Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1946-ին ավարտել է Հռոմի Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ 1952-ին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Գասմանի հետ) «Իտալական արվեստի թատրոնը», ուր բեմադրած Շեքսպիրի «Համլետ»-ը Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Ջենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է 1962-ից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» (Միլան) ու Հռոմի օպերայում։ Գոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոևսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նան արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1948-ից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսներն («Լուսնի երեք քառորդը», 1953, «Նրա դերը պատմության մեջ», 1955, «Ռոմանիոլա», 1957, «Սեպտեմբերի 8», 1972, վերջինը Է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ ևն) ուղղված են ֆաշիզմի դեմ և աչքի են ընկնում սուր քաղաքական պաթոսով։

ՍՖԱԼԵՐԻՏ (< հուն․ ocpaXepoQ – անկայուն, խաբուսիկ), ցինկախաբ, սուլֆիդների կարգի միներալ, քիմիական կազմությունը՝ ZnS (67,1% Zn և 32,9% Տ), իզոմորֆ խառնուրդներ՝ Fe, Mn, Cd, Ge, Jn, Co, Hg։ Fe-ով հարուստ տարբերակները կոչվում են մարմատիտ, իսկ անգույն և թույլ գունավորվածները՝ կլեյոֆան։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային, հեքսագոնային է։ Հանդիպում է հատիկավոր ագրեգատների կամ բյուրեղների ձևով։ Անխառնուրդ սֆալերիտը անգույն է։ Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 3900–4100 կգ/մ3։ Առաջանում է հիդրոթերմալ, ինչպես նաև նստվածքային հանքավայրերում։ Սֆալերիտը ցինկի հիմնական հանքանյութն է։

ՍՖԵՆ, սփեն (հուն․ a(piiv – սեպ․ անվանումը կապված է սֆենի բյուրեղների ձևի հետ), տես Տիտանիտ։

ՍՖԵՐԻԿ ԱԲԵՌԱՑԻԱ (< հուն․ Otpatpa – գունդ և աբեռացիա), տես Օպտիկական համակարգերի թերություններ։

ՍՖԵՐՈԼԻԹ (< հուն, oqpatpa – գունդ և ...լիթ), ռադիալ–ճառագայթային կառուցվածք ունեցող գնդաձև առաջացում, որը կազմված է անորոշելի բյուրեղային նյութի նրբագույն թելիկներից։ Սֆերոլիթները հանդիպում են մագմատիկ և նստվածքային ապարներում։ Սիներալային կազմը և մեծությունը տարբեր են։ Սֆերոլիթները մագմատիկ ապարներում դիտվում են որպես ներծին կոնտակտային առաջացումներ դիաբազների եզրամասերում։ Նստվածքային ապարներում հանդիպում են կարբոնատային, մանգան–երկաթային, ֆոսֆատային, խալցեդոնային սֆերոլիթներ։ Շատ սֆերոլիթներ ծագմամբ նման են կոնկրեցիոն առաջացումներին (տես Կոնկրեցիաներ)։

ՍՖԻՆՔՍ, Սփինքս, Սփիգս (հուն․ ZqpCv!)» երևակայական հրեշ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է լույսի աստված Տյուփոնի և հրեշ Եքիդնայի զավակը։ Պատկերվել է կնոջ դեմքով ու կրծքով, առյուծի մարմնով ու թռչնի թևերով։ Հերա դիցուհու կամքով իբր բնակվելով Թեբեի մերձակա ժայռի վրա (կամ քաղաքի հրապարակում)՝ Սֆինքսը պատուհասել է բոլոր նրանց, որոնք չեն լուծել նրա առաջարկած հանելուկը («կենդանի Էակներից ո՞վ է առավոտյան քայլում չորս, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք ոտքով»)։ Ի վերջո, հանելուկը լուծել է Թեբե ժամանած Եդիպոսը՝ պատասխանելով, որ այն մարդն է՝ մանուկ, չափահաս և ծեր հասակներում։ Հուսահատ Սֆինքսը նետվել է անդունդը (ըստ այլ տարբերակի՝ սպանվել է Եդիպոսի հետ մենամարտում), իսկ Եդիպոսը հռչակվել է Թեբեի թագավոր։ Այլաբանորեն Սֆինքսը նշանակում է հանելուկային մարդ, հանելուկ։

Սֆինքսի կերպարը փոխառված է Հին Եգիպտոսից, որտեղ նա պատկերվել է առանց թևերի, համարվել փարավոնի պահապան ոգին, մարմնավորել նրա սրբազան իշխանությունը։ Եգիպտական Սֆինքսի ամենախոշոր արձանը (Մեծ Սֆինքս) պահպանվել է Գիզեում, Խեֆրեն փարավոնի (մ․ թ․ ա․ XXVIII դ․) բուրգի մոտ։

ՍՖԻՆՔՍՆԵՐ (Sphingidae), մթնշաղային թիթեռների ընտանիք։ Խոշոր ու միջին մեծության (թևերի բացվածքը՝ 2–18 սմ), արագաշարժ, գունավոր նախշերով թիթեռներ են։ Մարմինը հաստ է, իլիկաձև, առջևի թևերը նեղ են, երկար, ետինները՝ հաստ ու կարճ։ Թրթուրը խոշոր է, գլանաձև, մերկ, սնվում է տերևներով և մերկացնում բույսի ընձյուղը։ Հարսնյակավորվում է հողում։ Հիմնականում բուսակեր են։ Հազվադեպ են հանդես գալիս զանգվածաբար, և նրանց տված վնասն աննշան է։ Հայտնի է սֆինքսների ավելի քան 1200 (ՍՍՀՄ–ում՝ 70, ՀՍՍՀ–ում՝ 22) տեսակ, տարածված գլխավորապես Ամերիկայում։

Սֆինքսների բազմաթիվ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է, իսկ մի քանիսը գտնվում են անհետացման եզրին։ ՀՍՍՀ Կարմիր գրքում են գրանցված գանգաթիթեռը (Acherontia atropos), որը Եվրոպայի ամենամեծ թիթեռներից է, գլխին ունի գանգ հիշեցնող դեղնավուն պատկեր (այստեղից՝ անվանումը) և դափնեվարդի սֆինքսներ (Deilephila nerii), որը համարյա չի հանդիպում։ Համեմատաբար հազվադեպ են նաև սոճու, բարդու սֆինքսներ ևն։ Գծավոր սֆինքսները և մասամբ չիչխանի սֆինքսները հաճախ հանդես են գալիս մեծ քանակությամբ և կարող են վնասել առաջինը խաղողի վազերին, երկրորդը՝ փշատենուն։

Ս․ Միրզոյան

ՍՖՐԱՆՑԵՍ (Ֆրանցես) Գեորգիոս (Zqppavtjfjs Ггсор7Ю£) (1401 – 1477/78), բյուզանդական պատմիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ։ Պալեոլոգոսների հարստության վերջին երեք կայսրերի օրոք էական դեր է խաղացել օսման, սուլթանության և արևտաեվրոպական երկրների հետ դիվանագիտական բանակցություններում։ Գրել է պատմական երկ («Փոքր ժամանակագրություն»), որն ընդգրկում է իր ապրած ժամանակի կարևոր իրադարձությունները։ XVI դարից Սֆրանցեսին է վերագրվել ևս մեկ պատմական երկ՝ այսպես կոչված «Մեծ ժամանակագրությունը» (բովանդակում է Բյուզանդիայի 1258–1481-ի պատմական իրադարձությունները), որն իրականում 1570-ական թթ․ կատարված բանաքաղություն է։ 1760-ական թթ․ Մելքիսեդեկ Թարգմանը (Բանասեր) և Հարությունը «Մեծ ժամանակագրությունը» Կ․ Պոլսում թարգմանել են հայերեն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռնարկություն N N 2644, 9886)։

Գրկ. Джагацпанян Е․ Д․, Большая хроника Псевдо-Сфрандзи в историографии,

«ԲԵՀ», 1979, N 2։ Նույնի, Мировоззрения византийского историка XVв․ Георгия Сфрандзи, в кн․։ «Кавказ и Византия», в․ 3, Е․, 1982․

Ե․ Ջաղացպանյան