հին ժամանակներից Ս․ ունեցել է հայ հոծ բնակչություն։ VII դարից եղել է Հայոց եկեղեցու թեմական կենտրոն։ Փոքր Հայքում բռնկված Պավլիկյան շարժումը IX դ․ ընդգրկել է նաև Ս․։

1021-ին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ–Հովհաննեսն արքունիքով և զորքով հաստատվել է իր երկրի փոխարեն Բյուզ․ կայսրությունից ստացած Ս-ում և նրա շրջակայքում։ Սենեքերիմ–Հովհաննեսն իր հետ գաղթեցրել է նաև Վարագա վանքի հոգևորականներին (գույքով և հարուստ մատենադարանով), որոնք հաստատվել են նորակառույց Ս․ Նշան վանքում (տես Սեբասաիայի Ս․ Նշան վանք)։ Սենեքերիմ–Հովհաննեսից հետո Ս–ում իշխել են նրա Դավիթ (տես Դավիթ Արծրունի), Աբուսահլ, Ատոմ որդիները։ Արծրունիների իշխանության օրոք Ս․ դարձել է հայ քաղ․ և մշակութային կյանքի կենտրոն։ Իր կյանքի վերջին տարիներն այստեղ է անցկացրել Հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը։

1060-ին Ս․ գրավել է սելջուկյան թուրքերի սուլթան Տուղրիլը, մի քանի տարի անց՝ Ալփ–Արսլանը։ 1072–1173-ին Ս–ին տիրել են Դանիշմանյան թուրքերը, այնուհեոև՝ Իկոնիայի սուլթանությունը։ 1242-ին և 1256-ին քաղաքը գրավել են մոնղ․ զորավարներ Չարմաղանի և Բաչուի բանակները։ 1400-ին քաղաքը տասնհինգօրյա պաշտպանությունից հետո հանձնվել է Լենկթեմուրին։ Վերջինիս հրամսնով 4 հզ․ հայ զինվոր ողջ–ողջ թաղվել են (նա երդվել էր սրով չսպանել նրանց), քրիստոնյա բնակչությունը գերեվարվել է, կործանվել են հայկ․ եկեղեցիները (այդ թվում՝ Ս․Քառասնից տաճարը)։ 1401-ին 400 հայ ընտանիք Ս–ից գաղթել և հաստատվել են Բյութանիայում։ 1413-ից Ս․ զսվթել է օսման, սուլթանությունը։ XVI դ․ Ս․ բազմիցս տուժել է թուրք–իրան․ պատերազմներից։ Չնայած ծանր իրավիճակին, Ս–ի հայ բնակչությունը ոչ միայն գոյատևել է, այլև ազատագրության ծրագրեր փայփայել, որի վկայությունն է 1562-ին այստեղ կայացած գաղտնի ժողովը (տես Սեբաաոիայի ժողով 1562)։

Օսման, տիրապետության ժամանակ Ս․ դարձել է համանուն վիլայեթի կենտրոնը։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ս․ ծաղկուն քաղաք էր, տասնհինգկամարանի երկու և տասկամարանի մեկ կամուրջներ (Կեսարիայի, Բաղդադի, Եվդոկիայի ճանապարհներին) կապում էին Հալիս գետի ափերը։ 1890-ական թթ․ ուներ 65 հզ․ բնակիչ, որոնցից 30 հզ․ հայ։ Նրանք հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ (ոսկերչություն, թիթեղագործություն, պղնձագործություն ևն) և առևտրով։ Բնակվում էին Փոքր և Մեծ Բենգիլեր, Բեզիրջյուն արտ, Հողդար, Փաշա պարտեզ, Պարույրի արտ, Քոսե–դարա, Դավրան–Բահիր, Կայսերի դուռ, Հասանլի, Սև հողեր և այլ թաղերում ու փողոցներում։ Տարբեր ժամանակներում հիմնադրվել էին Ազգ․ հիվանդանոց, Աղքատախնամ ընկերություն, որբանոց, մանկապարտեզ և այլ բարեգործ․, ինչպես նաև ազգային–մշակութային կազմակերպություններ («Սենեքերիմյան», «Անձնվեր», «Լուսաբեր»)։ 1870-ից գործում էր թատերական ընկերություն։ Լուսավորչական հայերն ունեին արական տասն (Արամյան, Թարգմանչաց, Ներսիսյան, Սահակյան, Ս. Փրկիչ, Ռուբինյան, Թորգոմյան, Մխիթարյան, Հողդարի, Սանասարյան) և